
Ծառայողական ավտոմեքենաները կրճատվում են, բայց գնվում են նորերը
2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարությունն Ազգային ժողով էր ներկայացրել պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերաբերյալ տեղեկանք: Ըստ այդ տեղեկանքի՝ 2018թ.-ին, նախորդ տարվա համեմատ, նախատեսվում է 41 միավորով կրճատել ավտոմեքենաների թիվը:
Պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը 2017թ. եղել է 915 միավոր, 2018-ին, ըստ ներկայացրած տեղեկանքի, լինելու է 874:
2017թ. վերջին մի քանի գերատեսչություններ թարմացրել են իրենց ավտոմեքենաների պարկը: Դեկտեմբերի 22-ին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագիր է կնքել Կրթության և գիտության նախարարությունը:
Ձեռք է բերվել թվով 2 ավտոմեքենա՝ 19 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով: Ըստ տեխնիկական բնութագրերի, ավտոմեքենաները պետք է ունենան 112 ձիաուժ շարժիչի հզորություն, պետք է նախատեսված լինեն բենզինով աշխատելու համար, ունենան սև կամ սպիտակ գույն:
Նույն օրն ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագիր է կնքել նաև Վերահսկիչ պալատի աշխատակազմը: Մատակարարը դարձյալ նույն ընկերությունն է՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն: Վերահսկիչ պալատը ձեռք է բերել մեկ հատ Toyota Camry ավտոմեքենա՝ 14 մլն 110 հազար դրամ արժեքով և 3 հատ Toyota Corolla՝ յուրաքանչյուրը 9 մլն 730 հազար դրամ: 4 ավտոմեքենաների ձեռքբերման համար հատկացվել է 43 մլն 300 հազար դրամ:
Դեկտեմբերի 22-ին թվով 2 ավտոմեքենա գնել է նաև Պետական եկամուտների կոմիտեն: Վերջինիս գնած ավտոմեքենաները նախատեսված չեն մարդկանց տեղափոխման համար: Ավտոմեքենաները հատուկ մասնագիտացված են և նախատեսված են մաքրելու համար:
Դիզելով աշխատող ավտոմեքենաները պետք է մաքրեն մեծ տարածքներ, փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ, մայթերի ձյունը, աղբը, հողը: Պետք է ունենան կոմպակտ չափեր, որը հնարավորություն կտա մեքենային անարգել շարժվել նշված տարածքներում: Մաքրման առավելագույն մակերեսը պետք է նվազագույնը լինի ժամում 10,500 և առավելագույնը 18,000 քմ:
Մասնագիտացված ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Ալֆա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ՝ 16 մլն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով:
2017թ. արտադրության, սպիտակ գույնի, մինչև 500կմ վազքով, 1,7լ շարժիչի ծավալով, 80 ձ/ու հզորության ամենագնաց ավտոմեքենա գնելու պայմանագիր է կնքել նաև ոստիկանության աշխատակազմը: Պայմանագիրը կնքվել է 2017թ. նոյեմբերի 17-ին՝ «Վեկար» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 10 մլն 600 հազար դրամ:
Ավտոմեքենա ձեռք բերելու «մրցավազքից» անմասն չի մնացել նաև «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Վերջինս «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից գնել է 10 մլն 450 հազար դրամ արժողությամբ մարդատար ավտոմեքենա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել