HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին' ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ' հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին' Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Հիշյալ դեպքի առթիվ 15.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:

Հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ' հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter