Այս շտեմարանները դժվար է անգիր անել
2012թ. դիմորդները «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունները հանձնելու համար ձեռքի տակ ունեն համապատասխան շտեմարաններ` բաղկացած երկու մասից: Հաջորդ տարվա սկզբին ԳԹԿ-ն լույս կընծայի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարանի նաև 3-րդ և 4-րդ հատորները: Միասնական քննությունների թեստերը շտեմարանից դուրս հարցեր չեն ընգրկելու:
-Այս դեպքում դիմորդները չե՞ն փորձի անգիր անել շտեմարանի պարունակությունը:
Գայանե Մանուկյան` ԳԹԿ մամուլի քարտուղար - Անգիր անել հնարավոր չէ: Առաջադրանքները շատ են. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարանը ընդգրկում է 5000 հարց: Բայց տարեցտարի այդ առաջադրանքներն ավելանալու են, որպեսզի կանխվի անգիր անելու ցավալի երևույթը: Շտեմարանները հնարավորություն են տալիս, որ քննական հարցերը դիմորդների համար կանխատեսելի լինեն: Նման որոշում կայացվել է վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ: Չնայած քննական բոլոր թեստերը և առաջադրանքները կազմվում են դասագրքերի շրջանակներում, բայց երբեմն լինում են անակնկալ հարցեր, ինչպես նաև անճշտություններ: Եվ որպեսզի խուսափենք դրանցից, առաջ քաշվեց շտեմարան ստեղծելու գաղափարը: Այսինքն` դիմորդը նախքան քննական թեստը հանձնելը ծանոթ կլինի առաջադրանքներին: Տարեցտարի կհարստացնենք առաջադրանքների բազան, կհասցնենք տասը հազարի, եթե ոչ ավելի: TOEFL հայտնի քննության առաջադրանքները դիմորդներին ևս հայտնի են, բայց այնքան շատ են, որ որևէ մեկը անգիր անել չի կարող:
Միրցա Հալաջյան` ԳԹԿ-ի «Քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության» բաժնի գլխավոր մասնագետ (հայոց լեզու և գրականություն) - Առանց գիտելիք ունենալու՝ շտեմարանն անգիր անել հնարավոր չէ: Դիմորդի համար ուսումնական ձեռնարկ են իր դասագրքերը, իսկ շտեմարանը գիտելիքները ստուգելու, համակարգելու համար է: Երբեմն դժգոհություններ եմ լսել, թե ինչու են առաջադրանքներն այդքան շատ: Բայց եթե դիմորդին սովորեցրել են, թե, օրինակ, ինչ է հանգման անուղղակի խնդիրը, ի՞նչ նշանակություն ունի` այդ երևույթի վերաբերյալ տրված է տա՞սը առաջադրանք, թե՞ հարյուր:
-Իսկ կրկնուսույցների դպրոցը չի՞ վերականգնվի: Չէ՞ որ դիմորդի հետ շտեմարանով պարապելն ավելի հեշտ է:
Միրցա Հալաջյան - Մենք ոչ նպատակ ենք դրել կրկնուսույցի գործը հեշտացնելու, ոչ էլ նպատակ ունենք բարդացնելու: Այդ դպրոցը երբեք էլ վերացված չի եղել: Չգիտեմ` ինչն է պատճառը, բայց դա ԳԹԿ-ի խնդիրն էլ չէ: Բնականաբար, եթե դպրոցի ուսումնական պրոցեսը ընթանա բարձր մակարդակով, կրկնուսույցի անհրաժեշտություն գուցե չառաջանա: Չնայած ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում. հնարավոր է, որ 12 տարի դպրոցում սովորած աշակերտը կարիք ունի իր գիտելիքները թարմացնելու, վերականգնելու:
-Թեստերում ընդգրկված են բառեր, որոնք դիմորդը չի հասկանա, ինչքան էլ պատրաստված լինի քննությանը: Դրանք միայն բառարանում ապրող բառեր են:
Միրցա Հալաջյան - Շտեմարանում ձգտել ենք ներկայացնել այնպիսի բառացանկ, որը լինի անվիճելի բոլոր առումներով` խստորեն հետևելով ուղեցույցի պահանջներին, որի հեղինակը դարձյալ մենք ենք: Թեստերում, բացի գրական բառերից, չպետք է տեղ գտնեն ուրիշ այլ կարգի բառեր` բարբառային, խոսակցական, ժողովրդական, հնացած և այլն: Հնաբանությունները և պատմաբառերը տեղ են գտնելու միայն այն առաջադրանքներում, որոնք հենց այդ հարցադրումն ունեն, այսինքն՝ երբ անհրաժեշտություն լինի տարբերել հնաբանությունը ոչ հնաբանությունից, պատմաբառը ոչ պատմաբառից:
- Ովքե՞ր են ընդգրկված շտեմարանը կազմողների խմբում:
Գայանե Մանուկյան - Ահռելի խումբ է աշխատում: Նախորդ տարիների թեստ գրողներին, համալսարանի ամբիոններին, բոլոր հայտնի գիտնականներին հրավեր էր ուղարկվել ԳԹԿ-ի կողմից` մասնակցելու շտեմարանի կազմման աշխատանքներին: Ուզում եմ շեշտել, որ ԳԹԿ-ն ընտրություն չի կատարել, այլ բոլորին հրավեր է ուղարկել: ԳԹԿ-կողմից այս ամբողջ ծավալուն աշխատանքը կոորդինացրել են Միրցա Հալաջյանը, Աշխեն Ջրբաշյանը, Արշալույս Գալստյանը, Սամվել Մուրադյանը և այլք: Այս խմբում ուսուցիչներ էլ կան:
-Ճիշտ չէ՞ր լինի, եթե խմբում ավելի շատ ընդգրկված լինեին ոչ թե դասախոսներ, այլ ուսուցիչներ. նրանք ամեն օր են առնչվում դասագրքերի ուսումնական նյութին:
Գայանե Մանուկյան - Եթե ուսուցիչները չեն ուզում, ԳԹԿ-ն ի՞նչ անի: Նախարարը դիմել էր հանրակրթական բոլոր դպրոցներին, բոլոր ուսուցիչներին, որ մեզ ներկայացնեին առաջադրանքներ, թեստեր: Նրանք իրենց տրամադրած թեստի դիմաց վճարվելու էին: Դպրոցներին դիմել էր ոչ միայն նախարարը, այլև ԳԹԿ-ն Երևանի կրթության վարչության միջոցով: Ցավոք սրտի, ուսուցիչները ակտիվություն չցուցաբերեցին: Եթե ներկայացնելու լինենք, թե որ դպրոցից քանի թեստ է եկել, պետք է ասենք, որ շատ քիչ թեստեր ենք ստացել: Երբեմն նույնիսկ մեր թեստերն էին արտագրում և ուղարկում մեզ:
-Ձեր կայքում (atc.am` ԳԹԿ-ի պաշտոնական կայք - Մ.Մ.) նշել եք, որ շտեմարանների սպառման համապատասխան քանակը ապահովելուց հետո պատրաստվում եք գրքերը տեղադրել կայքում` դիմորդներին ընձեռելով դրանցից անվճար օգտվելու հնարավորություն: Ինչպե՞ս եք որոշել «համապատասխան քանակը»:
Գայանե Մանուկյան - Շտեմարանը տպագրվել է 5000 օրինակով: Այդքանը վաճառում ենք, որպեսզի մեր արած ծախսերը դուրս գան, կարողանանք վճարել մեր մասնագետներին, ովքեր կազմում են թեստերը, հոգանք տպարանի ծախսերը և այլն: Իհարկե, քանի որ ԳԹԿ-ն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, վաճառքը իրականացնում է իրացնող կազմակերպությունների միջոցով, որոնց հետ կնքել է համապատասխան պայմանագիր: Շտեմարանների գինը սահմանել է ոչ թե ԳԹԿ-ն, այլ կառավարությունը. հայոց լեզվի և գրականության շտեմարանն արժե 2000, իսկ մաթեմատիկայինը` 2200 դրամ: Ի դեպ, նշեմ, որ շուկայում երբեմն հայտնվում են շտեմարաններ, որոնց վրա ոչ հեղինակի անուն է գրված, ոչ տպաքանակ… Մեր հրատարակած շտեմարանների վրա գրված է «Գնահատման և թեստավորման կենտրոն», իսկ առաջին էջում կա ԳԹԿ-ի կնիքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել