HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արաբկիրի խմելաջուրն աղտոտել է Արզնու թռչնաբուծարանը

Արզնի գյուղի բնակիչներից ոչ ոք չի կասկածում, որ 2003թ. հոկտեմբերի 25-ին Երեւան քաղաքի Արաբկիր թաղամասին մատակարարված աղտոտված ջրի «հեղինակը» «Արզնու տոհմային ԹՏԽ-ն» է: (Այդ օրը ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների` 387 հիվանդ բուժվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում): Այս հաստատուն կարծիքը հիմնավորում են նրանով, որ Արզնու անասնապահական համալիրից արտադրական կեղտաջրերը կոլեկտոր են լցնում առանց մաքրելու: æրաչափերը քանի դեռ չէին տեղադրել, այդ կոլեկտորով լիքը ջուր էր հոսում՝ քշելով-տանելով ամեն ինչ, եւ խցանումներ չէին լինում: Ջրաչափեր տեղադրելուց հետո բոլորը խնայում են ջուրը, եւ կոյուղագծի կոլեկտորով ներկայումս շատ քիչ ջուր է հոսում, որի պատճառով էլ չզտված արտադրական կեղտաջրերը խցանում են առաջացնում կոյուղում: Այդ իսկ պատճառով կոյուղագիծը Արզնի գյուղում խցանվել էր, եւ կեղտաջրերը դուրս հորդելով դիտահորից լցվել են Երեւան տանող խմելաջրի ամբարտակները: (Տես նաեւ Եվս 13 խմ անվճար ջուր՝ աղտոտված ջրի դիմաց

Արզնի գյուղի բնակիչները պատմում են, որ 2003թ. հոկտեմբերի 25-ին, երբ Երեւան քաղաքի Արաբկիր թաղամասին աղտոտված ջուր էր մատակարարվել, գյուղի միջով անցնող Աբովյան-Երեւան կոյուղու կոլեկտորի դիտահորից կեղտաջուրը բարձրացել ու ողողել է շրջապատը: Այնուհետեւ այն լցվել է համագյուղացի Գրիշի այգին, այդտեղից էլ թափվել ձորը, որտեղ գտնվում են Երեւանին խմելու ջուր մատակարարող ամբարտակները: 

«Կոյուղին գյուղի մեջ խցանվել էր, տարածքն սպասարկող «Հայջրմուղկոյուղու» Աբովյանի տարածքային բաժին առաջին ահազանգը ես եմ հնչեցրել: Ջրմուղի աշխատակիցները 1 օր ու գիշեր տրակտորով մաքրում էին այս տարածքը, ինչ ասես, թե չհանեցին միջից՝ սատկած հավեր, ոչխարի գլուխ, կոմբիկորմ եւ այլն»,- պատմեց Արզնու համայնքապետ Վենիամին Վենիամինովը: Նրա ասելով, գյուղի պատմության մեջ դա միակ դեպքն է, երբ դիտահորից կեղտաջուրը լցվել էր ձորը, որտեղով անցնում է Երեւանին ջուր մատակարարող Արզնի 2 ջրատարը: Գյուղացիները միմյանց ընդհատելով նկարագրում էին դեպքի մանրամասները՝ թվարկելով խցանված կոյուղու պարունակությունը, որից սարսափել են նաեւ ջրմուղի աշխատակիցները: «Հաջորդ օրը, երբ աղմուկ բարձրացավ, անգամ ավելով էին մաքրում հետքերը կորցնելու համար»,- հավելեցին գյուղաբնակները: 

Դեպքի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոսպիտալացվող հիվանդների օր-օրի ավելացող թվաքանակն էր եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցների ապարդյուն որոնումները: Վերջիններս երկար փորփրելուց հետո հայտարարեցին, թե վթարային այնպիսի վիճակ չեն հայտնաբերել, որը կարող էր նման չափերի վարակի տարածման աղբյուր հանդիսանալ: Այնուամենայնիվ, ջրի աղտոտումը դադարեցվեց առանց վթար հայտնաբերելու եւ վերացնելու: Վարակի աղբյուրը վերացնելը արզնեցիները պայմանավորում են միայն կոյուղու խցանումը վերացնելով, որով դադարեցվեց կեղտաջրերի հոսքը դեպի Արզնու ձոր՝ ամբարտակները: «Նախաքննությամբ պարզվել է, որ Արզնու աղբյուրների եւ Լամպերի գործարանի տարածքում կոյուղագծերի վթարներ են եղել, սակայն զննությամբ վթարի տեղը չի հայտնաբերվել, դեռեւս չի պարզվել այն անձը, որը մեղավոր է եղել կատարվածի համար, ուստի քրեական գործի վարույթը կասեցվել է»,- այս եզրակացությամբ ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտեց գործի նախաքննությունը, որից հազարավոր մարդիկ էին տուժել: Գործի վարույթը կասեցնելու որոշման մեջ ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես նշել էր, որ գետնի տակ երկար տարածությամբ կեղտաջրերը խառնվել են խմելաջրին:  

Եվ ահա, շատ անսպասելիորեն, «Արզնի ԹՏԽ» խորհրդի նախագահ Մարատ æանվելյանը որոշում է անձամբ արդարանալ հանրության առջեւ, երբ հրապարակավ ոչ մի տեղ նրա մեղավորության հարցը չէր հնչել: Նոյեմբերի 5-ին «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում նա հայտնում է. «Ոչ ոք չի եկել մեզ մոտ, ոչինչ չի ստուգել, բայց անպատասխանատու հայտարարություններ են արվում»: Նրա ներկայացրած միակ հակափաստարկն այս էր. «Եթե ջուրը վարակվել է մեզ մոտ, ապա ինչու մինչեւ Լամպերի գործարանն ընկած բնակավայրերի բնակիչները չեն հիվանդացել»: Երեւանի «Ջրմուղ-կոյուղուց» տեղեկացանք, որ Արզնի 2 ջրատարից մասնակիորեն սնվում է Քանաքեռ ավանը եւ Գետամեջ գյուղի մի փոքր մասը, որոնք ամառանոցներ են եւ աշնան կեսին հնարավոր է այնտեղ ոչ ոք չլիներ, մանավանդ որ անձրեւային օրեր էին: Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Արաբկիր համայնքում խմելու ջրից տուժածներից, պաշտոնական վիճակագրական տվյալներով, 7 դեպքն արձանագրվել է Քանաքեռ ավանում, որից 3-ը հոսպիտալացվել են: 

Ինչ վերաբերում է Մ. Ջանվելյանի այն արտահայտությանը, թե ոչ ոք չի գնացել նրանց մոտ եւ ոչինչ չի ստուգել, նշենք, որ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ում լինելու մեր մեծագույն ցանկությանը այնտեղ չընդառաջեցին: Ենթադրում ենք, որ ղեկավարությունը հյուրընկալ չի գտնվել նաեւ այլոց նկատմամբ: Բացի այդ, Աէրացիայի կայանի արտադրական կեղտաջրերի հսկողության պետ Վալերի Գրիգորյանը հայտնեց, որ իրենց տեսուչները նմուշներ վերցնում են միայն այն հիմնարկներից, որոնց տնօրենները բարեհամբույր են եւ թույլ են տալիս: «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի հետ կա ընդհանուր արտադրական կեղտաջրերի մաքրման պայմանագիր, սակայն նմուշահանում չեն կատարել այնտեղ, հետեւաբար չի կարող ասել, թե իրականում նրանք ինչպիսի ջուր են լցնում կոլեկտոր: 

Այս ամենն, իհարկե, սպասելի էր: Արզնու բնակիչները տարիներ շարունակ բողոքել են գարշահոտից, որը քամու հետ ավելի է սաստկանում երեկոյան ժամերին: Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի բնակիչները, 75 ստորագրությամբ, 1998թ.-ից սկսած ողողել են երկրի ղեկավարների փոստերը՝ ՀՀ կառավարությունից մինչեւ իրավապահ մարմիններ: «Ավանի հարեւանությամբ գտնվող առանց կոյուղագծերի շահագործված խոզաբուծական ֆերման մեր կյանքն ուղղակի անտանելի է դարձրել:

Համարյա ամբողջ օրվա ընթացքում գարշահոտ ենք շնչում, կեղտաջրերը, գոմաղբը թափանցում են ողջ ավանի տարածք, ստեղծում հակասանիտարական վիճակ»,- ասվում է նամակում: ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանին դիմելուց հետո առողջապահության նախարարությունում հանձնախումբ է ստեղծվել, որը ուսումնասիրություններ է կատարել անասնապահական համալիրում: Բնակիչներին ուղղված պատասխան նամակով նախարար Հ. Նիկողոսյանը տեղեկացրել է. «Ներկայումս տարածքային ՀՀ կենտրոնի հանձնարարականի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի ղեկավարությունն արդեն իսկ ձեռնարկել է անհետաձգելի միջոցառումներ՝ վթարային իրավիճակների կանխման նպատակով: Մասնավորապես, դադարեցվել է խափանված կոյուղագծի շահագործումը, եւ տնտեսության տարածքում կառուցվել են մեծածավալ կուտակիչներ՝ առաջացող կեղտաջրերի, գոմաղբի եւ թռչնաղբի կուտակման եւ վերամշակման համար»: Նախարարը միաժամանակ նշել է, որ ձեռնարկված միջոցառումներն ունեն ժամանակավոր բնույթ, եւ նախարարությունը հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումներ՝ առաջացող կեղտաջրերի, գոմաղբի եւ թռչնաղբի հեռացման հարցը հիմնովին լուծելու համար: 

99թ.-ին Կոտայքի մարզպետ Ս. Ստեփանյանը բնակիչներին պատասխանել է. «Մեր կողմից խիստ զգուշացվել է «Արզնի ԹՏԽ»-ի ղեկավարությանը հատուկ ուշադրություն դարձնելու եւ գործնական միջոցառումներ ձեռնարկելու գոմաղբահորերից ընդհանրապես հեղուկ շրջակա միջավայր չհոսելու ուղղությամբ»: Կոտայքի նախկին մարզպետը պատասխանել է, որ «Արզնի ԹՏԽ»-ն պարտավորվել է կոյուղի կառուցել: Ի վերջո կոյուղագիծը կառուցել են, որը միանում է Երեւան տանող ընդհանուր կոյուղագծին: Սակայն տեղացիները կրկին բողոքներ են հղել իշխանական տարբեր ատյաններին՝ նշելով, որ միայն փոսեր են փորվել կեղտաջրերի համար, որը վիճակի մեջ ոչ մի փոփոխություն չի մտցրել՝ «նույն գարշահոտն է ամբողջ օրվա ընթացքում, կրկին կեղտաջրերը հոսում են գյուղի տարածք ու շարունակում աղտոտել բնությունը»: 

Իրավիճակը նույնն է նաեւ այսօր. գյուղի խմելու ջրի դիտահորը, որտեղ կարգավորիչ պոմպակայանն է, այսօր էլ լցված է արտաթորանքով: Հարակից տարածքները ճահճացած են, ու գարշահոտություն է փչում: Հակահամաճարակային ծառայությունները միայն զգուշացնում են, որ խոզի արտաթորանքը բաց վիճակում հողում լցնելը կամ կուտակելը մարդու կյանքի համար վտանգավոր մի շարք համաճարակների տարածման աղբյուր է: «Ասում են՝ նա արտադրող է, չի կարելի բան ասել»,- իրենց բողոքներին «վերեւներից» տրված պատասխանն ամփոփում են գյուղացիները: 

Արզնու թռչնաբուծական համալիրը կառուցվել է խորհրդային տարիներին, որի համար գյուղի վարչատարածքից 54 հա է հատկացվել: Տեղացիները պնդում են, որ նախկինում հոտ չէր զգացվում, քանի որ շահագործումը կատարվում էր բնապահպանական եւ սանիտարահիգենիկ նորմատիվների պահպանմամբ, եւ կառույցը նախատեսված էր միայն թռչնաֆաբրիկայի համար: Սակայն ներկայումս նույն տարածքում նաեւ մեծ քանակությամբ խոզեր ու կովեր են պահում, որն անթույլատրելի է: Մանավանդ, երբ Արզնի գյուղի ու ֆերմայի միջեւ գոյություն ունեցող սանիտարապահպանական գոտին վաղուց վերացել է: Գյուղում վերջին տարիներին ավելացել է մի ամբողջ թաղամաս՝ Գետաշենը, որը բնակեցված է Արցախից բռնագաղթածներով: Սանիտարական նորմերի համաձայն, թռչնաբուծական ֆերմայի հեռավորությունը բնակավայրից պետք է կազմի 300մ, իսկ խոզաբուծական ֆերմայինը՝ 500մ: Փաստացի Գետաշեն թաղամասը «Արզնու տոհմային ԹՏԽ»-ից մի մայրուղի է բաժանում՝ 100մ հեռավորությամբ, որտեղ օրվա բոլոր ժամերին գարշահոտ է փչում:

Բնապահպանության նախարարության Մթնոլորտի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը հայտնեց, որ «Արզնի ԹՏԽ»-ն իրենց թույլտվությունը ժամանակին չի ստացել հենց մթնոլորտի պահպանության առումով նորմատիվային պահանջները չբավարարելու համար: «Այնտեղ գերնորմատիվային վիճակ է եւ կոմպլեքս ուսումնասիրություն է պետք»: Նախարարությունը օրերս մեզ տեղեկացրեց, որ հաստատման փուլում են ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմաները: Նախարարությունը մեզ միաժամանակ տեղեկացնում է. «2004թ. հուլիսի 20-ին հաստատվել է «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի ջրօգտագործման եւ ջրահեռացման անհատական եւ կեղտաջրերով կոյուղու կոլեկտոր թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային նորմաները»: Փաստորեն, նախարարությունը հարցին անդրադարձել է միայն հուլիսի 8-ին արված մեր գրավոր հարցումից հետո, որով դիմել էինք իրավիճակին ծանոթանալու համար: 

Այս ամենը մեզ թույլ է տալիս ասել, որ «Արզնի ԹՏԽ»-ն գործում է բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ ոչ մի չափանիշի չենթարկվելով եւ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին, գոնե արզնեցիների համար անսպասելի չէր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter