
Երեւանի բյուջեից 17 մլն դրամ՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի ընկերությանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին մի քանի կարգադրությամբ Երևան համայնքի բյուջեից «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն 17 մլն 116 հազար 500 դրամ հատկացրեց՝ գնումներ կազմակերպելու համար։
Այդ գումարից 5 մլն 40 հազար դրամը տրամադրվելու է քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկագիր-հաշվետվության տպագրությանն աջակցելու նպատակով։ 5 մլն 850 հազար դրամ էլ՝ Երևան քաղաքի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ վարչական շրջանների ամփոփ տեղեկագրերի տպագրությանն աջակցելու նպատակով։
2018թ. Երևանի պատկերանշանով օրացույցների և օրացույցի պայուսակների հրատապ տպագրման աշխատանքներին աջակցելու նպատակով հիմնադրամին փոխանցվեց 3 մլն 832 հազար 500 դրամ։
Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների անունից մայրաքաղաքի բնակիչներին ուղղված շնորհավորական բացիկների ձեռքբերման համար փոխանցվել է 2 մլն 394 հազար դրամ։
Այս բոլոր ծառայությունների մատուցման համար պայմանագիր է կնքվել «Սամարկ» ընկերության հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։ 2002 թվականից դրա միակ սեփականատերը քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն է։
Մեկնաբանել