
Կարեն Կարապետյանին ներկայացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը
Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները, փոխանցում է գործադիրի պաշտոնական կայքը:
Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել:
Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը և առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:
Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող փոխադրամիջոցներին:
Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիրը և սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը: Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում արդյունքներ արձանագրելու համար:
Մեկնաբանել