HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջնորդ քաղաքացու եւ կառավարության միջեւ

Հասմիկ Մկրտչյան

Կառավարության 3-րդ շենքի նորաբաց Տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալիս շենքում գտնվող 7 նախարարություններից տեղեկություն ստանալ՝ առանց նախարարությունների պաշտոնյաներին դիմելու։ Կենտրոնը գտնվում է շենքի առաջին հարկում։ Օրինակ` Կրթության եւ գիտության նախարարությունից որեւէ տեղեկություն ստանալու համար այլեւս հարկ չկա բարձրանալ 6-րդ հարկ, բազմաթիվ դռներ ծեծել՝ պարզելու համար, թե անհրաժեշտ տեղեկությունը ո՛ր պաշտոնյան պետք է տա։ Դա մեր փոխարեն հաշված վայրկյանների ընթացքում կանեն տեղեկատվական կենտրոնի մասնագիտացած աշխատողները։ 

Տեղեկատվական կենտրոնում յուրաքանչյուր նախարարություն ունի իր ներկայացուցիչը: Քաղաքացին որեւէ հարց ունենալու դեպքում բանավոր դիմում է Տեղեկատվության կենտրոնի համապատասխան նախարարության աշխատակցին: Կենտրոնի համակարգչային բազայում գրանցվում են դիմողի անուն-ազգանունը, անհրաժեշտության դեպքում` հեռախոսահամարը, հասցեն եւ այլ տվյալներ` հանդիպման օրը, ժամը, հարցը, դրա պատասխանը եւ պատասխանի ամսաթիվը: Հնարավորության դեպքում հարցմանը պատասխանում են անհապաղ։ Սակայն չի բացառվում, որ լինեն այնպիսի դեպքեր, երբ պատասխանը պահանջում է որոշակի աշխատանք, ճշգրտումներ։ Այդ իսկ պատճառով հարցումը գրանցելուց հետո քաղաքացուն տրամադրվում է հատուկ քարտ, որի վրա նշված են Տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարները եւ հարցման գրանցման համարը: Որոշ ժամանակ անց քաղաքացին պարզապես զանգահարում է նշված հեռախոսահամարով եւ աշխատակցին հիշեցնում քարտի վրա նշված գրանցման համարը: Դրա միջոցով էլ ստուգվում է` հարցին պատասխան տրվե՞լ է, թե ոչ: Եթե այո, քաղաքացուն հեռախոսով ասում են նաեւ պատասխանը, անհրաժեշտության դեպքում քաղաքացուն հրավիրում են Կենտրոն: 

«Կենտրոնը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ կատարված հետազոտության հիման վրա, որի համաձայն` ամեն տարի 50-ից 60 հազար քաղաքացի է դիմում շենքում գտնվող նախարարություններ եւ Ազգային վիճակագրական ծառայություն,-ասում է «Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի» աշխատակից Վահագն æրբաշյանը,-Կենտրոնը նպաստում է, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի մատչելի դառնա մարդկանց»։ 

Տեղեկատվական կենտրոնն ապահովված է համակարգչային նորագույն տեխնիկայով, որի շնորհիվ այստեղ արդեն գործում է համակարգչային ներքին ցանց: Ցանցին դեռեւս փորձնական միացված են 3` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության եւ Առողջապահության նախարարությունները: Սակայն շուտով, ինչպես նշում է Վահագն æրբաշյանը, Տեղեկատվական կենտրոնի ցանցին կմիացվեն նաեւ մյուս նախարարությունների եւ Ազգային վիճակագրական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինները: Իսկ մինչ այդ, մյուսների հետ դեռ կապվում են հեռախոսի միջոցով։ 

Կենտրոնը ստեղծողները չեն մոռացել նաեւ հաշմանդամների մասին. Կառավարության 3-րդ շենքի մուտքի աստիճանների կողքին կառուցվել է թեքահարթակ: Իսկ շենքի ներսում` մուտքի երկու կողմերում, շուտով նրանց համար գործելու են սպասարկման 2 սենյակներ: «Կարիք չկա, որ հաշմանդամը բարձրանա աստիճաններով եւ մոտենա մեզ: Անհրաժեշտության դեպքում աշխատակիցն ինքը կմոտենա նրան: Եւ եթե նախարարության աշխատակիցներից ինչ-որ մեկն անհրաժեշտ է, ապա նրան տեղյակ կպահենք, եւ ինքը կմոտենա քաղաքացուն»,-ասում է նախարարություններից մեկի ներկայացուցիչը: 

Նորաբաց Կենտրոնում դեռեւս լուրջ եւ աշխատատար խնդիրներ չեն լուծվում: Մարդիկ հիմնականում գալիս են ինչ-որ մեկի հեռախոսահամարը կամ պաշտոնը ճշտելու: «Մոտ ապագայում, երբ նախարություններում կսկսի գործել անցագրային ռեժիմը, Տեղեկատվական կենտրոնը կգործի լրիվ թափով»,-ասում է ծրագրի աշխատակիցը: Մեր` այնտեղ գտնվելու 30 րոպեների ընթացքում մի քանի մարդ դիմեց կենտրոնի աշխատողներին. հիմնականում ցանկանում էին ճշտել, թե որ հարկում է գտնվում իրենց անհրաժեշտ նախարարությունը: Կենտրոնի հարեւանությամբ տեղադրված է ցուցանակ, որի վրա նշված են բոլոր նախարարությունների տեղակայման հարկերը: Այն, որ ցուցատախտակի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, մեկ անգամ եւս ապացուցում է, որ մարդիկ գերադասում են կենդանի շփումը: Իսկ այդ շփումն արդյունավետ ու հաճելի է լինում, երբ դիմացինդ բարեհամբույր եւ պատրաստակամ է: Նշենք, որ կենտրոնում աշխատելու համար նախարարությունների ներկայացուցիչները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել հաճախորդների լավ սպասարկման եւ քաղաքացիների հարցումներին պատասխանելու համար: 

Տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության եւ «Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումների ծրագիր» ընկերության ֆինանսավորմամբ: Ֆինանսավորումը, սակայն, շուտով վերջանալու է, որից հետո էլ Կենտրոնն իր բոլոր ծախսերեվ հանդերձ անցնելու է ՀՀ կառավարությանը: Հուսով ենք` կառավարությունը հովանավորներից ավելի շահագրգռված կլինի պահել Տեղեկատվական կենտրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter