Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց Պավել Մանուկյանի վերաբերյալ գործով հարցաքննել դատավոր Արտուշ Գաբրիելյանին
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին վիրավորելու վերաբերյալ Պավել Մանուկյանի մասնակցությամբ գործի քննությունը սկսվեց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ այս գործով առաջին դատական նիստը:
Խոսքը, հիշեցնենք, Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի մասին է: Մանուկյանն, ըստ մեղադրանքի, 2017-ի հուլիսի 26-ին կայացած դատական նիստին չի ենթարկվել դատարանի օրինական պահանջին, շարունակել է առանց նրա թույլտվության խոսել դատական նիստի ընթացքում, որից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը Մանուկյանին տասը ժամով նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել: Մանուկյանն էլ, ըստ առաջադրված մեղադրանքի, ոտնձգելով արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ` դատավորին անվանելով «ցռան մոզի»:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Պավել Մանուկյանին դուր չեկավ, որ դատավորն իրեն «ամբաստանյալով» դիմեց: Նա սկսեց իր վերաբերմունքն արտահայտել իշխանությունների, նկատմամբ, վիրավորական արտահայտություն արեց Սերժ Սարգսյանի հասցեին, և դատավորը հորդորեց նիստի ընթացքում որևէ անձի չվիրավորել:
«Հենց իրերն իրենց անունով ենք կոչում, դատավորների ջանը քոս է ընկնում»,- հակադարձեց Պավել Մանուկյանը: Դատավոր Սերգեյ Մարաբյանը, սակայն, րոպեների ընթացքում կարողացավ դահլիճում աշխատանքային մթնոլորտ ստեղծել ու շարունակել նիստը:
Դատարանն այսօր հետաձգեց Պավել Մանուկյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի երկու միջնորդությունները: Դրանցից մեկը վերաբերում էր գործը կարճելուն, իսկ մյուսը` դատավոր Արտուշ Գաբրիելյանին այս գործի շրջանակներում հարցաքննելուն:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատավոր Ատուշ Գաբրիելյանը որևէ հաղորդում չի ներկայացրել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին: Փաստաբանն ընդգծեց, որ Արտուշ Գաբրիելյանն անգամ չի հարցաքննվել այն դեպքում, երբ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքն ուղղակիորեն կապված է դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հետ:
«Նախաքննական մարմինը քրեական գործը հարուցել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, բայց ակնհայտ է, որ դատարանը ներկայացնում է դատավորը, ում պատիվն ու արժանապատվությունը, ըստ մեղադրանքի վիրավորվել է»,- նկատեց Ինեսսա Պետրոսյանը և ընդգծեց, որ նախաքննական մարմինը պետք է հարցաքններ Արտուշ Գաբրիելյանին ու պարզեր` արդյոք նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորե՞լ է:
Ինեսսա Պետրոսյանի խոսքով` գործով միայն մի քանի կարգադրիչի ուղղորդված ցուցմունքներ են: Ըստ փաստաբանի` նախաքննական մարմինն անօրինական քննություն է կատարել` դատարանին դիտարկելով ոչ թե որպես սուբյեկտ, այլ դատարան, որը նույնիսկ ենթակա չէ հարցաքննության: Նման պայմաններում, ըստ Ինեսսա Պետրոսյանի, այս քրեական գործը ենթակա է կարճման:
Այն բանից հետո, երբ դատավոր Սերգեյ Մարաբյանը հետաձգեց այս միջնորդության քննությունը, Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց Արտուշ Գաբրիելյանին դատակոչել ու հարցաքննել: Փաստաբանը նշեց, որ պաշտպանական մարտավարությունից ելնելով` չի ցանկանում նշել այն հնարավոր հարցերը, որոնք ինքը պատրաստվում է տալ Գաբրիելյանին, սակայն դրանցից մեկն, այնուամենայնիվ, նշեց. պետք է պարզել՝ արդյոք Արտուշ Գաբրիելյանը վիրավորվել է:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Պավել Մանուկյանը հայտարարեց` ինքը ցանկանում է, որ Գաբրիելյանին դատակոչեն:
«Անպայման, համ էլ կարոտել եմ: Լավ մարդ ա Գաբրիելյանը, բերեք, մի հատ տեսնենք: Որպես մարդ՝ հետը քեֆի էլ կգնայի, բայց որպես դատավոր...», - հայտարարեց Պավել Մանուկյանը:
Դատավորն այս հարցի քննությունը ևս հետաձգեց: Այսօր դատարանն անցավ գործով դատաքննության: Մեղադրանքն ընթերցելուց հետո Պավել Մանուկյանը հայտարարեց, որ այն չի ընդունում:
Այսօր դատական նիստերի դահլիճում ցուրտ էր: Ամբաստանյալ Մանուկյանի մյուս պաշտպանը` Հարություն Բաղդասարյանը հայտարարեց այն մասին, որ Մանուկյանը ոտքի հատվածում ցրտի պատճառով ցավեր ունի:
Մանուկյանը, հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել էր: Վերջինիս ոտքը վիրահատված է, դրանում մետաղական հատվածներ են տեղադրված:
Մանուկյանը հայտարարեց, որ իրեն այսօր «Վիլիսով» են դատարան բերել և դատավորին խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի գազելով տանեն: Դատավորը նշեց, որ թեև դա իր իրավասության մեջ չի մտնում, բայց կխնդրի համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 2-ին:
Մեկնաբանել