HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանված զինվորի հայրն առաջին ատյանի դատարանում անցկացված գաղտնի դատի մասին իմացել է, երբ գործը Վերաքննիչ դատարանում է եղել

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ բարձրաձայնել էր այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը  բանակում սպանված զինվորի հորից գաղտնի դատական նիստ է անցկացրել և 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում կայացրել սպանության համար դատապարտված, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդոկ Գալստյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Նորիկյանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, «Հետք»-ի հետ զրույցում ասաց,  որ տեղի ունեցածի մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ գործը հասել է Վերաքննիչ դատարան:

Այսպես, Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատապարտյալ Անդոկ Գալստյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ: Դատավորը դատական գործընթացը սկսելիս դրա մասի առհասարակ տեղյակ չի պահել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին:

Չնայած պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությանն ու դատախազության ներկայացուցչի առարկություններին՝ Արտուշ Գաբրիելյանը,  հղում կատարելով ՀՀ օրենսդրության մի շարք հոդվածների, հանգել է հետևության, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը հիմնավոր հետևության հանգելու համար անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման չի ենթարկել դատապարտյալ Անդոկ Գալստյանին պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար բացահայտման ենթակա հանգամանքները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:

Դատախազությունն էլ դատավորի  որոշման դեմ վերաքննիչ բողոք է տարել, որի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը դատական նիստի մասին սահմանված կարգով ծանուցել է նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին:

Ծանուցմանը կից ուղարկվել է Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու դրա վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքը:

Նորիկյանի խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.1. կետի համաձայն՝ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:

Քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3.4-րդ կետի համաձայն՝ դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար:

Մեջբերելով օրենքի  վերը նշված հղումները՝  փաստաբանն  առարկություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

«Միայն այն հանգամանքը, որ տուժողը չի ծանուցվել ստորադաս դատարանում գործի քննության մասին և, որով, ըստ էության, զրկվել է գործով դիրքորոշում հայտնելու իրավունքից, բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանը բեկանի այս գործն ու ուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության կամ փոխի դատական ակտն ու մերժի ներկայացված միջնորդությունը»,- ասաց Նորիկյանն ու ընդգծեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի արարքը Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտում է և դատական ակտի բեկանման հիմք:

Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ մերժել է վերաքննիչ բողոքը:

«Ակնհայտ ապօրինի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու միտումն  այն է, որ  ուղղակիորեն խնդիր էր դրված լուծել հարցը: Դատարանը փորձում էր մեղմել իրավիճակը, թե Վերաքննիչում ձեր լսվելու իրավունքը պահպանվել է»,- նշեց Նորիկյանը` հավելելով, որ ինքը դատարանին հակադարձել է, թե Վերաքննիչ դատարանն ընդհանուր հիմունքներով դատաքննություն չի իրականացնում, այլ  ընդամենը ստուգում է առաջին ատյանի դատարանի որոշման  օրինականությունը:

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, Արտուշ Գաբրիելյանի որոշումն օրինական է համարել:

Փաստաբանը հիշերցրեց, որ ըստ դատապարտյալ Անդոկ Գալստյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի՝ վերջինս ձեռքերով ու բռունցքներով դաժանաբար ծեծելով՝ կյանքից զրկել է պարտադիր ժամկետային զինծառայող, նորակոչիկ` 3 ամսվա զինծառայող Արամ Ոսկանի Մկրտչյանին: Այս արարքի համար Գալստյանը դատապարտվել է տասը տարի ժամկետով ազատազրկման: Որպես տուժողին վնասի փոխհատուցում դատարանի կողմից սահմանվել է 2 մլն 778 հազ. դրամ, սակայն փոխհատուցվել է մոտ 1 մլն-ը:

Դրանից հետո, ըստ Նորիկյանի, սպանված զինվորի հայրը, վրդովված և վիրավորված լինելով, գրավոր հայտնել է, որ այլևս պարտքուպահանջ  չունի: Հետագայում այս հանգամանքը բավարար հիմք է հանդիսացել իրավապահ մարմինների համար,  որ քաղաքացիական հայցի հարցը լուծված համարեն: Այս պայմաններում կալանավորի  նկատմամբ տարածվել է 2013 թվականի համաներումն ու պատժի  ժամկետը կրճատվել է 6 ամսով:  Անդոկ Գալստյանին պատիժը կրելուն մնալիս է եղել 1 տարի 4 ամիս 11 օր, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է նրան ազատել և նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter