HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմաշի ավագանու անդամը համայնքի մանկապարտեզին հիմնական սնունդ մատակարարողն է

Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հունվարի 18-ին իր կարիքների համար   սննդամթերքի ձեռքբերման նպատակով պայմանագրեր է կնքել: Ձեռք բերվող ապրանքների զգալի մասի մատակարար է դարձել անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Զեյնալյանը: Վերջինս Արմաշ համայնքի ավագանու անդամ է, և համայնքապետ Հակոբ Զեյնալյանի ազգականը:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էին «Արմինաշող» ՍՊԸ-ն և Ա/Ձ Ռոբերտ Զեյնալյանը: 61 անուն սննդամթերքից 2-ի՝ մատնաքաշ հացի և բուլկիի մատակարար է ընտրվել «Արմինաշող» ՍՊԸ-ն, իսկ մնացած 59 անուն ապրանքները մատակարարելու է գյուղի ավագանու անդամը:

«Արմինաշող» ՍՊԸ-ի հայտով ներկայացրած պայմանագրի գինը կազմել է մոտ 494 հազար դրամ, իսկ Ա/Ձ Ռոբերտ Զեյնալյանի հայտի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3 մլն 54 հազար դրամ: Վերջինս մատակարարելու է ալյուր, մակարոն, շաքարավազ, կարագ, բուսական յուղ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, լոբի, մսեղեն, մրգեր և այլն:

Նշենք, որ Արմաշի մանկապարտեզը համայնքային ոչ առևտրական կազմակերպություն է: Համայնքի ավագանին է հաստատում վերջինիս բյուջեն, ծախսերը և այլն: Ռոբերտ Զեյնալյանը մասնակցել է, օրինակ՝ 2017թ. համայնքի բյուջեի քննարկման և հաստատման նիստին, որը վերաբերում է նաև մանկապարտեզին և կողմ քվեարկել հատկացված միջոցներին: 2018թ. բյուջեի վերաբերյալ դեռ տեղեկատվություն հրապարակված չէ:

«Արմինաշող» ՍՊԸ-ն և Ռոբերտ Զեյնալյան Ա/Ձ-ն մանկապարտեզին ապրանքներ են մատակարարել նաև 2017թ-ին: Դարձյալ ապրանքների մատակարարման առյուծի բաժինը եղել է ավագանու անդամ Ռոբերտ Զեյնալյանինը: Գործել է նույն սցենարը, «Արմինաշող» ՍՊԸ-ն մատակարարել է միայն հաց և բուլկի, իսկ մնացած ապրանքները՝ Ռոբերտ Զեյնալյան Ա/Ձ-ն: Այստեղ ակնհայտ զգացվում է պայմանավորվածությունը: Հացի և բուլկեղենի գնային հայտ Զեյնալյանը չի ներկայացրել: ՍՊԸ-ն էլ չի ներկայացրել մյուս ապրանքների վերաբերյալ:

2017թ. Ռոբերտ Զեյնալյանի հետ կնքվել է 2 մլն 844 հազար դրամի պայմանագիր, իսկ «Արմինաշող» ՍՊԸ-ի հետ՝ մոտ 496 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նախագահը եղել է Ռոբերտ Զեյնալյանի ազգականը՝ Արկադիա Զեյնալյանը:

Չի բացառվում, որ Ռոբերտ Զեյնալյանը, մասնակցելով բյուջեի հաստատման նիստին և կողմ քվեարկելով, նախապես պայմանավորված լինելով ապրանքների մատակարարման վերաբերյալ, ցուցաբերել է անձնական շահագրգռվածություն մանկապարտեզին գումարներ հատկացնելու հարցում: Այն դեպքում, երբ տարիներ շարունակ գործել է նույն սցենարը:

Ռոբերտ Զեյնալյանն Արմաշի մանկապարտեզին ապրանքներ մատակարարել է նաև 2016թ.: Այս անգամ նրա մրցակիցը եղել է «Պրոգալ» ՍՊԸ-ն: Սակայն դրանից Զեյնալյանի եկամուտը չի նվազել: «Պրոգալ» ՍՊԸ-ն մատակարարել է միայն հացամթերք, իսկ Ռոբերտ Զեյնալյանն անհրաժեշտ մնացած սննդամթերքը:  

Նշենք, որ Ռոբերտ Զեյնալյանն Արմաշի ավագանու անդամ է արդեն 12 տարի՝ 2005թ. հոկտեմբերից:  Նա հիմնականում զբաղվում է անասունների մորթով և կահույքագործությամբ, նաև մշակովի հողատարածքներ ունի:

Համայնքապետ Հակոբ Զեյնալյանի կինը՝ Քրիստինե Մկրտումյանը, ևս ավագանու անդամ է: Նա ընտրվել է 2012թ. սեպտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ:

Փորձեցինք պարզաբանում ստանալ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանից, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Առաջին լուսանկարը՝ Արմաշ գյուղի ok.ru էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter