
Աշտարակի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթող է ճանաչվել նրա եղբայրը
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին որոշել է եղբորը՝ Խաչիկ Շահվերդյանին վաճառել Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 792 քմ մակերեսով հողամասը:
Հողամասի վաճառքի գինը կազմել է 1 881 504 դրամ: Այսինքն՝ Խաչիկ Շահվերդյանը հողամասի յուրաքանչյուր քմ-ի համար վճարել է 2 375 դրամ: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում ասվում է. «Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը». այսինքն՝ Թովմաս Շահվերդյանը, ով գլխավորել է աճուրդային հանձնաժողովը, իրավունք չուներ եղբորը համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս օտարել:
Աշտարակի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված որոշումից կարելի է ենթադրել, որ քաղաքապետի եղբայրը Աշտարակի ձորում պետք է շինարարություն սկսի, քանի որ դրանում առանձնացված կետով նշված է, որ շինարարությունը պետք է սկսվի հողամասի գործառնական նշանակության փոփոխելու, տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
Այդ իսկ պատճառով, քաղաքապետը քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին հանձնարարարել է, վերը նշված հանգամանքները ընդունել ի գիտություն:
Քաղաքապետի որոշման մեջ ասվում է, որ Խաչիկ Շահվերդյանին հողամասը վաճառում է՝ հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 7-ի՝ համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին որոշումը: Իսկ արդեն իսկ ընդունված որոշումից պարզ է դառնում, որ Խաչիկ Թահվերդյանը նոյեմբերի 24-ին հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողով՝ հողամասը ձեռք բերելու համար: Հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին նրան հաղթող է ճանաչել և վաճառել 792քմ մակերեսով տարածք: Սեպտեմբերի 7-ի ավագանու որոշումում հողմասի գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով: Հողային օրենսգրքի 67 հոդվածը սահմանում է, որ «... աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից...»: Սակայն դա չի նշանակում, որ մեկնարկային արժեքը կարելի է 50% սահմանել: Հատկապես, երբ ողջ հանրապետությունում հողի կադաստրային արժեքը չի փոփոխվել վերջին 20 տարում:
Քաղաքապետի ընդունած որոշումից պարզ չի դառնում՝ Խաչիկ Շահվերդյանը հողմասը ձեռք է բերել մեկնարկային գնո՞վ, թե՞ ավել գումար է վճարել: Եվ՛ ավագանու, և՛ թե քաղաքապետի որոշումների մեջ բացակայում է այս հողամասի մեկնարկային գինը:
Ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ քաղաքապետ Թովմաս Շավերդյանն ու Խաչիկ Շահվերդյանը գրանցված են Աշտարակ քաղաքի նույն հասցեում: Նշենք, որ Շահվերդյանը քաղաքապետ է ընտրվել 2016թ. սեպտեմբերի 18-ի ընտրություններով:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին հրապարակում էինք ունեցել այն մասին, որ Աշտարակի ավագանու անդամները վերջին երկու տարիներին, օրենքի խախտմամբ, իրենք իրենց հարկային և գույքային արտոնություններ են տվել, մասնակցել այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։ Մեր այդ հրապարակումից հետո ավագանին նիստ էր հրավիրել և անվավեր ճանաչել ավագանու այդ անդամների ստորագրությունները:
Լուսանկարում՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը / www.facebook.com/TovmasShahverdyan/
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել