HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆերմեր Հենրիկ Շեկոյան. «Երբ քո հալալ քրտինքով ես աշխատում, դուռը բաց, հանգիստ քնում ես»

«Կառավարությունը եթե արտագաղթը կանգնացնի, լրիվ լավ կլինի: Դսեղում արտագաղթը շատ է, ինչպես մնացած գյուղերում»,- ասում է ֆերմեր Հենրիկ Շեկոյանը:

Հենրիկը Դսեղում հայտնի է որպես աշխատող և ստեղծող մարդ: Նա ունի 13 կով, 13  մոզի, 2 մայր խոզ, 2 ձի։ Անասունների հետ տարվա մեծ մասն անցկացնում է Դսեղին մոտիկ Աղեգի սարում։ Ամառն էլ տեղափոխվում է գյուղի «Շալու դուզ» սարը:

«Իմ տնտեսության աշխատանքները իմ  ընտանիքի անդամներով ենք կատարում՝ ես, տղաս, կինս»,- ասում է Հենրիկը:

Մեզ հետ զրույցում ֆերմերը նախ ներկայացրեց անասնապահությունից իր ստացած եկամուտները. «Մի կովը ամենապակասը տարեկան միջինը 40կգ կարագ է տալիս: Ես 13 կթու կով ունեմ, տարեկան մոտ 300կգ կարագ եմ ստանում, շուրջ մեկ տոննա պանիր եմ արտադրում: Պարզ ասեմ` էս տարի 6 հատ ցուլիկ եմ 4 հազար դոլարով ծախել, տեղը մի հատ «Վիլիս» ավտոմեքենա եմ առել, պլյուս դրան` 3 հատ էլ կովացու եմ թող արել: Սեփական տրակտոր ունեմ: Դե, անասուն է, պատահում  է սարումը մինն էլ գելն է տանում, մինն էլ հիվանդանում, սատկում է: Ոնց ասես, ըլում ա»: 

Հենրիկի ասելով` գոճի հազվադեպ է ծախում, հետը տանում է սար: Այնտեղ «շմաթով՝ կաթի շիճուկով, որը կարում են, կաթնաշոռ  են եփում՝ մոթալ անում, որն էլ չէ՝ տալիս են իրենց խոզերին»: Ասում է` խոզը միայն Նոր տարուն է մորթում և ծախում:  

«Էս տարի 10 հատ բուրվակ եմ ծախել, 1 մլն դրամ էլ էդտեղից եմ եկամուտ ստացել, թող դրա մի 200 հազար դրամը կերի համար ծախսած լինեմ: Էդ էլ ասեմ` կերի վրա շատ չեմ փող ծախսել, քանի որ էս տարի մեր Աղեգի սարի մոտի անտառում կաղինը ուժեղ  բռնած էր, խոզն անեի անտառն ու էնա էկոլոգիապես մաքուր սնունդ ուտեին խոզերս: Ես միայն էկոլոգիապես մաքուր սնունդ եմ տալիս իմ անասուններին»,- հավաստիացնում է Հենրիկը:

Ինքն ու կինը  նախորդ տարի 25-30 պարկ կաղին են հավաքել Աղեգի սարի անտառից, դեռ մինչև հիմա էլ կաղինով եւ իրենց պատրաստած խտացված կերով են կերակրում խոզերին։

Ասում է, որ տնտեսությունը «մտածված է ղեկավարում»: Դսեղում մարդիկ կան մինչև մայիսի 20-ը իրենց անասունը գյուղում են պահում՝ խոտ են տալիս: Ինքը ապրիլի 10-ից, եթե տարին  բարենպաստ է լինում, անասունը վերցնում, գնում է Աղեգի սարը։

Հենրիկի տունը

«Եթե գյուղում կովերին պետք է ուտացնեմ երկու ավտո խոտ, սարումը կովերիս տալիս եմ 200 կգ խոտ: Սարում անտառի մեջը արոտ ա: Սարումը ապրիլին կանաչը արդեն դուրս եկած է լինում»,-բացատրում է նա: 

Հենրիկ Շեկոյանը երկար տարիներ Դսեղի սովխոզում բանվոր, ապա անասնապահ  է աշխատել: Անասնապահության 45 տարվա փորձ ունի: Խորհրդային տարիներին Դսեղում խոզարած է եղել, դրա հետ մեկտեղ սովխոզի 12 կովն է պահել: Աշխատանքը սովխոզից է սկսել: Խորհրդային համակարգի փլուզումից հետո Հենրիկ Շեկոյանն իր սեփական անասուններն է պահում: Մեզ հետ զրույցում պնդում է, որ աշխատող մարդն իրեն ապահով է զգում եւ խիղճը հանգիստ է ապրում:

«Իմ  տան դուռը բաց էր, երբ դուք թակեցիք: Երբ քո հալալ քրտինքով ես աշխատում, դուռը բաց հանգիստ քնում ես: Ոչ ոք քեզ չի մեղադրի հալալ աշխատանքով ապրելու համար: Սովխոզի համար 30-40 տոննա խոտ էի հնձում, 10 տոննան ինձ էր մնում, 20 տոննան տալիս էի սովխոզին: Դրա դիմաց ինձ աշխատավարձ պետք է տային, աշխատավարձ չտեին, վերջում պարզվեց, որ մեզ փող է հասնում»,- հիշեց նա:

Ասաց` խոտի հարցով տղան է զբաղվում, մինչև ապրիլի վերջ իր կովերը ապահովված են խոտով:

Հենրիկի  համոզմամբ` «վերևների ունևորը խիղճը հանգիստ չի կարա քնի». «Անքրտինք փող շատ ունեն, կվախենան: Ես անփող մարդ չեմ, սիրտս ինչ ուզում է, առնում եմ, ուտում, բայց` իմ քրտինքով: Ես ոչ մեկի կոպեկը չեմ ուտում»,- ասում է ֆերմերը: 

Հենրիկի խոսքով` նորմալ ապրելու համար մարդուն միայն աշխատանք է պետք, ուրիշ ոչ մի բան: Կյանքում ինչ լավ բան լինում է՝ աշխատելով է լինում. «Ցանկացած գործ էլ դժվար է: Դու էլ ուղեղիդ ես զոռ տալիս, որ հացիդ փողն աշխատես: Մարդիկ ամենքը մի ձևով աշխատում են: Ես չեմ գնա գեղամիջումը պարապ կանգնեմ, որ մեկից պապիրոս ուզեմ, չնայած չեմ էլ ծխում: Էնա` կաշխատեմ, ամեն ինչ կունենամ: Աշխատող մարդը, ուզում է քաղաքում ապրի, ուզում է` գյուղում, ո՞նց կարա սոված մնա: Էն մարդը, որ ֆիզիկապես առողջ է ու սովել ա, նա մարդ չի: Մեր գյուղում մի մարդ կար, Բաղդան ասեինք, մի քիչ տարօրինակ էր, երգ էր կապել, ասում էր` սոված մարդիկ պատերի տակ ննջում են»: