
Նիկոլ Փաշինյան․ «Ի՞նչ ուտեն աղքատները, թանկացել է կարտոֆիլը»
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով գնաճին, հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն խոսքերը, թե գնաճը չի ազդի աղքատների վրա, քանի որ նրանք կարտոֆիլ են ուտում։ Պատգամավորը հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` կարտոֆիլի «գները թռել են»։
«Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն աղքատները, հայտնի խաղի կանոններով ուզում եմ պատասխանի չորս տարբերակ առաջարկել՝
- խառը կանաչի, որը էժանացել է 48,5%-ով,
- սխտոր, որը էժանացել է 22%-ով,
- կանաչ սոխ, էժանացել է 18,2%-ով,
- տաքդեղ, որը էժանացել է 12,1%-ով»,-իր տարբերակներն առաջարկեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորին ԱՎԾ-ի տվյալները հրապարակելու համար։
«Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսակից առավել մեծ կալորիականություն ապահովող ապրանքների այն ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին։ Կարծում եմ` Ձեր հարցը հռետորական էր, և ես մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»,-ասաց Գաբրիելյանը։
Փաշինյանը հակադարձեց՝ իր հարցը հռետորական չէր, պարզապես ուզում է ցույց տալ, որ Կառավարության պնդած 2,6% գնաճը ԱՎԾ-ն ինչպես է ստացել։
«ԱՎԾ-ն տալիս է, որ կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը` 38%-ով, կարտոֆիլը` 28%-ով, հարցն այն է, թե ինչպես են ստացել գնաճի 26%-ը, որովհետև դրան համադրել են խառը կանաչու, սխտորի գնանկումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել