HY RU EN

Արաքս Մամուլյան

«Միշտ կոկիկ էր, մինչև իրեն լրիվ կարգի չբերեր, շարք չէր գալիս»,-սպանված կուրսանտին այսպես է հիշում հրամանատարը

 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց դեպքի ժամանակ ամբաստանյալների ու սպանված Հայկազ Բարսեղյանի մարտոցի հրամանատար հանդիսացող Դավիթ Դավթյանը:

Վերջինս այժմ ռազմական ինստիտուտում չէ, այլ զորամասում է ծառայություն իրականացնում:

Վկան դատարանին հայտնեց, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հունվարի 29-ին, ինքը ռազմական ինստիտուտում չի եղել, այդ ժամանակահատվածում վերապատրաստման դասընթացների է մասնակցելիս եղել:

Երբ դեպքի մասին հայտնի է դարձել, Դավիթ Դավթյանն, իր խոսքով, տանն է եղել, հեռախոսազանգի միջոցով իրեն կանչել են ինստիտուտ:

Վկան պտտաձողից կախված Հայկազ Բարսեղյանին չի մոտեցել, չի մոտեցել նաև նրա մահճակալին. միայն տեսել է, որ այն արյունոտված է եղել. ահա այն ամենն, ինչ դեպքի մասին կարող էր պատմել սպան:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից երկուսը`Նորայր Սահակյանն ու Վաչե Սահակյանը դրական բնութագիր են ունեցել: Սկսեց Նորայր Սահակյանից ու նշեց, որ վերջինս աչքի է ընկել և՛ իր լավ վարքով, և՛ բարձր առաջադիմությամբ:  Ըստ Դավիթ Դավթյանի`Վաչե Սահակյանը ևս լավ է սովորել, մարտկոցի հրամանատարը նրա մասին ևս որևէ բացասական բան չկարողացավ ասել:

Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Մովսես Ազարյանին ու Գնել Թևոսյանին, վերջիններս, ըստ Դավիթ Դավթյանի, բացասական են բնութագրվել. լավ չեն սովորել ու կարգապահ չեն եղել:

«Գնելին Մովսեսի հետ չես համեմատի, բայց նա էլ լավ չէր սովորում»,- ասաց հրամանատարը`նկատի ունենալով, որ Մովսես Ազարյանն էլ ավելի բացասական բնութագիր ուներ, քան Գնելը:

Ինչ վերաբերում է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, վկան նրան ևս դրական է հիշում. ասում է՝ կարգապահ էր, կոկիկ, լավ էր սովորում:

«Ամեն անգամ բաղնիքից հետո ուշանում էր շարքից. միշտ կոկիկ էր, մինչև իրեն լրիվ կարգի չբերեր, շարք չէր գալիս»,- ասաց Դավթյանն ու հիշեց, որ անգամ շարքից ուշանալու համար երբեմն նկատողություն է արել Հայկազին:

Վերջինս ռազմական ինստիտուտում չի ցանկացել սովորել, նպատակ է ունեցել սովորելու Ռուսաստանում, բայց չի ստացվել:

Դավթյանի խոսքով`2014-ի սեպտեմբեր ամսին Հայկազը մոտեցել է իրեն ու ասել, որ չի ցանկանում սովորել ինստիտուտում, հետո ինքը, Հայկազը և վերջինիս հայրը միասին զրուցել են, ու Հայկազը նորից շարունակել է ուսումը:

Վկայի խոսքով`դեպքից հետո ինքը փորձել է Գնել Թևոսյանից պարզել`արդյոք վերջինս որևէ տեղեկություն ունի՞: Այդ խոսակցության ժամաակ ներկա է եղել նաև Թևոսյանի հայրը`Զարմիկ Մարկոսյանն, ով այդ ժամանակ եղել է ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալը:

Դավթյանը Գնելին հարցրել է`հնարավո՞ր է`ինչ- որ բան գիտես, և Զարմիկ Մարկոսյանը թույլ չի տվել որդուն պատասխանել հարցին`նշելով, թե նա ոչինչ չգիտի: Այս զրույցի ժամանակ արդեն պարզ է եղել, որ Գնել Թևոսյանին ռազմանական ոստիկանություն են տանելու: Նախաքննական իր ցուցմունքում Դավիթ Դավթյանը մանրամասնել է, որ Զարմիկ Մարկոսյանի խոսքից հետո Գնել Թևոսյանն ասել է`«տանում են, թող տանեն, ես ոչ մի բան չգիտեմ»:

Դավթյանը հիշեց նաև, որ կուրսանտներից մեկն իրեն հայտնել է այն մասին, որ Գնել Թևոսյանի խնդրանքով վերջինիս անձնական իրերի մեջից դանակ ու հագուստ է վերցրել ու տվել հորը՝ Զարմիկ Մարկոսյանին:

Դատարանում հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը: Դրանում Դավիթ Դավթյանը գրել էր, թե կուրսանտներից մեկը`այս գործով կարևոր վկա Նորիկ Օհանջյանյանը, ով Հայկազ Բարսեղյանի ննջարանում է քնելիս եղել, իրեն ասել է, որ սպանության օրը երեք կուրսանտ մտել են ննջարան, հավաքվել Բարսեղյանի մահճակալի մոտ, նրան խեղդել: Օհանջանյանն, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, ասել է նաև, որ այդ երեքի մեջ հաստատ եղել է Գնել Թևոսյանը:

Ինչպես հայտնի է, այս գործի նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Գնել Թևոսյանի հոր`Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ, ով, ըստ մեղադրանքի, որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ է ստեղծել:

Այս գործի քննության ընթացքում բազմաթիվ կուրսանտներ հայտնել են այն մասին, որ Գնել Թևոսյանը հաճախ է բացակայել զորամասից, ինչը թույլատրելի չի եղել:

Վկա  Դավթյանին այս աչնչությամբ ևս հարցեր ուղղվեցին, և վերջինս պատասխանեց, թե Գնելին հայրը տանում, բերում էր, ու եթե անգամ չէր կարելի, ինքն իրավասու չէր այդ հարցում արգելք հանդիսանալ:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց, և մյուսը նշանակվեց հունվարի 22-ին