HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Հայկական բիզնեսի «լույսն ու ստվերը»

Հայաստանում ստվերային տնտեսութոյւնը կազմում է 50-60 տոկոս: Այս ցուցանիշը հրապարակում են իրենք` ՀՀ իշխանությունները: Երկրի ներսում գոյություն ունեցող անհավասար մրցակցային դաշտը վաղուց փաստված իրողություն է: Միաժամանակ, տարբեր կազմակերպություններ շարունակում են ուսումնասիրություններ կատարել երեւույթի պատճառների, դրանք ծնող հիմնապատճառների վերացման ուղղությամբ: 

Սակայն Հայաստանի նման երկրում այնքան էլ դյուրին չէ տնտեսվարող սուբյեկտների միջեւ հավասար մրցակցային դաշտ ապահովել: Այս կարծիքը հաստատվում է նաեւ վերջերս «Ազգ» օրաթերթի անցկացրած հարցախույզով. 500 հարցվածների մոտավորապես 50 տոկոսը փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման գլխավոր խոչընդոտ է համարում՝

 ա. չինովնիկների բյուրոկրատիզմը (24,8%)

 բ. հովանավորչությունը (13.7%)

 գ. կաշառակերությունը (7%)

 դ. ղեկավարությունը (5.4%)

 («Ազգ» 13.07.04) 

«Վաճառականների միություն» ՀԿ-ի դիտարկումների համաձայն` միջինից բարձր պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր չինովնիկ հովանավորում է 1-15 տնտեսվարող սուբյեկտի: Կախված իրենց «տրամաչափից»` պաշտոնյաները հովանավորում են խոշոր, փոքր եւ միջին բիզնեսները: Իհարկե, խոշոր համարվող 300 տնտեսվարող սուբյեկտների գերակշիռ մասը հենց ինքն է իր «տանիքը»: Նրանց տերերի մի մասը ԱԺ-ում է, մի մասի «շոշափուկները» ձգվում են մինչեւ նախագահական պալատ, սուպեր նախարար... 

Այնուամենայնիվ, ըստ զանազան պաշտոնական տեղեկատվության, այդ 300 խոշոր ընկերություններն ապահովում են երկրի բյուջեի 60%-ը: Զարմանալի իրողություն, եթե հավելենք նաեւ, որ «բյուջեն լցնող» խոշորների մեծ մասը, ըստ ՀՀ հարկային պետական ծառայության «1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների» հրապարակած ցանկի, վնասով է աշխատում: «Վնասով աշխատող» «Սիգարոն», «Ռոյալ Արմենիա», «Կոտայք», «æերմուկ գրուպ», «Երեւանի ալրաղաց», «Մարիոթ-Արմենիա» եւ այլ ընկերությունները հարկային մարմիններին ներկայացնում են «մինուսով» աշխատելու մասին տեղեկանք, սակայն իրենց փոքր մասնաբաժինը, այնուամենայնիվ, հատկացնում են բյուջեին:

Ինչ-որ անտեսանելի ձեռք վաղօրոք նշում է այն չափաբաժինը, որը «նալոգի» տեսքով մասհանվում է խոշորներից, եւ այդ չափը չի փոխվում վնասով կամ օգուտով աշխատելու պարագայում: Այս հանգամանքը վկայում է ամենաբարձր ատյաններից ձգվող հովանավորչության առկայությունը: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե իրականում ինչպե՞ս են շահույթով աշխատող խոշոր սուբյեկտները «վնասով աշխատող» հայտարարագրվում: Սխեման պարզ է. N ընկերությունը, ասենք, ներկրում է X2 տ քանակի սննդամթերք: Բնականաբար, ներկրված քանակության համապատասխան, ընկերությունը տրանսպորտային ծախսեր է իրականացնում: Բայց սահմանային մաքսակետում արձանագրվում է ոչ թե X2 տ ապրանքաքանակ, այլ՝ X տ: Այսպիսով ստացվում է, որ կրկնակի պակաս արձանագրված ներկրված քանակությունը տնտեսվարող սուբյեկտին «թղթերի վրա» ոչ թե շահույթ, այլ «վնաս է» բերում: 

Հզոր «տանիքներով» պաշտպանված խոշոր սուբյեկտները այս կերպ սնում են կոռուպցիայի մայր երակը, «լցնում բյուջեի 60%-ը», գործի դնում ստվերային դրամաշորթությունը: Այս եղանակով մաքսատուրքերից, ուղղակի հարկերից խուսափելը խոշոր հարկատուների համար դարձել է գործելաոճ: 

Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանի գնահատմամբ՝ խոշոր բիզնեսում ներգրավված սուբյեկտների վճարած ուղղակի հարկերը բյուջեում հավաքված գումարների /հարկային մասով/ 20-25%-ն են կազմում: Հայտնի է, որ բյուջեն ձեւավորվում է ուղղակի (շահութահարկ, եկամտահարկ) եւ անուղղակի (ԱԱՀ, պարզեցված հարկ) հարկային մուտքերից, եւ այն երկիրը, որտեղ ուղղակի հարկերի հավաքագրումը գերազանցում է անուղղակի հարկերին, եթե ոչ զարգացած, ապա անշեղորեն զարգացող երկիր է:

Բիզնեսից ստացված եկամտի 70 տոկոսը թաքցվում է 

Այս կարծիքին են եւ՛ բիզնեսով զբաղվողները, եւ՛ տնտեսագետները, եւ՛ հենց իրենք՝ «տանիք» հանդիսացող պաշտոնյաները: 1998թ.-ի մայիսի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց թիվ 298 որոշումը՝ «ՀՀ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին»: Ըստ այդ որոշման՝ նախատեսվում էր փուլ առ փուլ իրականացնել այդ գործնթացը: Որոշումից, սակայն, դուրս էին մնացել հանրապետությունում գործող 200 տոնավաճառները, կրպակները: Բացը լրացվեց կառավարության նոր՝ թիվ 698 որոշմամբ (31.10.2000թվ.): Երբ պատկան մարմինները սկսեցին իրականացնել որոշման պահանջները, հանրությունը ականատես դարձավ կառավարության, ԱԺ-ի շենքերի առջեւ տոնավաճառների, կրպակների տերերի կազմակերպած ցույցերին, որոնց միացավ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական լոբբինգը խորհրդարանում: 

Այնուամենայնիվ, 2001թ. նոյեմբերի 8-ին «ՀՀ կառավարության թիվ 298 եւ 698 որոշումների պահանջների կատարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով» ՀՀ արդյունաբերության եւ առետրի, պետական եկամուտների նախարարությունների Հայպետստանդարտի վարչության աշխատակիցներից եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կազմվում է համատեղ աշխատանքային խումբ:

Նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խումբը Երեւանում գործող սպառողական ապրանքային շուկաներում (տոնավաճառներում) ընտրանքային ուսումնասիրություն է անցկացնում: Պարզվում է, որ մոտավորապես 5000 աշխատատեղ ունեցող տոնավաճառներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները 1-2% են կազմում: Ուսումնասիրության պահին, մասնավորապես «Փեթակ» տոնավաճառում կար 264 աշխատատեղ (մեր տվյալներով` ստուգումներից մեկի արդյունքում էլ «Փեթակում» տեղերի քանակը հասնում էր 800-ի), սակայն գործում էր 17 դրամարկղ, «Հայաստան» տոնավաճառում՝ 416 աշխատատեղ, սակայն 2 դրամարկղ, «Նարեկ»-ում՝ 470, եւ ոչ մի դրամարկղ եւ այսպես շարունակ:

Գերշահույթային եւ ստվերային շրջանառություն 

Տոնավաճառների սեփականատերերը ամսական 1 քմ-ի համար պետբյուջե են մուծում 3750 դրամ: Այսինքն՝ ամսվա կտրվածքով X քմ x 3750դրամ: Կեղծիքը սկսվում է զբաղեցրած տարածքի հայտարարագրումից, որովհետեւ միշտ մի քանի անգամ պակաս են ներկայացվում զբաղեցրած հողատարածքի իրական չափսերը: 

«Եթե ես ամբողջությամբ հայտարարագրեմ զբաղեցրած տարածքը, ապա ու՞մ գրպանից տամ մի խումբ ազատամարտիկների ամենամյա նպաստները, սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող օգնությունները»,-ասում է տոնավաճառներից մեկի տնօրենը, որը չուզեց հրապարկել իր անունը: Տոնավաճառներում առեւտրային գործունեություն իրականացնողները ձեւակերպված են իբրեւ քաղաքացիներ, այլ ոչ թե ֆիզիկական (անհատ ձեռնարկատեր) կամ իրավաբանական անձինք: Իրականում գործունեություն իրականացնողներից յուրաքանչյուրը տոնավաճառի սեփականատիրոջից տարածք է վարձակալում ամսական որոշակի գումարով (դրանք տատանվում են` 100-800 ԱՄՆ դոլար)` միաժամանակ պետության նկատմամբ որեւէ հարկային պարտավորություն չկատարելով: 

Ներկայացնենք մոտավոր օրինակ. դիցուք ոմն սեփականատեր ունի 100 քմ տարածք, որի համար ամսական վճարում է 375 000 դր. (100x3750) կամ մոտ 700 ԱՄՆ դոլար: 10 վարձակալ ունենալու դեպքում, յուրաքանչյուրից ամսական մոտավորապես 400 ԱՄՆ դոլար վարձավճարի պարագայում, նա կունենա 4000 ԱՄՆ դոլար: Տիրոջ կողմից պետբյուջեի նկատմամբ կատարված հարկային պարտավորությունը հանելուց հետո (4000-700 դ) տարբերությունը կազմում է մի պատկառելի գումար՝ 3300 ԱՄՆ դոլար: Կատարված հաշվարկը իրականության հետ թույլ աղերս ունի, քանի որ ստվերի առումով վիճակն առավել անմխիթար է. այդ գումարները հասնում են միլիարդավոր դրամների: 

«Վաճառականների միություն» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանն ասում է, որ տոնավաճառներում տարածքներ վարձակալած սուբյեկտները տերերին ամսական վճարում են 100-800 ԱՄՆ դոլար վարձավճար, եւ «... ուրեմն, այդքան գումար էլ տուն են տանում: Տոնավաճառներում առեւտրային վերադիրը 3-5% է, ուրեմն ստվերային գումարները գոյանում են 3-4% առեւտրային մարժայից: Հարյուր տոկոսանոց ապրանքաշրջանառության պարագայում, որի 5%-ից գոյանում են այդ գումարները, դրանք ամսական կարող են հասնել 12-15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի: Այդ մեծ գումարները հարկելու դեպքում պետք է մտածել, թե պետական գանձարան ինչքա՞ն գումար կմտնի եւ, որ ավելի կարեւոր է, օրինական դաշտում աշխատող սուբյեկտը կհայտնվի՞ հավասար մրցակցության պայմաններում»: Ստվերի առկայությամբ է պայմանավորված այն իրողությունը, որ տոնավաճառներում, խանութների հետ համեմատած, գները շարունակում են ցածր մնալ: Տոնավաճառները չեն «նեղվում» գնորդների պակասից, սակայն պետական գանձարանը շահույթից անմասն է մնում:

Օրենսդրական դաշտի բարելավման փնտրտուք 

Տոնավաճառների սեփականատերերը պարտավոր են իրենց օբյեկտներում աշխատելու թույլտվություն տալ միայն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին: Մինչդեռ, ունենալով հզոր «տանիքներ», տերերին հաջողվել եւ հաջողվում է շրջանցել «ՀՀ հարկերի մասին» օրենքի 26-րդ հոդվածը, ըստ որի խախտման նման դեպքերի համար սահմանված է ամբողջ շրջանառության 50%-ի չափով բռնագանձում՝ հօգուտ բյուջեի, իսկ խախտումը կրկնելու դեպքում սուբյեկտը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: 

2002 թվականին պարզեցված հարկատեսակով աշխատում էր 12000 սուբյեկտ, իսկ 2003-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, 18000: Այսինքն` մեկ տարում սուբյեկտների թիվն աճել է 50%-ով: Եթե սրան ավելացնենք նաեւ, որ պարզեցված հարկի դրույքաչափը բարձրացել է 75%-ով, ապա, կոպիտ հաշվարկներով, 2004 թվականին 2002-ի 3,7 միլիարդի փոխարեն պետք է հավաքվեր 9 մլրդ դրամ, մինչդեռ հավաքվել է ընդամենը 5,1 միլիարդ: Մոտավոր հաշվարկներով 3,9 մլրդ դրամ չի հավաքվել` վերածվելով ստվերային շրջանառու կապիտալի: 

Հովանավորչությունը, կոռուպցիան մտահոգող երեւույթներ են ոչ միայն խոշոր, այլեւ փոքր եւ միջին բիզնեսում: Վաճառականների միության նախագահ Ց. Գեւորգյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը նախ եւ առաջ օրենսդրական դաշտի անկատարության հետեւանք է: Աշնանը քննարկման է դրվելու ԱԺ մեծ օրակարգ մտած «Առեւտրի իրականացման վայրերի մասին» օրենքի նախագիծը (որի համահեղինակն է միությունը): Կհաջողվի՞ դիմակայել քաղաքական լոբբինգին, հայտնի չէ: Եթե օրենքն, այնուամենայնիվ, ընդունվի, տոնավաճառներում պարտադիր կտեղադրվե՞ն հսկիչ-դրամարկղեր, թե ամեն ինչ նորից «կդառնա ի շրջանս յուր». մեծ բիզնեսը կշարունակի մնալ իր ստվերային մենաշնորհի տիրույթներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter