
«Գոլդ» համարանիշեր ձեռք բերելու համար հայաստանցիները ծախսել են 23 մլն դոլար
Դիանա Ղազարյան
Հայաստանցիները վերջին 7 տարիներին ավելի քան 23 մլն դոլար են ծախսել «գոլդ» համարանիշեր ձեռք բերելու համար: Ովքե՞ր են դրանց տերերը։ Ինչո՞ւ են մարդիկ միլիոնավոր դրամներ վճարում դրանց համար:
«Գոլդ» համարանիշը յուրահատուկ այցեքարտ է։ Երբեմն կատակով ասում են` «Ասա մեքենայիդ համարները, ասեմ՝ ով ես դու»։ Տարիներ առաջ «գոլդ» համարանիշեր հիմնականում ձեռք էին բերում ծանոթի միջոցով կամ կաշառքով, 2006 թվականին փոխվեց կարգը, եւ այն դարձավ վճարովի։ Ունենալով նման համարանիշեր` ունենում ես հստակ կարգավիճակ, հայտնվում ես «ընտրյալների» խմբում ու որոշակի «արտոնություն» ստանում։ Ճանապարհային ոստիկանները զգուշանում են նման համարանիշերով մեքենաներ կանգնեցնելուց, նույնիսկ ակնհայտ խախտումների դեպքում, որովհետեւ երբեմն նրանց համար դա կարող է ճակատագրական լինել եւ դառնալ կարիերայի ավարտ։
«Գոլդ» համարանիշերը ձեռք են բերում պաշտոնյաները, գործարարները կամ նրանց հարազատները։ Տարբեր պաշտոնյաներ, կարծես թե թուլություն ունեն տարբեր թվերի նկատմամբ, օրինակ` հայտնի է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սեր ունի 6-երի, Գագիկ Ծառուկյանը` 8-երի, Աշոտ Արսենյանը` 5-երի նկատմամբ եւ այլն։ Բայց այս համարանիշերը նրանք ձեռք էին բերել վերոհիշյալ կարգի հաստատումից առաջ։
Լավագույն «գոլդերն» արժեն 8 մլն դրամ
«Հետք»-ը ճանապարհային ոստիկանությունից ստացել է 5 և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերի սերիաները և պարզել դրանց մի մասի սեփականատերերին։ Նրանք միլիոնավոր դրամներ են վճարել ընդամենը նույն տառերով և թվերով համարանիշ ունենալու համար։
Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները թանկ համարների սիրահարներ են։ Նրանք այնքան ֆինանսական միջոցներ ունեն, որ գնել են 5 և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշեր։[1]
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ճանապարհային ոստիկանությունից գնել է երկու թանկ համարանիշ։ Մեկը գնել է 8 մլն, մյուսը՝ 5 մլն դրամով։ Համարանիշերից մեկը պատկանում է նրա հորը՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եդոյանին։ Քաղաքապետարանի այս պաշտոնյային են պատկանում 11 -- 111 և 11-- 111 համարանիշերը։
Արման Եդոյանի անունը բազմիցս հայտնվել է աղմկոտ պատմություններում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա այժմ կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։ Գործով այս պահին զբաղվում է ոստիկանությունը։
2015 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է: Ինչպես «Հետք»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հետիոտնը հանգիստ վազքով մուտք է գործել երթևեկելի գոտի և փորձել հատել ճանապարհը, սակայն վարորդը չի հասցրել արգելակել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նրան: Վրաերթի փաստով հարուցվել է քրեական գործ, սակայն հետագայում կարճվել է: Քննություն իրականացնող մարմինը որոշել է վարչության պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ նա վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և վրաերթը պայմանավորող ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ թույլ չի տվել:
Եդոյանը նախկինում աշխատել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ, սակայն 2011 թվականին, երբ Տարոն Մարգարյանը ստանձնել է քաղաքապետի պաշտոնը, Եդոյանին իր ղեկավարած կառույցից բերել է քաղաքապետարան։ Երևանի ավագանու այս տարի հաստատած հաստիքացանկով Արման Եդոյանը որպես բաժնի պետ ամսական ստանում է 346 հազար դրամ։ Փաստորեն, ձեռք բերած մեկ համարանիշի արժեքը Եդոյանի երկու տարվա աշխատավարձն է։
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 8 մլն դրամով ձեռք է բերել 55 -- 555 սերիայով համարանիշ։ Համարանիշն օգտագործվում է սպիտակ գույնի «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած 3 տարիների հայտարարագրերում մարզպետը նշել է, որ եկամուտները հավաքագրվել են աշխատավարձերից, որոնք 2014-ին կազմել են 2,5 միլիոն դրամ, իսկ 2015-2016 թթ.` 6,2 մլն դրամ։ Չնայած` մարզպետի դրամային և դոլարային միջոցներն այդ տարիներին «համեստ» չեն եղել։
Պատգամավորներն ու նրանց զավակները ևս հակված են թանկ համարանիշեր ձեռք բերել։ Օրինակ` 8 մլն դրամ արժողությամբ 88 -- 888 համարանիշը թեև գրանցված է Կարեն Թովմասյանի անունով, սակայն մամուլի հրապարակումների համաձայն` այդ համարանիշով ավտոմեքենա վարում է ԲՀԿ-ից ընտրված նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) որդին՝ Վարդան Կարապետյանը: Նա բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում` իր «Բենթլի Կոնտինենտալ 6.0» մակնիշի ավտոմեքենայով արած խախտումների պատճառով։
Ազգային ժողովի շենքի դիմաց լրատվամիջոցները նկարահանել են պատգամավորների թանկարժեք ավտոմեքենաները, որոնց շարքում ևս եղել է այս համարանիշով ավտոմեքենան։ Նշենք, որ պատգամավորն ամենաթանկ համարանիշը ձեռք է բերել այն տարում , երբ դրանց արժեքը կրկին 8 մլն դրամից սակարկվել էր 5 մլն-ի։
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը ևս «գոլդ» համարանիշերի սիրահար է։ Պատգամավորի կնոջ՝ Կարինե Մխիթարյանի անունով է գրանցված 33 -- 333` 8 մլն դրամ արժողությամբ համարանիշը։
8 միլիոն դրամանոց հաջորդ՝ 99 -- 999 համարանիշը Սերգե Սոֆոյանին է պատկանում, որն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին է: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներով՝ 23-ամյա երիտասարդը վարում է 99 -- 999 համարանիշով սև գույնի G դասի «Մերսեդես-Բենց»: Ի դեպ, Սերգե Սոֆոյանին պատկանող «Դամալա Գրուպ» ընկերությանը կառավարությունը դեկտեմբերին օտարեց ավելի քան 6300 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ շուրջ 5,8 հա մակերեսով հողամաս: Ստացվում է՝ եկամուտները թաքցրած նախկին պատգամավորն ու որդին ոչ միայն այնքան միջոցներ ունեն, որ որոշել են օտարված տարածքում կոշիկի և հագուստի արտադրություն հիմնել, այլև 8 մլն դրամ արժողությամբ համարանիշ են գնել:
Հարուստները «7» և «9» թվերն են սիրում
«Հետք»-ն ունի 5 մլն (ներկայիս 8 մլն դրամ արժողությամբ) և 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերի տվյալները: Դրանցից կարելի է ենթադրել, որ 8 մլն դրամ արժողությամբ համարանիշ ձեռքբերողներն ավելի շատ նախընտրել են 9 թվերով համարանիշերը, իսկ երբ դրանց սակագինը նվազել է՝ հասնելով 5 մլն դրամի, առավել շատ գնել են «7»-երով համարանիշերը։
«Գոլդ» համարանիշ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը հպարտանում են իրենց թանկարժեք ավտոմեքենաներով և համարանիշերով: Սոցիալական ցանցերի շքեղ ավտոմեքենաների էջերում կարելի է գտնել այդ մեքենաներով և «գոլդ» համարանիշերով հպարտացող պաշտոնյաների զավակների լուսանկարները: Այդ լուսանկարները հրապարակված են ոչ միայն նրանց սոցիալական ցանցերի անձնական էջերում, այլև այդ ցանցերի` Հայաստանի ամենաթանկ և շքեղ ավտոմեքենաները ներկայացնող էջերում:
Հայաստանցիները «գոլդ» համարանիշերի համար ավելի քան 11 մլրդ են վճարել
Ինչպես փաստում են տվյալները՝ հայաստանցիները պատրաստ են միլիոնավոր դրամներ վճարել ավտոմեքենայի համարանիշ ձեռք բերելու համար: Տարիներ շարունակ ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի վաճառքից ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ միլիարդավոր դրամներ են մուտքագրվել:
2010թ. հունվարից մինչև 2017թ. օգոստոսի 31-ը ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի վաճառքից գոյացել է 11 մլրդ 297 մլն դրամ կամ ավելի քան 23 մլն դոլար:
Այս գումարներով հոգացել են ճանապարհային ոստիկանության ծախսերը:
Եթե հաշվի առնենք ոստիկանության՝ 2010-ից մինչ 2017-ի օգոստոսի 31-ը մեզ փոխանցած տվյալները, ապա «գոլդ» համարանիշ ամենաշատը ձեռք է բերվել 2012 թվականին: Միայն այդ տարի «գոլդ» համարանիշերի ընդհանուր վաճառքից հավաքագրվել է 2 մլրդ 291 մլն դրամ: 2013-ը ճանապարհային ոստիկանության համար ևս բարվոք տարի է եղել: Այդ տարի ցանկալի համարանիշերի վաճառքից ստացվել է 2 մլրդ 144 մլն դրամ:
Եթե, օրինակ, համեմատենք 2010-ի և 2012-ի վաճառքի տվյալները, ապա 2012-ին այդ գումարը մոտ 7 անգամ գերազանցում է:
Ցանկալի համարանիշերի վաճառքից հավաքագրված գումարները՝ ըստ տարիների
Ստացվում է՝ որոշ քաղաքացիներ պատրաստ են պետհամարանիշի համար վճարել այնքան, որքան արժե միջին կամ էլ դրանից բարձր գին ունեցող ավտոմեքենան: Հայաստանում այդ համարանիշերի արժեքով սոցիալապես միջին ապահովության ընտանիքը կարող է երկու տարի ապրել՝ միջինում ամսական ծախսելով 300 000 դրամ։
Հայաստանում անգամ կարող ես պետհամարանիշ գնելու համար վարկ վերցնել։ Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկը առաջարկում է 100.000-1.500.000 մլն դրամ արժողությամբ վարկեր: Տրամադրվող վարկի չափը կախված է վարկ վերցնողի աշխատավարձի չափից: Ինչպես հայտնեցին վարկային կազմակերպությունից, պետհամարանիշի համար տրվող վարկը ձևակերպվում է որպես սպառողական վարկ։ Վարկը տրվում է աշխատավարձի եռապատիկի կամ վեցապատիկի չափով՝ կախված նրանից` աշխատավարձը վարկատուն ստանում է առձե՞ռն, թե՞ քարտով։ Քարտով ստանալու դեպքում վարկի տրամադրման առավելագույն չափը աշխատավարձի վեցապատիկն է։
50 համարանիշի վաճառքից՝ 319 մլն դրամ
Ինչպես վերևում նշեցինք՝ ամենաթանկ պետհամարանիշն արժե 8 մլն դրամ, եթե համարանիշում համընկնում են նույն տառային և թվային միավորները։ 8 մլն-ը ավելի քան 16 հազար դոլար է:
2012թ. ապրիլի 3-ից` միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի, ներդրման և կիրառման օրվանից մինչև մայիս՝ 8 մլն դրամանոց 23 համարանիշ է վաճառվել: Այսինքն՝ 6 տարվա ընթացքում միայն 8 մլն դրամ արժողությամբ համարանիշի վաճառքից հավաքագրվել է 184 մլն դրամ կամ մոտ 380 հազար դոլար:
2016 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկապետը որոշել էր 8 մլն դրամ արժողությամբ համարանիշի գինը նվազեցնել մինչեւ 5 մլն դրամ։ Այդ ժամանակ 5 մլն դրամանոց ավելի շատ՝ 27 զույգ համարանիշ է վաճառվել՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջե մուտքագրելով 135 մլն դրամ:
2012-ից մինչ օրս ամենաշատը պահանջարկ ունեցել են 1,2 մլն դրամ արժողությամբ համարանիշերը: 2017թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ այդ արժեքով 447 համարանիշ է վաճառվել: Մեծ է եղել նաև 1,5 մլն դրամ արժողությամբ համարանիշերի պահանջարկը: Հանրապետությունում այդ արժեքի 342 համարանիշ կա:
Համարանիշերի գները նվազեցին և կրկին աճեցին
Ցանկալի պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին լրացումների և փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեն 60 000-8 000 000 դրամ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահավոման մասին» օրենքով սահմանված է՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները ոստիկանության պետ Վովա Գասպարյանի որոշմամբ 2016թ. նոյեմբերի 14-ից նվազել էին, որոշումը կրկին փոփոխվել է` սակագները բարձրացվել են, և նորից շրջանառության մեջ են դրվել 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերը:
Հ.Գ. Թեեւ ավտոմեքենաների լուսանկարները վերցրել ենք սոցիալական ցանցերից եւ համացանցային բաց աղբյուրներից, սակայն հաշվի առնելով, որ դրանք անձնական տվյալներ են, համարանիշերի տառային տվյալները ծածկել ենք:
[1] Ուղղում (22 հունվար 2018). հոդվածում փոփոխություն է կատարվել: Մասնավորապես՝ գրել էինք, որ «Տարոն Մարգարյանի օգնական Արմեն Բունիաթյանի որդին՝ 25-ամյա Արման Բունիաթյանը, վարում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ 8 մլն դրամ արժողությամբ 11-- 111 համարանիշով»։ Իրականում նշված մեքենան պատկանում է ոչ թե քաղաքապետի օգնական Արմեն Բունիաթյանի որդուն, այլ բոլորովին այլ Արման Բունիաթյանի: Այս անճշտության համար հայցում ենք Արմեն Բունիաթյանի եւ ընթերցողների ներողամտությունը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել