
Վանաձորցիները նախընտրում են ժամանցային թերթեր
«Կոմունիստական ժամանակաշրջանի համեմատ այսօր 1000 անգամ քիչ ենք թերթեր ստանում»-ասում է Մամուլի տարածման` «Լոռու դուստր» ՓԲԸ տնօրեն Սեյրան Քառյանը:
Վանաձորում գործում է մամուլի 26 կրպակ, որոնք ստանում են հանրապետությունում լույս տեսնող գրեթե բոլոր թերթերը: Ստացված թերթերի կեսը մնում է կրպակներում:
«Եթե մի քանի տարի առաջ օրական վաճառում էի 6000-7000 դրամի թերթ, ապա հիմա այն հազիվ հասնում է 5000-ի»,-հավաստիացնում է Վանաձորի կրպակներից մեկի աշխատակից Ռոզա Սարգսյանը:
«Հայմամուլում» ընթերցողների թվի կտրուկ անկման պատճառ են համարում սոցիալական վատ պայմանները: Կրպակավաճառ Լամարա Բեկչյանի գնորդների շարքում քիչ չեն այնպիսիները, որոնք չունեն հնարավորություններ, բայց հետաքրքրասիրությունից մղված գալիս են, տեղում խնդրում թերթը, կարդում ու նորից հետ վերադարձնում: Հասարակական հետաքրքրությունն աճում է քաղաքական իրադարձությունների ժամանակ, այն էլ` միայն տարեցների շրջանում:
Քաղաքականությամբ տարված վանաձորցիները նախապատվությունը տալիս են «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն» թերթերին, ավելի քիչ՝ «Ազգ», «Հայոց աշխարհ» թերթերին: Վանաձորցի Ռոզա Դալլաքյանը հետեւում է քաղաքական անցուդարձին: Նրան ավելի շատ հետաքրքրում են ղարաբաղյան հակամարտության, կովկասյան տարածաշրջանի թեմաները: Սպառման տեսանկյունից առանձնանում է «Իրավունքը», որն ունի իր մշտական ընթերցողը: Կրպակավաճառ Լամարա Բեկչյանը դա բացատրում է «Իրավունքում» զետեղված բազմազան տեղեկատվությամբ ու «Հետաքննություն», «Հարց ու պատասխան» էջերի առկայությամբ:
Տպագիր լրատվամիջոցներով չեն հետաքրքրվում հիմնականում երիտասարդները: Նրանք գերադասում են ժամանցային թերթերը: Գայանե Աղայանն ընթերցում է «Եթեր» եւ «TV-ալիք» շաբաթաթերթերը: Նա հետաքրքրությամբ հետեւում է աստղերի կյանքին, զվարճալի իրադարձություններին, աստղագուշակին, երիտասարդական ու մշակութային թեմաներին: Տեղեկատվական թերթերից գերադասում է «Իրավունքը»՝ «ամեն ինչ ավելի պարզ ու արդարացի ներկայացնելու համար»: Սարգիս Բեկչյանը թերթի սիրահար չէ, ընթերցանությամբ զբաղվում է ազատ ժամերին, որոնք անց է կացնում միայն երիտասարդական թեմաների ու մարդկային ճակատագրերի մասին պատմություններ կարդալով: Մեքենաների առք ու վաճառքին ծանոթանալու համար Արմեն անունով մի երիտասարդ պարբերաբար գնում է «Վանաձորյան խճանկարը»: Մնացած տեղեկություններն ու օրվա անցուդարձը նրան չեն հետաքրքրում, քանի որ թերթ կարդալը համարում է ժամանակի կորուստ:
Կրպակավաճառների հավաստմամբ՝ ավելի արագ վաճառվում են հեռուստածրագրերն ու խաչբառները, տեղական թերթերից՝ «Լոռու մարզն» ու «Վանաձորյան խճանկարը»:
Սեյրան Քառյանը թերթ կարդալը համարում է սովորույթ, որից ընթերցողների մի մասը հետ է վարժվել:
«Անգամ քաղաքական կուսակցություններին ու պաշտոնյաներին չի հետաքրքրում, թե ինչ են գրում իրենց մասին: Մարդիկ էլ կան, որ թերթը պարզապես թարս են բռնում: Այն ոչ ոքի չի հետաքրքրում»,-բողոքում է Մամուլի տարածման «Լոռու դուստր» ՓԲԸ տնօրենը:
Մեկնաբանել