
215 միլիոն դրամ՝ ՊԵԿ-ի մաքրման աշխատանքների համար
Պետական եկամուտների կոմիտեն 215 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր կկնքի «Քլիներս» ընկերության հետ մաքրման աշխատանքեր իրականացնելու համար: ՊԵԿ-ի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ նշված է, որ «Քլիներս» ընկերությունը գնահատման արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել։
Ընկերությունը իր ներկայացրած փաթեթով նախատեսում է, ամեն ամիս կոմիտեի մաքրման աշխատանքների համար ծախսել է 18 միլիոն դրամ:
Ընկերությունը պարտավորվում է ՊԵԿ-ի վերադաս մարմնի վարչական շենքում և տարածքային ստորաբաժանումներում իրականացնել մաքրման ծառայություն:
Այդ ծառայությունները լինելու են ամենօրյա, շաբաթական, ամսական, տարեկան կտրվածքով:
Ամենօրյա մաքրման ծառայությունները ներառելու են ապակիների, բռնակների, պատերի և պատուհանագոգերի վրայից մատնահետքերի և կեղտաբծերի մաքրում, նախամուտքերի մաքրում, բոլոր գրասենյակային սեղանների, պահարանների, տեխնիկայի մաքրում, սանհանգույցների ամենօրյա իդեալական մաքրում քիմիական նյութերով:
Շաբաթական մաքրման ծառայությունների ժամանակ ախտահանվելու են սանհանգույցի սալիկները, փոշեզրկվելու են գորգերը, մաքրվելու և լվացվելու են մանրահատակները:
Ամսական մաքրման ծառայությունների ընթացքում մաքրվելու են ջահերը, լույսերը, օդորակիչները, շերտավարագույրները, դրսի ապակիները:
Տարին երկու անգամ էլ լվացվելու են ՊԵԿ-ի ենթակայության շենքերի ճակատային մասը, տարեկան 6 անգամ լվացվելու են գորգերը:
ՊԵԿ վարչական շենքում՝ Խորենացի 3,7 և 7Ա հասցեներում, առնվազն 8 հերթապահով՝ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, մաքրման հերթապահություն պետք է ապահովվի:
Պայմանագրով «Քլիներս»-ը պարտավոր է այնպես կազմակերպել մաքրման ծառայությունները, որպեսզի կատարողի կողմից մաքրված տարածքը ցանկացած պահի լինի պատշաճ մաքրված վիճակում և չխոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքային գործունեությունը: 2 անձ էլ պետք է աշխատի յուրաքանչյուր օրացույցային օր` շուրջօրյա գրաֆիկով:
Ընկերությունը ՊԵԿ-ում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար ունենալու է 180 հավաքարար՝ 80 000 դրամ աշխատավարձով։
Մեկնաբանել