
Պատգամավորների հովանավարությամբ ծեծում են լրագրողներին
ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահ Գագիկ Ստեփանյանը օգոստոսի 24-ին «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանի նկատմամբ բռնություն է կիրառել Ծաղկաձոր քաղաքում:
Անտառի մեջ թաղված Ծաղկաձորը Հայաստանի հանգստյան հայտնի գոտիներից է դեռեւս Խորհրդային տարիներից: Այստեղ էին մարզվում խորհրդային մարզական շատ կոլեկտիվներ: Այսօր Ծաղկաձորը ավելի հայտնի է նրանով, որ այստեղ պարբերաբար հանգստանալու է գալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով` Հայաստանի հայտնի օլիգարխները, տարբեր պաշտոնյաներ Ծաղկաձորում կառուցում են իրենց առանձնատները: Իսկ քանի որ քաղաքում ազատ տարածքներ չկան, նրանք հատում են անտառները եւ կառուցում իրենց հսկայական առանձնատները:
Հենց այս առանձնատների մասին էին նյութ պատրաստում լրագրողները, երբ սափրած գլուխները հարձակվեցին նրանց վրա: Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հանրությանը հայտնի է «Ալրաղացի Լյով» մականունով: Նա Սերժ Սարգսյանի շրջապատից է: 2003թ. աչքի է ընկել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավում ցուցաբերած ակտիվությամբ եւ ներդրած մեծ գումարներով:
Լեւոն Սարգսյանի ընկերությունները զբաղվում են ալյուրի ներկրմամբ եւ արտադրությամբ: Նրա ընկերություններից է ՀՀ պաշտպանության նախարարությունը գնում բանակին անհրաժեշտ ալյուրը: Դա նշանակում է, որ քանի դեռ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն է, Լեւոն Սագսյանը արտադրանքի սպառման խնդիր չի ունենա:
Մեզ հայտնի է նաեւ մի ուշագրավ փաստ. ապրիլի 5-ին Նաիրի կինոթատրոնի դիմաց, երբ ընդդիմության հանրահավաքը լուսաբանող լրագրողներին ծեծում էին, «Ալրաղացի Լյովը» նստած էր կողքի «Օսկար» սրճարանում: Նրա սափրած գլուխներով թիկնապահները այդ բռնություններն իրականացնողների մեջ էին: Փաստորեն, մի քանի մետր հարեւանությամբ գտնվելով` նա ղեկավարել է թիկնապահների գործողությունները:
Ապրիլի 5-ին լրագրողների վրա հարձակված մյուս սափրած գլուխները ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էին: Գ. Ծառուկյանը, որը հանրությանը հայտնի է «Դոդի Գագո» մականունով, դեպքից հետո հերքեց իր թիկնապահների մասնակցության փաստը: Իրականությունն այն է, որ մինչեւ ապրիլի 5-ը այդ թինապահները Գ. Ծառուկյանի թիկնազորում էին: Գ. Ծառուկյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից է եւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը: Չնայած դրան` ըստ փաստաթղթերի նրա ընկերությունները վնասով են աշխատում: Այս օլիգարխն էլ Ծաղկաձորում անտառի մի հսկա հատված հատելով` կառուցել է առանձնատներ եւ քոթեջներ:
Օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է մի հաղորդագրություն այն մասին, թե Ծաղկաձորում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Օգոստոսի 28-ին հանրապետության մի շարք լրատվամիջոցներ կազմակերպեցին բողոքի համատեղ ակցիա` 90 լրագրողներով մեկնելով Ծաղկաձոր: Շրջելով Ծաղկաձորում` լրագրողները նկարահանեցին անտառի բնապահպանական վիճակը եւ տարբեր պաշտոնյաների ու գործարարների առանձնատները:
Այստեղ ծառեր էին
Ծաղկաձորում լրագրողներն առաջինը եղան ԱԺ պատգամավոր, «Մուլտի» գրուպ ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալվածքներում կամ, ինչպես գրված էր ցուցանակին, «Հանգստյան գոտում»:
Ի սկզբանե, Գ. Ծառուկյանը գնել էր 4,4 հա տարածությամբ Տերեշկովայի անվան ճամբարը, որտեղ կար երկու շինություն: Այժմ այս տարածքն ընդլայնելով մոտ 20 հա տարածության վրա վերացնելով անտառը` պատգամավորը կառուցել է 21 քոթեջ:
Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «նախագծով այս տարածքում պետք է լինի 26 քոթեջ»: Այսինքն` դեռ 5 քոթեջ կարող է ավելանալ:
Լուսանկարներում դուք տեսնում եք այդ քոթեջներից մի քանիսը եւ հատված ծառերը:
Սա դեռ ամենը չէ:
Այս տարածքի հարեւանությամբ Գ. Ծառուկյանը կառուցել է երկու հսկա առանձնատուն:
Այսօրվանից «Հետք»-ը սկսում է հրապարակել Ծաղկաձորի կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցված առանձնատների սեփականատերերի անունները:
Մեկնաբանել