HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկելու բողոքը

ՄԻԵԴ-ի վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին ոստիկանության ուժերի կողմից ծեծի ենթարկելու գործով ներկայացրած բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. ամռանը՝ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով նիստից առաջ, Հայկ Կյուրեղյանն ակցիայի ժամանակ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել, որից հետո ձերբակալվել է։

«Ձերբակալելուց հետո ոստիկանական ավտոմեքենայում, ապա նաեւ ոստիկանության բաժնում բռնություն էր կիրառվել նրա նկատմամբ։ Առաջին իսկ օրվանից այդ մասին բարձրաձայնում էր, նաեւ նրան այցելած իրավապաշտպաններն էին դեմքի վրա առկա վնասվածքները նկատել»,- հայտնեց փաստաբան Վարոսյանը։

Հատուկ քննչական ծառայությունում փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվել է։ Հատուկ քննչական ծառայությունը գտել էր՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, վնասվածքներն առաջացել են վնասազերծելու ընթացքում։

Փաստաբանն այս պնդման հետ համաձայն չէ, ըստ նրա՝  դատական բժշկի կողմից արձանագրված վնասածքները եւս վարկածին չեն համապատասխանել։ Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Վահե Գրիգորյանը Հայաստանի դատական ատյանները սպառելուց ՝ ՀՔԾ-ի գործը կարճելու վերաբերյալ որոշումը բողոքարկելուց հետո դիմել են Եվրոպական դատարան։

«ՄԻԵԴ-ը Կառավարություն գրություն է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ, թե արդյոք պետությունը չի՞ կարծում, որ խախտվել է անձի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով (Խոշտանգումների արգելում) նախատեսված իրավունքը՝ ճանապարհին եւ բաժնում ոստիկանության կողմից բռնության ենթարկելու պատճառով եւ արդյոք Կառավարությունը կարծու՞մ է իրականացված քննություն եղել է արդյունավետ եւ ՄԻԵԴ-ի այլ գործերով սահմանված չափանիշներին համապատասխան»,- հայտնեց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 2015-ի սեպտեմբերի 15-ին օդամղիչ ատրճանակով կրակելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter