
Հայաստանի հավաքականը տարին սկսում է 90-րդ հորիզոնականում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2018 թ. առաջին վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը, որն անցյալ տարին ավարտել էր 90-րդ հորիզոնականում, չի տեղաշարժվել: Մեր ընտրանին ունի 383 վարկանիշային միավոր: Ընդ որում՝ այս հորիզոնականը Հայաստանի հավաքականի հետ կիսում է Սալվադորի ընտրանին, որը նախորդ ամսվա համեմատ 10 հորիզոնական վեր է բարձրացել:
Համաշխարհային ցուցակի առաջին 14 հորիզոնականներում փոփոխություն չկա: Առաջատարը կրկին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան է, հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է, որը 35-րդն է, Ռուսաստանը 62-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 77-րդ, Էստոնիան՝ 88-րդ, մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում աշխարհի գալիք առաջնության մասնակից Իրանն է (34, -2), Թուրքիան 41-րդն է (+1), Վրաստանը 104-րդն է (0), իսկ Ադրբեջանը՝ 118-րդը (-1):
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի փետրվարի 15-ին:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել