HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանն ու մյուսները պահանջում են իրենց անպարտ ճանաչել. գործը Վերաքննիչ դատարանում է

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և հայտնի «Իգլայի» գործով մյուս ամբաստանյալների բողոքի քննությունը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ և պահանջում են բեկանել դատական ակտն ու իրենց անպարտ ճանաչել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին Սամվել Բաբայանը գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, թե վերջինս գործի գլխավոր փաստերը հաշվի չի առել: Բաբայանը նկատի ուներ փաստերը, որոնք ապացուցում են իրենց անմեղությունը: Միջնորդության վերաբերյալ որևէ իրավական հիմք չներկայացվեց: Դրան միացան նաև գործով անցնող մյուս ամբաստանյալները: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:

Նշենք, որ այս գործով նախագահող դատավորը Սևակ Համբարձումյանն է, իսկ դատարանի կազմում են դատավոր Մխիթար Պապոյանն ու Մանուշակ Պողոսյանը:

Վերջինս նեղսրտեց, որ նիստը լուսաբանելու համար դատարան եկած լրագրողները տեսանկարահանում են իրականացնում, իսկ դատավոր Սևակ Համբարձումյանն էլ, թեև թույլատրեց տեսանկարահանումը, հարկ համարեց հիշեցնել, որ շատ երկրներում տեսանկարահանումն առհասարակ արգելված է:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն առանց պաշտպանի էր: Վերջինս առանց պաշտպանի է ներկայացրել նաև իր վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

«Ի՞նչ եմ արել, որ պաշտպանվեմ»,- հայտարարեց Սանասար Գաբրիելյանը: Վերջինս պնդեց այն, ինչ առաջին ատյանում էր ասում. «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու միտքն իր գլխում է ծագել, ցանկացել է այն բերել ու նվիրել բանակին, սակայն, այն բանից հետո, երբ հասկացել է, որ դրանից մասեր են պակասում, ինքնակամ հրաժարվել է այն ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանի խոսքով՝ իր կողմից ասվածը հաստատվում է նաև այն գաղտնալսված խոսակցություններով, որոնք գործում կան:

«Մենք «չենք կարում» տրուբեն ջոկենք իգլայից, Դուք էլ տառերը չե՞ք կարում կարդաք»,- մեղադրող դատախազին դիմելով՝ ասաց Սանասար Գաբրիելյանն ու ևս մեկ անգամ կրկնեց, որ ինքը հրաժարվել է գործով իրեղեն ապացույց ճանաչված խողովակից, որը, ըստ նախաքննական մարմնի, ռազմամթերք է, իսկ ըստ ամբաստանյալների՝ սոսկ խողովակ:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն այսօր հասցրեց ներկայացնել իր բողոքի միայն մի մասը, որն առնչվում էր «Իգլայի» գործին:

Պաշտպանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելով ռազմամթերք ձեռք բերելու և փողերի լվացման մեջ, խախտել է Սամվել Բաբայանի անմեղության կանխավարկածը, քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրվագներ:

Ըստ Ավետիս Քալաշյանի՝ Բաբայանի մեղադրանքն առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ չփարատված կասկածները, որոնք պետք է ամբաստանյալի օգտին լուծվեին, Բաբայանի օգտին չեն լուծվել:

Ավետիս Քալաշյանի խոսքով՝ դատավճիռ կայացնելիս առաջին ատյանի դատարանը դուրս է եկել Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակից: Մասնավորապես՝ ըստ Ավետիս Քալաշյանի, թեև Սամվել Բաբայանին  մեղադրանք է առաջադրված եղել Սանասար Գաբրիելյանին ռազմամթերք ձեռք բերելուն դրդելու համար, դատարանը դատավճռով հիմնավորված է համարել, որ Բաբայանը նաև Սրմեն Պողոսյանին է դրդել նույն արարքին:

Քալաշյանի խոսքով՝ գործով այդպես էլ չի պարզվել, թե ե՞րբ է Սամվել Բաբայանը դրդել, որպեսզի կատարվի վերը նշված արարքը, իսկ Սանասար Գաբրիելյանի պնդումները, թե իրեն Բաբայանը որևէ քայլի չի դրդել, որ դա եղել է իր նախաձեռնությունը, անտեսվել են:

Ավետիս Քալաշյանն ընդգծեց, որ այս գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արված բազմաթիվ խոսակցությունների ձայնագրությունները դատավճռում մեկնաբանված են հատվածաբար: Այսինքն՝ ըստ Քալաշյանի՝ այդ խոսակցությունները ոչ թե ամբողջությամբ համադրվել են, որպեսզի պարզ լինի ճշմարտությունն, այլ դրա առանձին հատվածներն են վեր հանվել, որոնք մեկնաբանվել են ոչ ճիշտ և դրվել դատավճռի հիմքում:

 Ինչպես հայտնի է, այս գործը բացահայտվել է իգլայի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հետևանքով: Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2014 թվականին քրեական գործ է հարուցվել, որը դատարան չի հասել: Ըստ Քալաշյանի` 2017-ին հանկարծ որոշում է կայացվել` Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու: Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի  դատարանում  հարց էր բարձրացրել, թե Մայիլյանի վերաբերյալ գործի քննությունից 4 տարի անց ինչո՞ւ են հանկարծ որոշել նրան գաղտնալսել:

Քալաշյանը միջնորդել էր Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը պահանջել և դրանք դատարանում հետազոտել:

Նշենք, որ Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումից հետո միայն ԱԱԾ-ն սկսել է գաղտնալսել նաև Սամվել Բաբայանին, ինչպես նաև «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրել: Քալաշյանն առաջին ատյանի դատարանում միջնորդել էր, որպեսզի Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու նյութերը պահանջվեն և հետազոտվեն՝ դրանց թույլտվության օրինականությունը ստուգելու համար: Փաստաբանը պնդում էր, որ  դա գործի քննության համար կարևոր է, քանի որ Բաբայանի մեղադրանքի հիմքում դրված են նրա նկատմամբ իրականացրած «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված ձայնագրություններն ու հեռախոսային խոսակցությունները: Այսինքն, եթե, օրինակ, պարզվի, որ Մայիլյանին ապօրինի են գաղտնալսել, ապա կստացվի, որ ապօրինի են գաղտնալսել նաև Սամվել Բաբայանին, իսկ անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Դատարանը, սակայն, Բաբայանի այս միջնորդությունը մերժել էր՝ պատճառաբանությամբ, որ Մայիլյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի այդ նյութերը դեռևս գաղնտազերծված չեն:

Այսօրվա դատական նիստին Ավետիս Քալաշյանը հարց բարձրացրեց, որ Բաբայանի մեղադրանքի հիմքում չբացահայտված, պաշտպանական կողմի համար անհայտ աղբյուրից ձեռք բերված ապացույցներ են:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին նյութապես շահագրգրել է իգլա ձեռք բերելու հարցում: Պաշտպանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ գործում որևէ կերպ չի նշվում, թե ինչպես է արտահայտվել Բաբայանի կողմից Գաբրիելյանին շահագրգռելը:

Այսօրվա նիստը հետաձգվեց, իսկ մյուսը նշանակվեց փետրվարի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter