
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2017 թվականին
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2017 թվականի ընթացքում որոշակիորեն նվազել է: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի տվյալները (ՀՀ ԿԲ)։
Հիշեցնենք, որ դոլարայնացման մակարդակը ցույց է տալիս, թե հայաստանյան բանկերում եղած վարկերի ու ավանադների կազմում որ մասն են դոլարով։ Կենտրոնական բանկը հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված հենց ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։
ԿԲ-ի տվյալներով՝ գրեթե բոլոր ուղղություններով 2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ նվազում է գրանցվել տարեսկզբի համեմատ (2016 թվականի դեկտեմբերի համեմատ)։
Առավել հաճախ կարևորվող D1 ուղղությունը, որը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն է, նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 47.7%` տարեսկզբի 49.2%-ի դիմաց։
Իսկ D2-ը, որը ցույց է տալիս արտարժույթի կշիռը ռեզիդենտների ավանդներում, կազմել է 57.2%` տարեսկզբի 59.9%-ի համեմատ։ Այսինքն՝ հայաստանյան բանկերի ավանդների առավել մեծ մասը արտարժութային են, հիմնականում՝ դոլարով։
Ինֆոգրաֆիկայում ցուցադրված D3-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում:
D4-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում:
Իսկ D5-ը ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն է:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների
Մեկնաբանել