HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ապրանքներն են ամենից շատ թանկացել դեկտեմբերին

Գնաճը տարվա կտրվածքով

2017 թվականին (հունվար-դեկտեմբեր) սպառողական ապրանքների գները Հայաստանում 2016 թվականի համեմատ միջինում աճել են 1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած տվյալներից։ Առանձին վերցրած զգալի թանկացել են սնունդն ու խմիչքը, ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը։ Մասնավորապես` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խիմչքը թանկացել են 4.1%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 3.2%-ով։

Վիճծառայության հաշվարկներով՝ այս ընթացքում 4.6%-ով էժանացում է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝ բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ։ Ծառայություններից թանկացել են ռեստորանային և հյուրանոցային, հանգստի և մշակութային ոլորտի ծառայությունները, տրանսպորտը և այլն։

Գնաճը դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ

Կրկին վիճծառայության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Ամենից շատ թանկացել են միրգն ու բանջարեղենը։ Բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%:

Վերոնշյալները ապրանքատեսակները, սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) ցուցանիշի կառուցվածքում ունենալով 8.58% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.48 տոկոսային կետով: Նույն ընթացքում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1.5-4.3% գնաճ, հրուշակեղենի ապրանքախմբում՝ 0.1% գնաճ։

Գնաճը դեկտեմբերին՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ

Գներիդինամիկան, այսպես կոչված, սեզոնայնություն ունի։ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերին, որպես կանոն, սպառողական ապրանքների մի մասի գները բարձրանում են։ Գնային տատանումները դիտարկելիս, եթե հաշվի ենք առնում սեզոնայնությունը, ապա ավելի ճիշտ է, երբ տվյալ ամսվա գները համեմատում ենք նախորդ տարվա նույն ամսվա գների հետ։

Այսպես, 2017թ. դեկտեմբերին 2016-ի նույն ամսվա համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 2.6%-ով, այդ թվում` սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) թանկացել են 5.3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1.7%-ով, իսկ ծառայությունների սակագները ընդհանուր առմամբ նվազել են 0.5%:

Վիճծառայության հրապարակումներում կարելի է գտնել տվյալներ, թե տոկոսային առումով որ ապրանքներն են ավելի շատ թանկացել դեկտեմբերին 2016-ի նույն ամսվա նկատմամբ։ Ինչպես սպասում էինք, այստեղ «առաջատարը» կարագն ու միսն են։ Հետ չեն մնում նաև լոլիկը, կարտոֆիլը, ձուկը և այլն։ Իսկ ոչ պարենային ապրանքներից՝ դիզելային վառելիքն ու բենզինը։ Ինֆոգրաֆիկայի աջ մասում ներառել ենք նաև նված ապրանքների տեսակարար կշիռը (%-ով) սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում։

Դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ինչպես նաև՝ ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ: Գնանկման միտում է գրանցվել խնձորի, սխտորի, հնդկացորենի, խառը կանաչիի և այլ շուկաներում։ Հիշեցնենք, որ բնակչության ծախսերի կազմում սնունդը զբաղեցնում է 40%-ից ավելին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter