HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրում ու Ճանապարհային ոստիկանությունում բարեփոխումներ են իրականացվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 2011թ. ընթացքում կադաստրի համակարգում կատարված աշխատանքներին, այդ թվում իրականացված բարեփոխումներին և 2012թ. նախատեսված ծրագրերին:

Բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությունը բարձրացնելուն, վարչարարությունը պարզեցնելուն, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփումը հնարավորինս բացառելուն և հետևաբար համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:

Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ այդ նպատակով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրումը քաղաքացիներին:

Կվերացվի նաև դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել՝ առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով՝ առցանց:

Իրականացված աշխատանքների արդյունքում համակարգի գործառույթներից օգտվելու դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի նաև դիմումի մուտքագրման համար բանալի, որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին:

Ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն՝ պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացնի բացառապես մասնավոր հատվածը՝ համապատասխան որակավորում ստացած մասնագետները, կվերանա նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է լինելու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Նախագահն այսօր այցելել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն: Այստեղ ևս Սերժ Սարգսյանին ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները և զարգացման առաջիկա ծրագրերը:

Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երևանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ և 40 դիտարկման տեսախցիկ մայրաքաղաքի 10 խաչմերուկում: Ծրագիրն իրականացնող ընկերությունը ՀՀ ոստիկանությանն է տրամադրել մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկներ:

Հետագա 6 տարվա ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երևանում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ և 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:

Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. ներդնել 9 մլն 849 հազար 562 եվրո՝ համակարգը զարգացնելու նպատակով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր և հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Որպես սկիզբ՝ նա կարևորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչն զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության խախտումները նվազեցնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter