HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու լուծարվեց Շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը

Նանե Մակուչյան 

«Բացահայտ է, որ պետությանն ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ չէ ունենալ շրջակա միջավայրի իրական պատկերը»,-ասում է Շրջակա միջավայրի մոնիտորինգի արդեն նախկին գործակալության պետի տեղակալ Թամարա Հովհաննիսյանը: 

ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 17-ի թիվ 420-Ն որոշմամբ Բնապահպանության նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը վերակազմակերպվեց իբրեւ Օդերեւութաբանության եւ մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի բաժին: 

 Այս փոփոխությունը տարբեր, ընդհուպ` սկանդալային մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: 

«Իրականում առաջին հայացքից կառուցվածքային բարեփոխումների ենթատեքստում ներկայացվող այս փոխատեղումը կարող է միանգամայն լուրջ կորպորատիվ շահերի առկայության մասին վկայել»,-ասում են նախկին գործակալության ղեկավարները:

Փաստարկներից մեկը, որ վկայում է այս ենթադրության ճշմարտացիության մասին, թերեւս այն է, որ իր գոյության ավելի քան տասը տարիների ընթացքում հայոց խորհրդարանն ընդունել է ոլորտին վերաբերող միայն մեկ` «Հիդրոօդերեւութաբանության գործունեության մասին» օրենքը, այն էլ, հավանաբար, ելնելով զանգվածային պահանջարկից, եւ որովհետեւ այն մասնավոր շահեր չի հետապնդում:

Այս պայմաններում տարակուսանք չի հարուցում այն փաստը, որ ԱԺ առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանն իր ոլորտի փոփոխություններին տեղյակ չէր, անգամ երբ այդ մասին կայացված էր կառավարության որոշումը: Փոխանակ այս մասին մտածելու, պարոն Մխեյանը դեռ պայման էր դնում մեր առջեւ` «մինչեւ չասեք` որտեղից է դա ձեզ հայտնի, չեմ խոսի, ես շատ թանկ եմ գնահատում իմ ամեն մի բառը».. 

Իրականում Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության լուծարումը հետեւանք է հենց օրենսդրի անգործության: 

Գենադի Կոջոյանն ու Թամարա Հովհաննիսյանը բնապահպանության ոլորտում աշխատում են ավելի քան 35-40 տարի, որի մեծ մասը` ղեկավար պաշտոններում: Ինչպես վկայեց պարոն Կոջոյանը, կառույցն իր ղեկավարությանը հանձնվել է «գործակալություն» հասկացությունը կարգավորող օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի իսպառ բացակայության պայմաններում: 

«Անհնար էր կառավարել մի բան, որն անհասկանալի էր` կառավարմա՞ն մարմին էր, քաղաքականություն մշակո՞ղ, թե՞ վերահսկիչ: Թե՞ոչ մեկը, ոչ մյուսը: Կառավարումը ենթադրում է մեխանիզմներ ու ռեսուրսներ, իսկ մեզ տրված չէին ո՛չ կադրերի, ո՛չ ֆինանսական եւ նյութական, եւ ո՛չ էլ մասնագիտական լծակներ: Ընդհանրապես, ի՞նչ ասել է գործակալություն մեր երկրում` անհասկանալի է: Իրավական դաշտն այստեղ ամբողջովին բաց է»,- ասում է Գենադի Կոջոյանը: 

Սակայն ի՞նչ պահանջել մի մարմնից, ասենք` օդի աղտոտվածության կամ բնական ռեսուրսների ուսումնասիրության հարցում, որի աշխատակիցներից գրեթե երեքից մեկը տնօրինում է երթուղային տաքսիների գծեր, ղեկավարում ցեմենտի կամ այլ աղտածին գործարաններ: Բանն այն է, որ շրջակա միջավայրի մոնիտորինգի օրենսդրական դաշտը կարգավորելուց հետո, որպես կանոն, հետեւում են հսկայական տուգանքներ մթնոլորտը, ջուրը կամ հողն աղտոտելու համար: Ուստի կպահանջվի այդ ամենը կիրառել մանր ու մեծ օլիգարխների հանդեպ եւս, ինչին Հայաստանում առայժմ պատրաստ չեն: 

«Ժամանակի խնդիր է,- ասում է պարոն Կոջոյանը,-վաղ թե ուշ Եվրոպան է պահանջելու, որ կարողանանք»: 

Կառավարությունը որոշման մեջ իր այս քայլը պատճառաբանել է այսպես` ուղղված. «Նախարարության տարբեր բաժանումների կողմից իրականացվող գործառույթների կրկնողությունը բացառելուն, գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն, ինչպես նաեւ` ճյուղային բաժանումը ապահովելուն»: 

«Դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել»,-ասում է Գենադի Կոջոյանը: 

«Նայած` ի՞նչ ենք ուզում: Եթե ցանկանում ենք պղտոր ջրում ձուկ որսալ, ամեն բան թողնում ենք այնպես, ինչպես կա: Եթե ուզում ենք, որ ամեն ինչ պարզ լինի եւ տեսանելի բոլորիս, ապա դրա համար մեխանիզմներ կան, եւ հարկավոր չէ հեծանիվ հայտնագործել»: 

Գենադի Կոջոյանն արդյունավետ կառավարման համար առաջարկում է Բնապահպանության նախարարության գործառույթներն առանձնացնել եւ ստեղծել չորս անկախ գերատեսչություններ` ռեսուրսների ուսումնասիրության (նույն մոնիտորինգի), ռեսուրսների կառավարման, բուն` բնապահպանական հարցերի, որի մեջ կմտնեն օրենքների, ենթաօրենսդրական ու նորմատիվ ակտերի մշակումն ու ստեղծումը եւ, վերջապես, վերահսկողական գերատեսչություն, որը կստուգի այս բոլորի իրականացումը եւ, համապատասխանաբար, իրավասություն կունենա տույժերի ենթարկելու: 

«Հակառակ դեպքում, եթե այս ամենն անում է մեկ գերատեսչություն, այսինքն` ինքը ռեսուրսն օգտագործում է, ինչի հետեւանքով ինքն էլ աղտոտում է շրջակա միջավայրը, ինքն էլ հսկում է աղտոտվածության աստիճանը, ապա պարզ է, որ այստեղ կողմնապահություն կարող է լինել»,-ասում է նա: 

Փաստ է, որ Շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության լուծարումը հետեւանք է «կառուցվածքային բարեփոխումներ` հանուն փոփոխության սկզբունքի», այլ ոչ թե մի մոտեցման, որով կբարձրանար այդ փոփոխությունների օգտակար գործողության գործակիցը: 

Ներկայումս նախկին գործակալության լուծարումը զրկել է էկոմոնիտորինգի մասին ամբողջական ինՖորմացիա, վերլուծություն եւ գնահատական ստանալու հնարավորությունից: Ավելին` հայտնի չէ, թե գործակալության փոխարեն ով է այժմ իրականացնելու էկոմոնիտորինգի պետական քաղաքականությունը, եթե այդպիսին, ընդհանրապես, կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter