HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բոյկոտ, բողոքի ակցիա, իրավական վեճեր, 24 օր շարունակվող հացադուլ. «Սասնա ծռեր»-ի նիստն անցավ լարված մթնոլորտում

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում ապացույցների հետազոտման  փուլն է, սակայն այսօր ժամեր տևած դատական նիստին գոնե մեկ ապացույց չհետազոտվեց. քննարկման առանցքում 24 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Արմեն Բիլյանի կյանքի և առողջության, 21 օր հացադուլի մեջ գտնվող մյուս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պահանջների, նրա՝ պաշտպան ունենալ-չունենալու հարցերն էին:

Նիստի մեկնարկին դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ փաստաբան Հայկ Ալումյանի կողմից դատարան է ուղարկվել գրությունն այն մասին, որ փաստաբանը ստացել է նիստի օրվա և ժամի վերաբերյալ իրեն ուղարկված գրությունը, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ցանկություն է հայտնել, որպեսզի ինքը շարունակի իրականացնել նրա պաշտպանությունը՝ դատարան կներկայանա:

Փաստաբանը, սակայն,  հայտնել էր, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով ժամը 11:00-ին նշանակված նիստին կարող է ներկայանալ միայն 14:00-ին:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դատավորը պատրաստվում էր ընդմիջել նիստն ու այն շարունակել ժամը 14:00-ին, սակայն արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին ներկայացրեց 2017-ի դեկտեմբերի 28-ին ստացած  գրություն այն մասին, որ  իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար ՔԿՎ-ն անհրաժեշտ է համարում վարույթն իրականացնող մարմնի այսինքն`տվյալ դեպքում`դատարանի համաձայնությունը:

Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հացադուլ հայտարարելուց հետո կալանավորը տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

Այն խուցը, որտեղ մինչև հացադուլ հայտարարելը գտնվում էր Բիլյանը նախատեսված է 6-7 անձի համար, սակայն այնտեղ 12 անձ է տեղավորված: Դեռևս  2017-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած դատական նիստին Արմինե Ֆանյանը բանավոր կարպով դատարանին հայտնել էր, որ  ՔԿՎ-ն իր պաշտպանյալին տեղափոխելու համար անհրաժեշտ է համարում դատարանի թույլտվությունը, և դատավոր Մակյանը խոստացել էր դատական նիստից հետո միջոցներ ձեռնարկել:

Ինչպես պարզվեց այսօրվա նիստին, Մակյանը դեռևս դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած դատական նիստից հետո պաշտպան Արմինե Ֆանյանին առձեռն գրություն էր փոխանցել, որը փաստաբանը մուտքագրել էր ՔԿՎ: Գրության մեջ Մակյանը պահանջել էր նշել, թե արդյոք դատարանի թույլտվությունն անհրաժե՞շտ է Բիլյանին այլ ՔԿՀ տեղափոխելու հարցում, և եթե այո, ապա ՔՀՎ-ին խնդրել այդ մասին դատարանին սեղմ ժամկետում տեղյակ պահել, որպեսզի դատարանը կողմնորոշվի՝ ինչպես վարվել:

ՔԿՎ պետի առաջին  տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանից դատարանը հունվարի 8-ի գրություն էր ստացել այն մասին, որ Բիլյանին  բուժօգնության նպատակով  Արմավիր ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Փաստորեն, ՔԿՎ պետի երկու տեղակալների կողմից միևնույն հարցի վերաբերյալ երկու տարբեր պատասխաններ են ստացվել,  ուստի Ֆանյանը դատարանից խնդրեց լուծում տալ հարցին:

«Չգիտեմ՝  ով ինչ տեղեկանք  կտա, այս ամենն ինչ համար են անում, ով է անում, բայց ես դուրս չեմ գալու հացադուլից. իմ մահն եք ուզում, կստանաք»,- դատարանում հայտարարեց Արմեն Բիլյանը:

Նշենք, որ մեկ այլ ամբաստանյալ՝ Սմբատ Բարսեղյանը ևս 21 օր է, հացադուլի մեջ է. վերջինս նույնպես պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծիք հայտնեց, որ Արմեն Բիլյանի, ինչպես նաև Սմբատ Բարսեղյանի հարցին միտումնավոր լուծում չի տրվում, և դրա նպատակը նրանց  խոշտանգելն է:

Շուշանյանն, ընդունելով հանդերձ, որ կալանավորների տեղափոխման հարցը  դատարանի իրավասության հարցը չէ, միջնորդեց ֆորմալ կերպով տալ այդ համաձայնությունը:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ իշխանության ներկայացուցիչների գործողություննեը ևս մեկ անգամ արդարացնում են իրենց ապստամբությունը:

Մանուկյանը հայտարարություն էր անում, երբ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ:  Անուամենայնիվ, ամբաստանյալը շարունակեց հայտարարությունը, ապա ելույթ ունեցավ նաև Գագիկ Եղիազարյանը՝ հանրությանը փողոցային պայքարի կոչ անելով:

«Կանխե՛ք, այլապես կրկնվելու է «հաց բերողի» պատմությունն, ու դուք դուրս եք գալու ցույցերի»,- հայտարարեց Եղիազարյանը:

Այս ընթացքում դատարանը հրահանգեց Բիլյանի համար շտապօգնություն հրավիրել, նիստն ընդմիջվեց:

Բողոքի ակցիա՝ ՔԿՎ-ի դիմաց

Ընդմիջման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց շարժվել դեպի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ պահանջելով կատարել հացադուլի մեջ գռնվող «Սասնա ծռեր»-ի անդամների պահանջները: Մի խումբ քաղաքացիներ միացան բողոքի ակցիային և շարժվեցին դեպի ՔԿՎ:

Վերջիններս կարճ ժամանակով փակեցին փողոցը, ցուցարաներից մեկը՝ Կարապետ Ռուբինյանը հանդիպեց ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ: Վերջինս, Ռուբինյանի փոխանցմամբ, խոստացել է հարցին լուծում տալ, սակայն ցուցարարների պնդմամբ՝ իրենք խոստումներին չեն հավատում ու շարունակելու են պայքարը:

Բողոքի ակցիայից հետո քաղաքացիները դատարան բերեցին «Հայկական Նյուրնբերգը լինելու է», «Նուբարաշենի բանտ թե՞ կառափնարան», «Հաց բորող. 26 օր, Արմեն Բիլյան.24 օր, Սմբատ Բարսեղյան. 21 օր»  և մի շարք այլ գրություններով պաստառներ ու դահլիճում ևս բարձրացրին իրենց բողոքի ձայնը:

Բանավեճ՝ փաստաբան Հայկ Ալումյանի և դատավոր Մեսրոպ Մակյանի միջև

Ժամը 14:00-ի սահմաններում դատական նիստը շարունակվեց:

Այս գործով դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել, և վերջինս 4 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից:

Փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ` Բարսեղյանը հայտարարել է, որ հրաժարվում է իրենից, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը բառախաղի միջոցով փորձում է այլ կերպ ներկայացնել իրավիճակն ու չի ընդունել հրաժարումը: Ավելին, փաստաբանի խոսքով` այս նիստիc հետո Սմբատ Բարսեղյանը գրություն է ուղարկել դատարան և ևս մեկ անգամ հստակեցրել, որ հրաժարվում է Ալումյանից, սակայն այդ հանգամանքը ևս անտեսելով` դատավոր Մակյանը հայտարարել է, որ Ալումյանը շարունակում է մնալ Բարսեղյանի պաշտպանն, ավելին, նիստին չներկայանալու համար իր նկատմամբ դատական սանկցիա է կիրառել:

Դատավոր Մակյանն էլ նույն հարցի առնչությամբ պարզաբանեց է, որ նիստերի դահլիճից հեռանալիս Սմբատ Բարսեղյանը հայտարարել է, որ քանի դեռ ինքը ներկա չէ, հրաժարվում է Ալումյանից, և հաշվի առնելով, որ օրենքը նախապայմաններով պաշտպանից հրաժարվելու կարգ չի նախատեսում, ինքը ընկալել է, որ Բարսեղյանը չի հրաժարվել պաշտպանից:

Այս հարցի առնչությամբ այսօր տևական ժամանակ քննարկում տեղի ունեցավ փաստաբանի ու դատավորի միջև:

Նիստին ներկայացած Հայկ Ալումյանը խնդրեց իրեն ներգրավել որպես ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան: Դատավոր Մակյանը, սակայն նշեց, որ ինքը Ալումյանին գործի վարույթից չի հեռացրել, որ դատարանը չի ընդունել Սմբատ Բարսեղյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է Ալումյանից, հետևաբար, ըստ դատավորի, Ալումյանին ներգարվելու հիմք չկա, վերջինս կարող է մնալ նիտերի դահլիճում ու շարունակել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանությունը:

Ալումյանը սակայն, հակադարձեց, որ դատավորը չէ որոշողը `իր պաշտպանյալը կհրաժարվի իրենից, թե ոչ:

«Եթե անձն ընդհանրապես պաշտպանության իրավունքից հրաժարվի, դուք կարող եք չընդունել հրաժարումն այն դեպքերում, երբ օրենքով պաշտպան ունենալը պարտադիր է, բայց կոնկրետ իմ և իմ պաշտպանյալի մեջ դուք իրավունք չունեք մտնել. դա ձեզ օրենքով տրված չէ: Իմ պաշտպանյալն ինձնից հրաժարված է եղել 20.12.2017 թվականին տեղի ունեցած դատական նիստին, հրաժարումը տեղի է ունեցել կամավոր կերպով, այն պաշտպանի ներկայությամբ, ով իր պաշտպանությունն էր իրականացնում, այսինքն` պաշտպանից հրաժարվելու օրենքի երկու նախապայմանն առկա էր, իսկ մնացածը, կրկնում եմ, դուք չեք որոշում: Ձեզ առանց այն էլ օրենքով շատ լիազորոթյուններ են տրված, պետք չէ, որ ինքներդ ձեզ օրենքով չնախատեսված այլ լիազորություններ ևս տաք: Ես հիմա իրավաբանորեն Սմբատ Բարսեղյանի պաշտպանը չեմ, պատրաստ եմ  ներգրավվել: Եթե ինձ ներգրավում եք, մնում եմ, եթե ոչ,  հայտարարում եմ, որ ես Բարսեղյանի պաշտպանը չեմ և ես գնում եմ դահլիճից»,- հայտարարեց Ալումյանը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով, որ ինքն դեռևս դեկտեմբերի 20-ից, այսինքն՝ այն օրվանից, երբ Սմբատ Բարսեղյանը հայտարարել է իրենից հրաժարվելու մասին, ինքը դադարել է լինել նրա պաշտպանը:

Ալումյանի խոսքով՝ դեկտեմբերի 20-ի դատական նիստին Սմբատ Բարսեղյանը բոլորի համար շատ պարզ հայտարարել է, որ ինքը պաշտպանից հրաժարվում է:

«Որպեսզի բառախաղային մեկնաբանություններ տեղի չունենան, Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 24-ին ձեզ նաև գրություն ուղարկեց, որտեղ գրված էր.
«Կրկնում եմ և Ձեզ համար պարզաբանում, որ ես հրաժարվել եմ իմ պաշտպանից հենց այն նույն պահից, երբ որոշեցիք ինձ հեռացնել: Սկսած այդ պահից՝ ոչ պարոն Հայկ Ալումյանը և ոչ էլ այլ փաստաբան իրավասու չէ համարվել իմ պաշտպանը»,- Բարսեղյանի նամակն ընթերցեց Հայկ Ալումյանը և ընդգծեց, որ այս ամենի մասին հստակ իմանալով՝ դատավոր Մակյանը դեկտեմբերի 27-ին կայացած դատական նիստին  եզրակացրել է, որ ինքը՝ Ալումյանը, Սմբատ Բարսեղյանի պաշտպանն է:

«Դո՞ւք եք իմ  Սմբատ Բարսեղյանի փոխարեն որոշում. մենք ենք որոշում»,- դատարանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Մեսրոպ Մակյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստին Սմբատ Բարսեղյանը հստակ հայտարարել է. «քանի ստեղ չեմ, պաշտպանիցս էլ հրաժարվում եմ»:

Դրանից հետո, ըստ Մակյանի, ինքը ամբաստանյալին պարզաբանել է, որ նախապայմաններով պաշտպանից հրաժարում օրենքը չի նախատեսում, իսկ եթե առհասարակ հրաժարվում է, ապա դատարանն այդ հարցը պետք է քննարկման առարկա դարձնի և որոշում կայացնի պաշտպանից հրաժարումն ընդունելու մասին:

«Ես ձեր հարաբերությունների մեջ չեմ մտնում, ես ընդամենը ուզեցել եմ հստակեցնել՝ Բարսեղյանը պաշտպանից հրաժարվում է, թե ոչ, որպեսզի համապատասխան որոշում կայացնեմ, սակայն պաշտպանից հրաժարումը դեռևս չընդունած՝ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, և նա հեռացվեց նիստերի դահլիճից, որից հետո, ըստ Մակյանի, Ալումյանի ներկայությունը դատական  նիստին դարձել է պարտադիր, սակայն վերջինս հեռացել է դահլիճից, իսկ մյուս նիստին չի ներկայացել առհասարակ: Ներգրավելու խնդիր չկա, որովհետև դատարանը պետք է ընդուներ ձեզնից հրաժարումը: Դուք գործից հեռացված չեք, դուք որպես պաշտպան վարույթից ազատված չեք»,- պարզաբանեց Մեսրոպ Մակյանը:

«Ես ասացի այն, ինչ ասել է Սմբատ Բարսեղյանը, հակառակը կարո՞ղ եք ասել պարոն Ալումյան»,- դատարանին դիմելով ասաց Մակյանը:

Ալումյանը հորդորեց Սմբատ Բարսեղյանի խոսքերը մեկնաբանելիս բառախաղով չզբաղվել, պնդեց և դատարանին հորդորեց նկատի ունենալ, որ թեև ինքը դահլիճում է մնում, բայց Սմբատ Բարսեղյանի պաշտպանը չէ:

Ամբաստանյալները բոյկոտեցին դատական նիստը

Ապա շարունակվեց Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանի պահանջները կատարելու վերաբերյալ հարցի քննարկումը:

Դատավոր Մակյանը հարց բարձրացրեց, որ որևէ օրենքով ամրագրված չէ, որ անձին մի ՔԿՀ-ից մեկ այլ ՔՀԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը:

Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ իր համար միևնույն է, թե դատարանն ինչ օրենքով պիտի առաջնորդվի, քանի որ տեխնիկական խնդիրը չլուծելու պատճառով վտանգված է իր պաշտպանյալի կյանքը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ եթե անգամ օրենքը չի կարգավորում այս հարցը, ապա գոյություն ունի «բնական իրավունք» հասկացությունը:

«Մարդու կյանքի հարցն է դրված, իսկ մենք ընկել ենք բյուրոկրատիայի ետևից: Նորմատիվ ակտ եք ուզում վկայակոչենք. չկա այդպիսի օրենք. դատավոր եք, հարցին լուծում տվեք»,- հայտարարեց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ թեև այս հարցը կարգավորող նորմատիվ ակտ գոյություն չունի, Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է, Սահմանդրությամբ ամրագրված է նաև անձի առողջության պահպանումը, ուստի դատարանը կարող է առաջնորդվել Սահմանադրությամբ  և հարցին լուծում տալ:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ, շարունակելով նշեց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ պահվում են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, պահման պայմանները չեն կարող համարվել համատեղելի մարդու արժանապատվության հետ: Բացի այդ՝ Մուշեղ Շուշանյանն ընդգծեց, որ բացի այն հայտնի գործոններից, որոնց համար ամբաստանյալները ցանկանում են տեղափոխվել, գուցե այլ պատճառներ ևս կան, որոնց մասին նրանք չեն բարձրաձայնում:

Շուշանյանը նշեց, որ ըստ էության կալանավորին մի ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ տեղափոխելու հարցը որևէ օրենքով չի կարգավորվում: Այունամենայիվ, Շուշանյանը նշեց, որ «Սասնա ծռեր»-ի գործով այլ ամբաստանյալ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշման հիման վրա մի ՔԿՀ-ից տեղափոխվել է մեկ այլ ՔԿՀ, այսինքն`արդեն իսկ կա նման պրակտիկա:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Մեսրոպ Մակյանին  մեղադրեց ստեղծված իրավիճակում` նշելով, որ դատավորը հրաժարվեց տարրական հարցին լուծում տալ:

«Տեխնիկական խնդրի պատճառով մարդիկ խոշտանգվում են»,- հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ այս հարցը բարձրացվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին:

Դատավորը հակադարձեց, որ Արմինե Ֆանյանը միայն այսօր է համապատասխան գրություն ներկայացրել` կապված այս հարցի հետ:

Տևական քննարկումներից հետո դատավորը նշեց, որ ինքը  միայն այն գործառույթները կարող է իրականցնել որոնք իրեն տրված են օրենքով:

Դատավորը նշեց նաև, որ հարցի լուծումն իր իրավասության մեջ չի մտնում, հետևաբար ինքն այլ տարբերակ, քան ներկայացված միջնորդությունը մերժելն է, չունի:

«Այունամենայիվ, եթե ՔԿՀ-ն գտնում է, որ պետք է դատարանի համաձայնությունը, ապա դատարանը չի առարկում, որ Բիլյանը տեղափոխվի, քանի որ դատարանի համաձանությունն այս դեպքում, կրկնում եմ, անհրաժեշտ չէ»,- նշեց Մեսրոպ Մակյանը:

Ամբաստանյալներին, այունամենայնիվ, այս իրավիճակը չգոհացրեց. վերջիններս հայտարարեցին, որ քանի դեռ Բիլյանի և Բարսեղյանի պահանջները չեն կատարվել, իրենք չեն մասնակցի դատական նիստերին ու փորձեցին լքել նիստերի դահլիճը՝ նշելով, որ հրաժարվում են իրեն պաշտպաններից:

Ամբաստանյալներից միայն Բիլյանը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվում իր պաշտպանից և շարունակում է հացադուլը, իսկ Սմբատ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ ինքը պաշտպան չունի, նրանից հրաժարվել է դեռևս դեկտեմբերի 20-ին:

Այն բանից հետո, երբ Գագիկ Եղիազարյանը, Էդվարդ Գրիգորյանը եւ  Արեգ Կյուրեղյանը հայտնեցին պաշտպանից հրաժարվելու իրենց պատճառի մասին, վերջիններս, ինչպես նաև Սմբատ Բարսեղյանը դատական սանկցիայի միջոցով հեռացվեցին նիստերի դահլիճից:

Դատարանն ընդունեց բոլոր ամբաստանյալների՝ պաշտպանից հրաժարումն ու նկատի ունենալով, որ նիստերի դահլիճից հեռացված անձինք, փաստորեն, նաև պաշտպաններ չունեն, որոնք դատարանի դահլիճում կներկայացնեն նրանց շահերը, որոշում կայացրեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրանց պաշտպան տրամադրելու համար:

Դատական նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter