
Երևանյան լճի ստարտափ․ ծրագրի հեղինակներն առաջարկում են սմարթ այգի հիմնել
Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Ձևափոխիր» մրցույթի երրորդ տեղը զբաղեցրած Սոնա Թելունցը և Զորի Մկրտիչյանը ներկայացրել են «Երևանյան լիճ սմարթ պարկ» ծրագիրը, ըստ որի` Երևանյան լճի հարակից տարածքում նախատեսվում է ստեղծել սմարթ այգի։ Սոնա Թելունցը «Հետք»-ի հետ զրույցում ներկայացրեց ծրագիրը։
Լուսանկարում՝ Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արմեն Ավակ Ավակյան, Սոնա Թելունց և Զորի Մկրտիչյան
- Սոնա, կպատմեք` սմարթ այգին ի՞նչ է իրենից ներկայացնում։
- Երևանյան լճի հարակից տարածքում՝ ռուսական եկեղեցու հետնամասում, մոտ 10 հեկտար հողակտոր կա, առաջարկում ենք այնտեղ սմարթ այգի հիմնել։ Հայաստանում այգիներն առհասարակ կանաչապատ տարածքներ են, ուր գնում են համայնքների բնակիչները։ Այսինքն` այգին բիզնես կոնցեպտ չի պարունակում, մենք առաջարկում ենք հիմնել այնպիսի այգի, որը կպարունակի բիզնես կոնցեպտ, ոչ միայն կփակի իր ծախսերը, այլև կստեղծի աշխատատեղեր, ինչու չէ զբոսաշրջիկների կներգրավի։
Քանի որ Երևանյան լճի հարակից տարածքն է, փորձել ենք այդ կերպ որոշակի էկոլոգիական խնդիրներ լուծել, քանի որ լիճն աղտոտվածության բարձր մակարդակ ունի, բայց միևնույն ժամանակ ստրատեգիական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։ Լճի մաքրումն ու պահպանումը մեծ ծախսերի հետ է կապված, մենք որոշակիորեն փորձել ենք այս հարցերին էլ լուծում տալ։ Լիճը շատ մեծ տուրիստական պոտենցիալ ունի, որը, ցավոք, չի օգտագործվում։ Նման այգի Հայաստանում և կարծես թե ամբողջ աշխարհում չկա, Սան Ֆրանցիսկոյում փորձում են սմարթ քաղաքի գաղափարը ներդնել, բայց սմարթ այգի որքան էլ փնտրեցինք, չգտանք։
Մի շարք տարրերով է սմարթ կոնցեպտը արտահայտվում, ինչպես այգու ծախսերի օպտիմալացման համակարգով՝ ոռոգում, լուսավորություն և այլն։ Ոռոգումը կատարվում է սենսորների միջոցով, իրենք են հաղորդում այդ տարածքը չոր է, թե ոչ, որքան ջուր է հարկավոր և այլն, ինչ վերաբերում է լուսավորությանը, սենսորներն են որոշում այդ տարածքը լուսավորվի թե` ոչ, շարժ կա, թե` չէ, այսինքն՝ այս հարցով ջրի, պարարտանյութի, լուսավորության ծախսն էականորեն խնայվում է։ Սպորտային զոնայում լինելու են սարքավորումներ, որոնք ծախսած կալորիաները վերածելու են լուսավորության։ Այգին մի քանի զոնա է ունենալու՝ ռեստորան, մեծ հրապարակ՝ տարբեր իրադարձությունների կազմակեպման համար, սպորտ զոնա, աշխատանքային զոնա, դիտակետ, ընտանեկան զոնա, ռոմանտիկ զոնա՝ ֆոտոսեսիաների համար և այլն։
- Այգու մուտքը վճարո՞վի է լինելու։
- Մուտքը ոչ, բայց այգու տարբեր զոնաներ կլինեն վճարովի, օրինակ լինելու է ռեստորան, որը մասնավորի համար եկամուտ կստեղծի, կլինի աշխատանքային բացօթյա տարածք, որը սեղանները վարձակալությամբ է տրամադրելու, այսինքն՝ փոխշահավետ համագործակցության մոդել է, որը հնարավորություն է տալիս երկու կողմին էլ գումար աշխատել ու զբոսաշրջիկի համար այգին հետաքրքիր դարձնել։
- Ինչո՞ւ են քաղաքի բնակիչները, զբոսաշրջիկները նախընտրելու հենց այդ այգին, և արդյոք գները լինելո՞ւ են մատչելի։
- Շենգավիթն ամենամեծ վարչական շրջանն է, բայց այնտեղ մեկ այգի կա, այս տարածքում նման այգի հիմնելն ունի սոցիալական մեծ ազդեցություն, մասնավորապես համայնքների համար հանգստի վայր, լճի ավելի արդյունավետ օգտագործում, համայնքի բարեկեցության բարձրացում, ինչու ոչ` անշարժ գույքի թանկացում և այլն։
- Սոնա, նման ծրագրի միտքն ինչպե՞ս ծնվեց Ձեզ մոտ, ովքե՞ր են Ձեր թիմակիցները և ինչո՞ւ հավատացիք, որ կարող եք մրցանակի արժանանալ։
- Ծրագրի հեղինակներն ենք ես և Զորի Մկրտիչյանը։ Ես մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, բայց աշխատում եմ գյուղատնտեսական ոլորտում որպես ծրագրերի ղեկավար, այսինքն ծրագրեր գրելը, դոնոր գտնելը իմ աշխատանքն է, Զորին «Կուր» գինիներով հայտնի «Հայլենդ Սելլարս» ընկերության գործադիր տնօրենն է։ Հայկական էնդեմիկ սորտերից բարձրորակ գինիներ են արտադրում, որոնք սպառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Երբ մրցույթի մասին իմացանք, երկու գաղափար ունեինք, առաջինը Խնձորեսկի քարանձավային քաղաքի բարեկարգումն էր: Ես ինքս ծնունդով Խնձորեսկից եմ ու միշտ մտածել եմ, որ այն մեծ պոտենցիալ ունեցող տուրիստական վայր է, որը չի օգտագործվում։ Մյուս ծրագիրը Երևանյան լիճն էր, որն էլ առաջարկեց թիմակիցս։ Մենք գնացինք Խնձորեսկ, կամրջի շինարարությունից հետո ես այնտեղ չէի եղել, որոշակի բարեկարգումներ, ծրագրեր տեսանք ու հասկացանք, որ նոր բան չենք կարող առաջարկել, որը հաղթաթուղթ կլիներ մեզ համար, ուստի և որոշվեց Երևանյան լճի ծրագրով շարունակել։ Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը, ծրագիրը գրել ենք երեք օրում, բայց այդ երեք օրվանից առաջ մոտ երկու ամիս լճի ափերն ենք ուսումնասիրել` որոշելով, թե որ կետը որտեղ կլինի։ Երևանում ավելի քան 30 այգի կա, բայց բոլորը միայն կանաչ տարածքներ են, առավելագույնը ունեն սրճարան, այսինքն իրենք պետությունից փող ստացող, այլ ոչ թե եկամուտ տվող վայրեր են, դրա համար էլ փորձեցինք առաջ քաշել այս գաղափարը, որ այգին կարողանա փող աշխատող օրգանիզմ դառնալ։
- Ձեր թիմակիցը գինու արտադրության գործադիր տնօրեն է, այդ հանգամանքը չէ՞ր կարող օգնել ձեր մրցանակ ստանալուն։
- Իր աշխատանքը որևէ կապ չունի մեր առաջարկած ծրագրի հետ, պարզապես հետաքրքիր գաղափար ենք առաջակել, և ի դեպ, սկզբում չէինք պատկերացնում, որ կարող ենք շահել, առաջին փուլն անցնելուց հետո հասկացանք, որ բավական աշխատանք ենք տարել ու շարունակեցինք ավելի մեծ եռանդով ու լրջությամբ։ Օրուգիշեր աշխատեցինք, նախ անցանք քսանյակ, հետո հնգյակ։
- Որպես մրցանակ կարծես թե 5000 դոլարի հավաստագիր են տրամադրել, այդ գումարը բավարա՞ր է ծրագիրն իրականացնելու համար, ներդրողների դիմո՞ւմ եք, թե` ոչ։
- Բնականաբար բավարար չէ, ծրագրի նախնական գնահատմամբ` արժեքը 1,7 միլիոն դոլար է, որի 60%-ը կանաչապատման ու ճանապարհների կառուցման համար է նախատեսված, այնպես որ այդ 5000 դոլարն էական դեր չի կարող ունենալ։ Դեռ ներդրողների փուլին չենք էլ հասել, Զարգացման հիմնադրամի հետ դեռ պետք է աշխատանքներ տանենք, ծրագրերը բերենք այնպիսի տեսքի, որ հնարավոր կլինի ներդրողի դիմել։
- Շենգավիթը, Մալաթիա-Սեբաստիան ինչ-որ առումով մոնոպոլիզացված շրջաններ են, ուր ժամանցի վայրերը մեծամասամբ մեկ օլիգարխի են պատկանում, նախատեսո՞ւմ եք Ձեր ծրագրով գտնել այնպիսի ներդրողներ, որ մասնավորը ևս եկամուտ կարողանա ունենալ։
- Դեռևս ներդրման ձևաչափը պարզ չէ, այս ծրագրով կարող է և՛ պետությունը հետաքրքրված լինել, և՛ դոնոր կառույցը, և՛ մեկ անձ: Մոնոպոլ ներդրումները կանխարգելելու կարիք կա թե` ոչ, կամ ինչպես պետք է կանխարգելել, դա դեռ հստակ չէ։ Հնարավոր է մեկ ներդրող լինի, օրինակ նույն Նոյ թաղամասը մեր այգուն շատ մոտ է, մենք դիտարկում էինք օրինակ, որ թաղամասի հիմնադիրը կարող է ֆինանսավորել մեր այգին։ Դրանք դեռ տեխնիկական հարցեր են, որոնք պետք է քննարկել։
-Սոնա, ներդրող գտնելու դեպքում որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի այգին վերջնական տեսք ստանա, ինչպես ծրագրով է։
-Նվազագույնը չորս տարի պետք է կանաչապատումը վերջնական տեսքի բերելու համար, սակայն կան որոշակի ծառայություններ, որոնք հնարավոր կլինի մատուցել ի սկզբանե։ Ծրագրի չորրորդ տարում այգին կկարողանա իր ադմինիստրատիվ ծախսերը հոգալ։
Լուսանկարները՝ Սոնա Թոլունցի անձնական արխիվից
Մեկնաբանել