HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեղադրյալի աթոռին հայտնվել են դպրոցի արդեն նախկին տնօրենները

Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Սիս համայնքի միջնակարգ դպրոցի արդեն նախկին տնօրեն Սարգիս Սարգսյանին: Վերջինս տնօրենի պաշտոնում Սիսի դպրոցում աշխատել է  2012թ. հունիսի 20-ից մինչև 2017թ. օգոստոսի 30-ը:

Ըստ մեղադրանքի՝ 2014թ. մարտ ամսից մինչև 2017թ. ապրիլ ամիսը ներառյալ պաշտոնական դիրքն օգտագործելով, փաստաթղթերում ակհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ նա կատարել է պաշտոնեական կեղծիք և վատնելու եղանակով իրեն վստահված գույքի՝ դպրոցի ֆինանսական միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4.095.162 դրամի հափշտակություն:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Սարգիս Սարգսյանն իր ղեկավարած դպրոցի ուսումնական աշխատողների հրամանագրքով Արարատի մարզի Սիս գյուղի բնակչուհի Արևիկ Առաքելյանին 2014թ. մարտի 3-ին ընդունել է որպես տվյալ դպրոցի դռնապան, իսկ իր ազգական, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Գնել Հովսեփյանին՝ դպրոցի պահակ: Այնուհետև, 2015թ. հունիսի 1-ին Արևիկ Առաքելյանին ազատել է դռնապանի հաստիքից և նույն օրը տվյալ հաստիքին նշանակել է իր ազգական, Մասիս քաղաքի բնակիչ Արամ Ազարյանին:

Սարգիս Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 20-ին Արամ Ազարյանին ազատելով դպրոցի դռնապանի հաստիքից, նույն օրը նշված պաշտոնին նշանակել է Գնել Հովսեփյանին՝ նրան ազատելով դպրոցի պահակի պաշտոնից: Առանց վերջիններիս կողմից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու, մինչև 2017թ. ապրիլ ամիսը ներառյալ, նրանց կողմից դպրոց չհաճախելու և փաստացի իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, ստորագրել և Սիսի միջնակարգ դպրոցի կնիքով կնքել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր և դրանցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր վերջիններս տվյալ ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի:

Կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը ներկայացրել է հաշվապահություն, որոնց հիման վրա հաշվարկվել է Արևիկ Առաքելյանի, Գնել Հովսեփյանի և Արամ Ազարյանի աշխատավարձերը: Ըստ մեղադրանքի՝ կազմվել են հաշվարկված աշխատավարձի ցուցակներ և պետական կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին վերջիններիս օժանդակությամբ, նրանց անվամբ տնօրենն ամենամսյա աշխատավարձ է ձևակերպել և դուրս գրել պետական կազմակերպության ֆոնդից՝ դարձնելով Արևիկ Առաքելյանի, Գնել Հովսեփյանի և Արամ Ազարյանի սեփականությունը: Ըստ այդմ՝ նախաքննական մարմինը գտել է, որ վատնելու եղանակով Սարգիս Սարգսյանը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.095.162 դրամ:

Սարգիս Սարգսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիք) և 179-րդ հոդվածի 1-ին մասի (Առանձնապես խոշոր չափերով վատնում հատկանիշներով): Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը դեկտեմբերի 28-ին ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Առաջին դատական նիստը նշանակվել է հունվարի 17-ին:

Հափշտակության մեղադրանքից մինչև խարդախություն

Իսկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկնարկել է Երևանի «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ վերջինս, 2011թ. նոյեմբերի 25-ից զբաղեցնելով նշված դպրոցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի ստացման համար բանկերում առկա հաշվեհամարների վրա ԴԱՀԿ ծառայության կողմից դրվել է արգելանք:

ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ աշխատավարձերը ստացել են ուշացումներով, ինչն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին: 

Հերմինե Շափաղաթյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Գործն ուղարկվել է դատարան 2017թ. դեկտեմբերի 14-ին:

Հերմինե Շափաղաթյանի դեմ հարուցված է նաև մեկ այլ քրեական գործ և քննվում է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Հերմինե Շափաղաթյանը Մարիամ Ռուստամյանին աշխատանքի տեղավորելու պատրվակով 2017թ. օգոստոսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Բագրատունյաց 16 հասցեի մոտ հանդիպել է Ռուստամյանի հորը` Արթուր Ռուստամյանին և վերջինիս դստերը բարձր վարձատրվող` 151.000 դրամ ամսական աշխատավարձով աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումներ տալով` Արթուր Ռուստամյանից ստացել և հափշտակել է 385.768 դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար:

Այս գործն էլ դատարան է ուղարկվել 2017թ. դեկտեմբերի 26-ին:

Նրա դեմ 2017թ. մայիսից ընթանում է մեկ այլ քրեական գործ այս անգամ արդեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ Շափաղաթյանը մեղադրվում է խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար:

Իսկ 2017թ. հուլիսի 7-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հերմինե Շափաղաթյանին մեղավոր է ճանաչել հինգ դրվագներով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար և յուրաքանչյուր դրվագով նրան դատապարտել` տուգանքի 500,000 դրամի չափով:

Օրինակ մի դեպքում՝ սփյուռքի նախարարությունում որպես կրտսեր մասնագետ աշխատանքի ընդունվելու հարցում օգնելու և աջակցելու պատրվակով, 2014 թվականի հոկտեմբերին Մարիամ Փաշոյանից պահանջել ու Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի հարակից այգում ստացել է 611,370 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար, սակայն որևէ գործողություն չկատարելով, աջակցություն չցուցաբերելով՝ խաբեությամբ հափշտակել է վերջինիս խոշոր չափերով գումարը:

Պատիժները մասնակի գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ է նշանակել տուգանք` 800,000 դրամի չափով:

Հերմինե Շափաղաթյանի ղեկավարած տարիներին դպրոցի դեմ ներկայացվել են նաև քաղաքացիական հայցեր: Մասնավորապես՝ 13.03.2013թ. «ԿՈՄՊՅՈՒՏԵՐՈՆ» ՍՊԸ-ի և «Համո Սահյանի անվան թիվ 70 Հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համակարգիչների առք ու վաճառքի պայմանագիր, համաձայն որի դպրոցը գնել է 10 հատ համակարգիչ՝ պայմանով, որ ապրանքի դիմաց կվճարեն մատակարարման հաշիվը ստանալուց հետո 90 օրվա ընթացքում։ Ապրանքի գինը կազմել է 2.699.000 դրամ, որից 600.000 ՀՀ դրամը «Համո Սահյանի անվան թիվ 70 Հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը պայմանագրի համաձայն 13.03.2013թ. կանխավճարի տեսքով վճարել է «ԿՈՄՊՅՈՒՏԵՐՈՆ» ՍՊԸ-ին։ Սակայն, այդպես էլ չէր վճարել մնացածը, և ընկերությունը ստիպված էր եղել դատական կարգով գումարը ստանալ:

Լուսանկարում՝ Երևանի թիվ 70 դպրոցի շենքը / ognirdprocid.am

Մեկնաբանություններ (1)

գոհար
Ողբամ մեր ազգի վիճակը որովհետև սրանք ու սրանց նմաններն են դպրոցներ ղեկավարում:Անկեղծ խղճում եմ մեր երեխաներին այսպիսիի երկրում ապրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter