HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի գիշերներում շրջում է Մարիամի ուրվականը

Նանե Մակուչյան

Նորքի հոգեբուժական հիվանդանոցում հերթական բուժման կուրս անցնող Մարիամը 28 տարեկան է: Նա թափառաշրջիկ դարձավ 20 տարեկանում: 

Մարիամի հայրն ու մայրն ամուսնալուծվել էին, երբ նա դեռեւս մանուկ էր: Երկար տարիներ քրոջ եւ մոր հետ ապրում էին արեւածաղիկ վաճառող տատիկի եկամուտով: Այն ժամանակ սեփական տանիքը դեռ չէր հասցրել հեքիաթ թվալ նրանց: «Մենք լավ էինք ապրում. հայրս աշխատում էր մթերային խանութում, մայրս` գործարաններից մեկում հավաքարարուհի էր: Երբ բաժանվեցին ու հայրս գնաց, մենք սկսեցինք սնանկանալ»,-պատմում է Նորքի հոգեբուժարանում գտնվող Մարիամը: 

Մարիամն այժմ էլ հոր մասին խոսում է առանց չարության, կարոտով, թեեւ նա երբեւեէ չի հետաքրքրվել աղջկա ճակատագրով, տեղյակ չէ Մարիամի գտնվելու վայրի մասին: 

Հունիսին Մարիամի համար լրագրողներով մեկ գիշերվա օթեւան էինք փնտրում: Մարիամը համոզված տոնով մեզ ուղեկցեց Սեբաստիա հյուրանոցի մոտ գտնվող հանրակացարանը, ուր բնակվում է նրա հայրը` պնդելով` «իմ պապան ա, ինձ անպայման կընդունի»: Ի պատասխան` հազիվ կարողացանք աղջկան փրկել ալեկոծված հոր բռունցքներից: 

Տատի մահից հետո մայրը՝ վտիտ մի կին, հիվանդացավ ոսկրային մի հիվանդությամբ եւ անկարող դարձավ պահել դեռահաս դուստրերին: Մարիամն իր բացառիկ ձայնի շնորհիվ ընդունվեց Երեւանի Պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ, սակայն, սովորեց ընդամենը կես տարի: 

«Քանի որ ես երաժշտական կրթություն չունեի, պետք է ուսման համար վճարեի, այդպես էր կարգը: Այդ պատճառով մեր տանն անընդհատ կռվում էին հետս, պահանջում դուրս գալ կոնսերվատորիայից: Ստիպված դուրս եկա, բայց հոգեկան վիճակս սկսեց վատանալ, ես իմ հիվանդությունն այդտեղից եմ հիշում»,-մտաբերում է Մարիամը: 

Շուտով կուտակված պարտքերի պատճառով նրանք կորցնում են տունը եւ տեղափոխվում վարձով բնակարան: Սպառվում են նաեւ այդ գումարները: 

 1997թ. Ղարաբաղի կառավարության վերաբնակեցման ծրագրով տեղափոխվում են Քաշաթաղ, ուր նրանց հատկացնում են հող եւ կիսակառույց մի տուն: «Մենք հողի հետ չէինք կարողանում աշխատել, պատրաստ էինք ափսե լվալ, հավաքարարուհի աշխատել, բայց հողագործություն չկարողացանք սովորել»-ասում է Մարիամը: Քույրն ամուսնանում է տեղացի մի պատերազմի հաշմանդամի հետ, իսկ Մարիամն ու մայրը` հողագործական աշխատանքներ կատարելուն անընդունակ, 1999-ին վերադառնում են Երեւան: 

 Քաշաթաղում նրա հոգեկան վիճակը վատանում է: «Քաշաթաղում էլ կարող էի մնալ, եթե այնտեղ նորմալ հոգեբուժարան լիներ: Մի անգամ պառկել եմ Ստեփանակերտի հոգեբուժարանում, բայց այնտեղ ահավոր էին պայմանները` տղամարդկանց ու կանանց բաժանմունքը միասին էր, ու դա` մի փոքրիկ տարածքում»,-ասում է աղջիկը: Երեւանում սկսվում է թափառաշրջիկի նրանց կենսագրությունը: 

2000թ.-ի ձմեռային մի ցուրտ օր Երեանի փողոցներից մեկում հայտնաբերվում է Մարիամի մոր ցրտից սառած դին: Հայրը, որն ապրում էր նոր կնոջ հետ, հրաժարվեց ընդունել աղջկան իր մոտ:

 Մարիամին մեկ կարելի էր տեսնել ԳՈՒՄ-ի հասարակական վայրերում, մեկ ԳՈՒՄ-ի շուկայում, որտեղ վաճառականները նրան ուտելիք էին տալիս: Նա գիշերում էր որտեղ պատահեր. «Ես վախենում էի քնել, ամբողջ գիշեր քայլում էի փողոցներով, ցերեկները մի տեղ պառկում-քնում էի: Ցրտերը երբ սկսում էին, ահավոր էր, ես գնալու տեղ չունեի»,-պատմում է Մարիամը: Ու աղջկա մարմինն այլեւս չի դիմանում անքնությանը, ուժերը սպառվում են, ու նա նորից հայտնվում է հոգեբուժարանում: 

Մարիամի տարիքը չի համապատասխանում ոչ մանկատների շահառուների տարիքին, ոչ էլ, բնականաբար, ծերանոցների: Այս դեպքում պետությունն այլ առաջարկ չունի, բացի այն, որ եթե աղջիկը հիվանդ է, նրան պետք է տեղավորել հոգեբուժարանում: Սակայն հիվանդանոցում նա կարող է մնալ 24 օր: Ճիշտ այդքան է, բժիշկների պնդմամբ, անհրաժեշտ յուրաքանչյուր հիվանդին հերթական բուժման կուրս անցնելու համար: 

 Մարիամը մեկ տարի մնաց Սեւանի հոգեբուժարանում: Նա առողջ էր, եւ Սեւանից մեքենայով նրան բերել իջեցրել էին ԳՈՒՄ-ի շուկայի մերձակայքում: 

 Հիվանդանոցի ղեկավարությունը պատճառաբանում է, թե աղջիկն արդեն լավ է, եւ որ նրա խնդիրը կացարանի հարցն է, նա անելիք չունի հոգեբուժարանում: 

«Մի աշխատանք որ գտնեի` հավաքարարի կամ լվացարարուհու, մեկ էլ մի կացարան, թեկուզ փոքրիկ մի սենյակ, լիներ սեղան, աթոռ, մահճակալ, ամեն օր գնայի խանութ, շուկա, առեւտուր անեի, գայի, որ իմ կերածից էլ բան հասկանայի»,-ահա այսպես` մարդկային ամենանվազագույն երազանքներով, ամեն օր իրեն օրորում է Մարիամը` յուրաքանչյուր անգամ դրանց բացակայության գիտակցումից կրկին հայտնվելով հոգեբուժական հիվանդանոցում: 

Առողջապահության նախարարությունն ամեն անգամ նրան տալիս է 24-օրյա անվճար բուժօգնության ուղեգիր: Շատ ավելի լուրջ են այս պարագայում այն գործողությունները, որոնք ակնկալվում են Սոցապ նախարարությունից: 

Թափառաշրջության տարիներին Մարիամը կորցրել է անձնագիրը եւ այժմ ա-պատրիտ է (քաղաքացիություն չունեցող անձ): Անձնագիր չունենալու պատճառով նա չի օգտվում իրեն հասանելիք հաշմանդամության թոշակից, որը նրան թույլ կտար հոգալ նվազագույն կարիքները: Չի կարողանում տեղաշարժվել եւ նույնիսկ օգտվել պետական ծառայություններից: 

Մի անգամ նրա համար երկու օր շարունակ հրաժարվել է կանչ ընդունել անգամ պետական շտապօգնությունը: Շտապօգնության հեռախոսավարն ասել է. «Մենք հոգեբուժական կանչ ընդունում ենք միայն հիվանդի ընտանիքի անդամներից»: «Բայց նա ոչ ոք չունի» դիտարկմանն ի պատասխան` հնչել է. «Այդ դեպքում ասացեք հասցեն»: Պատճառներից մյուսը, որի համար շտապօգնությունը հրաժարվել է կանչ ընդունել, Մարիամի մշտական գրանցման վայրի բացակայությունն է: Նրանք կատեգորիկ կերպով հրաժարվել են ընդունել փաստը, որ հիվանդն ապրում է ԳՈւՄ-ի շուկայում: «Այդպիսի հասցե չկա»,-պնդել է հեռախոսավարը: 

«Մենք կոնկրետ անձանցով չենք զբաղվում»,-այս պատասխանն էին ամենից հաճախ տալիս ամենատարբեր մարդասիրական կազմակերպություններ ու ՀԿ-ներ, այդ թվում` Կարմիր Խաչն ու ՄԱԿ-ը, որոնք ամեն տարի բազմաթիվ էջերից բաղկացած հաշվետվություններ են գրում այն մասին, թե որքան թափառաշրջիկ կա Հայաստանում, ու թե որոնք են նրանց պրոբլեմները: 

Երեւանում գործում են բազմաթիվ տեղական եւ ոչ տեղական կազմակերպություններ: Նրանցից որոշները զբաղվում են միայն թափառաշրջիկ երեխաներով եւ ծերերով: Մարիամի նմաներով Հայաստանում որեւէ կազմակերպություն չի զբաղվում: 

Սոցապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանի խոսքերով` «Մարիամը միակ նման դեպքը չէ, նրա նմանները շատ են: Մենք ոչինչ անել չենք կարող այս պարագայում»: Մարիամի բժշկուհու եւ Սոցապ նախարարության աշխատակիցների միակ առաջարկը նրան Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատ ուղարկելն է: Սակայն այդ հիվանդանոց տանում են չբուժվող հիվանդներին: 

28-ամյա Մարիամից «փրկվելու» համար պետական կառույցները նրան առաջարկում են տանել մի հաստատություն, որտեղից այլեւս վերադարձ չկա: Իսկ աղջկան անհրաժեշտ է միայն օթեւան եւ աշխատանք: 

«Լրագրողներով բարձրացրեք այդ հարցը, այն, որ մինչ այժմ չունենք ո՛չ հանրակացարան, ո՛չ էլ անօթեւանների խնդիրներ լուծելու որեւէ այլ միջոց»,-խորհուրդ տվեց տիկին Հակոբյանը: 

Մի քանի օրից Մարիամը դուրս կգա Նորքի հոգեբուժական հիվանդանոցից ու նորից կհայտնվի ԳՈւՄ-ի շուկայի մերձակայքում: Եվ երեւանյան գիշերային փողոցներում նորից կհայտնվի վտիտ աղջկա ուրվականը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter