HY RU EN

Ամալյա Մարգարյան

Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա» TV-ի. գործը Վերաքննիչ դատարանում է

Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի վերաբերյալ: Նա պահանջում է վերացնել կայացրած վճիռը եւ հատուցել արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասը։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատարան էր դիմել` պահանջելով «Արմենիա» հեռուստաընկերությունից, մասնավորապես` «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրողներ Նելլի Հարությունյանից և Վահե Ղազարյանից իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվությունը հերքել և հրապարակավ ներողություն խնդրել:

Ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Նաիրա Ավետիսյանի, 2017-ի օգոստոսի 17-ին մերժել է Սեֆիլյանի հայցը։ Հայցադիմումի մեջ նշված է, որ «Սուր անկյան» հերթական հաղորդման ժամանակ Արցախյան հերոսամարտի երկու հրամանատարների սխրանքների մասին են պատմում, ապա զուգահեռներ անցկացնում Սեֆիլյանի հետ: Ներկայացվում է մի դեպք, որտեղ Սեֆիլյանն իբր ռազմի դաշտում թողել է նռնակի պայթյունից ենթադրաբար զոհված զինվորին, իսկ ինքը նստել 2 ձիերից մեկը և հեռացել:

Այսօր Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Հարություն Ենոքյանը հրապարակեց վերաքննիչ բողոքը, որտեղ շարադրված էր «Սուր անկյուն» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ ներկայացված եղելությունը: Նշված էր, որ փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նռնակի պայթյունից վիրավորվել են Արարատ Սարգսյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ գնդի այլ զինվորներ։

«Տեսանյութում չի խոսվում, որ Ժիրայր Սեֆիլյանը լուրջ վնասվածք է ստացել եւ զրկվել է տեղաշարժվելու հնարավորությունից, իսկ Արարատ Սարգսյանի զոհվելու եւ նրան մարտադաշտում թողնելու մասին Ժիրայր Սեֆիլյանն իմացել է ժամեր անց, երբ նրան տեղափոխել են անվտանգ գոտի»,- ներկայացված էր բողոքում։

Բողքում հայցվորն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ Ժիրայր Սեֆիլյանին ձիու վրա չեն հանել մարտի դաշտից, այլ երկու ձիերով էլ տեղափոխել են վիրավոր զինվորների, իսկ Սեֆիլյանին տեղափոխել են պատգարակով։

«Տվյալ դեպքում ողջամիտ բոլոր հնարավորությունները չեն ճշտել քննության իրականության հանգամանքները, ավելին՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ չեն կապվել, ինչը փաստում է այն մասին, որ լրագրողը չի ցանկացել պարզել ճշմարտությունը»,-նշված էր բողոքի մեջ։

Դատարանը հայտնեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը բողոքի պատասխանը ներկայացրել է ուշացումով, ուստի այն քննության առարկա չի դառնալու։ Սակայն 2017թ.փետրվարի 17-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը հայտնել է, որ հայցվոր կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ տարածված զրպարտության ու վիրավորանքի վերաբերյալ։

Այսօրվա նիստին դատավորի կողմից բողոքը հրապարակելուց հետո Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հավելեց, գործը վերաբերում է պետության կողմից քաղաքացու բարի համբավը հեղինակազրկելուն, քանի որ կատարվել է ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերություններից մեկով։

«Հաղորդման մեջ նշվել էր, որ հաջորդ հաղորդումը, որը պիտի որպես շարունակություն լինի, պետք է հրապարակվի հունիսի 19-ին, սակայն հունիսի 20-ին Սեֆիլյանին ձերբակալել են։ Ժիրայր Սեֆիլյանի գործարար համբավն ու արժանապատվությունը արատավորվել է գիտակցաբար, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի»,- հայտնեց Հայրապետյանը։

Ընդհանուր իրավասության դատարանը վճռի մեջ ներկայացվածը համարել էր քննադատություն եւ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանը որպես քաղաքական գործիչ պետք է ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորի իր հանդեպ քննադատությունների նկատմամբ, քանի որ հանրաճանաչ անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների գործողությունները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, և հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինել իր քաղաքական և հասարակական գործիչների մասին:

Դատարանը համարել էր, որ քննարկվող արտահայտությունները չեն կարող համարվել վիրավորանք, քանի որ ակնհայտորեն չեն գերազանցել իրավաչափության սահմանները:

Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ ընդհանուր իրավասության դատարանն անտեսել է ներկայացված փաստերը, հաղորդումը դիտարկել որպես քննադատություն. «Դատարանն անտեսել է, ասել՝ ոչինչ, որ տեղի է ունեցել զրպարտություն, Ժիրայր Սեֆիլյանը հանրաճանաչ գործիչ է, ուստի կարելի է զրպարտել։ Սա իրավաբանություն չէ»։

Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 25-ին։