
Նախագահի օգնականը Արզնիում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցելու
«Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն մտադիր է Արզնի համայնքի վարչական տարածքում, ավելի կոնկրետ՝ Երևան-Սևան մայրուղի 10/5 հասցեում գարեջրի գործարան և ռեստորան կառուցել:
«Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականի ապրիլին: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը երկու բաժնետեր ունի՝ Եղիսաբեթ Շմավոնյանը և Արեն Դուրգալյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:
68-ամյա Եղիսաբեթ Շմավոնյանն էլ ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի մայրն է:
Որպես պաշտոնյայի մերձավոր ազգական և համատեղ բնակվող անձ տիկին Շմավոնյանը պարտավոր է հայտարարագիր ներկայացնել: 2015 թվականի հայտարարագրում նա այս ընկերությունում ունեցած բաժնեմասը չի հայտարարագրել: Նշված բաժնեմասը չի հայտարարագրել նաև 2016 թվականին:
Փոխարենը, կենսաթոշակից բացի, 2016-ի հարկային տարում Եղիսաբեթ Շմավոնյանը հայտարարագրել է 153 մլն դրամի փոխառություն և 50 մլն դրամի եկամուտ՝ նվիրատվության տեսքով:
Ավետիս Բերբերյանը նախագահի օգնականի պաշտոնում է արդեն 7 տարի՝ նշանակվել է 2011 թվականի հունվարին: Այդ տարի էլ նրա եկամուտները հասել են 1 մլրդ դրամի: Պաշտոնավարման հաջորդ տարում նախագահի օգնականը 355 մլն դրամի ներդրումային ֆոնդի փայաբաժին է ձեռք բերել:
Ուսումնասիրելով այս պաշտոնյայի հայտարարագրերը՝ կարելի է ենթադրել, որ նա բնավ էլ աշխատավարձով ապրող պաշտոնյաներից չէ: Ունի միլիոնավոր դրամների եկամուտ և շրջանառության մեջ դրված գումարներ: Մասնավորապես՝ փոխառությունների և վարձակալությունների դիմաց ստացված եկամուտներ:
Նախագահի օգնականն ու նրա ընտանիքի անդամներն անտարբեր չեն թանկարժեք մեքենաների նկատմամբ: Իր պաշտոնավարման առաջին 6 տարիներին նա գնել և վաճառել է 5 ավտոմեքենա: Մեքենաներ է փոխել նաև կինը:
2017թ. հայտարարագիրը դեռ չի ներկայացրել, ուստի վերջին տարվա տեղեկությունները դեռ չեն թարմացվել:
Արզնին առողջարանային գյուղ է և հայտնի է իր հանքային ջրերով: Այն գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 23 կմ դեպի հյուսիս: Գյուղը հիմնվել է 19-րդ դարում՝ Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է շուրջ 2,500 մարդ, հիմնականում՝ ասորի։
Նախագահի օգնականի մոր մասնակցությամբ ընկերությունը մտադիր է Արզնիի վարչական տարածքում 3 բաղադրիչներից բաղկացած կառույց հիմնել՝ գործարան, ռեստորան և սրճարան, նաև` կառուցել 2 բաց ավտոկայանատեղի: Ընկերությունը նախատեսում է այս ամենն ավարտին հասցնել 9 օրացուցային ամսվա ընթացքում: Համաձայն ներկայացրած նախագծի՝ գարեջրի գործարանի արտադրողականությունը կազմելու է տարեկան 50 000 դալ (500 հազար լիտր):
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել