HY RU EN

Ամալյա Մարգարյան

Փաստաբանը՝ դատավորին. «Ամեն գնով առաջ գնալու ձեր ցանկությունը մի քանի քայլ հետ է շպրտում պրոցեսը»

«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստին հանրային պաշտպաններ ներգրավելու հարցն էր քննարկվում։ Դատարանը նախորդ նիստից հետո դիմել էր հանրային պաշտպանի գրասենյակ, ուստի` հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը, Անյուտա Մկրտչյանը, Սերգեյ Մանուկյանը՝ որպես տասնմեկ ամբաստանյալների պաշտպաններ, ներկայացել էին դատարան։ Նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հանրային պաշտպաններին ներգրավելու որոշում կայացրեց, իսկ նիստին ներկայացած պաշտպանները հայտարարեցին, որ հանրային պաշտպաններ ներգրավելուց առաջ դատարանը պետք է հաշվի առնի ամբաստանյալների կարծիքը։

Դատարանն անդրադարձավ  նախորդ նիստին փաստաբանների կողմից ներկայացրած դիմումին, ըստ որի՝ փաստաբանները հրաժարվում են մասնակցել նիստին՝ ենթարկվելով իրենց պաշտպանյալների ցանկությանը։ Դատարանը պնդեց, որ ամբաստանյալների նկատմամբ սանկցիայի ժամկետի լրանալուց հետո այդ հարցին կանդրադառնան՝ պարզելու արդյոք մեկընդմիշտ հրաժարվել են իրենց պաշտպանների ծառայությունից, թե՞ եղել է ժամանակավոր։ Դատավորը նշեց, որ ամբաստանյալների հրաժարականը պաշտպաններից չի ընդունել, քանի որ սանկցիա է կիրառել նրանց նկատմամբ։ Իսկ հրաժարականի հարցը կքննարկվի սանկցիայի ավարտից հետո։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն առարկեց դատավորի գործողության դեմ՝ պնդելով, որ անօրինական է հանրային պաշտպանի ներգրավումը վարույթին՝ առանց մեղադրյալների կարծիքը հաշվի առնելու։ «Այն անձանց ներկայացնեք նիստին, ում պաշտպանները ներկա են, ես գտնում եմ, որ վերջիններս կընտրեին իրենց կողմից ընտրված պաշտպանների մարտավարությունը։ Դուք այդ անձանց զրկեցիք արդյունավետ պաշտպանության միջոցից։ Ես անգամ նրանց դիրքորոշումները չգիտեմ առաջադրված մեղադրանքների նկատմամբ»,- հայտարարեց Արմինե Ֆանյանը։

«Դուք յուրովի մեկնաբանություն տվեցիք օրենքին, չեք ճշտել՝ մեղադրյալները պաշտպաններ ունեն, թե չէ, դուք հաշվի չեք առնում հանրային պաշտպան ներգրավելու կարգը»,- դատավոր Օհանյանին դիմելով` հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը եւ պնդեց, որ իրենց պաշտպանները չեն ընդունում այս դատարանը եւ շարունակելու են բոյկոտել.

«Ճիշտ որոշում կայացրիք՝ պահեստային լուծումներ գտնելով եւ հանրային պաշտպաններին ներգրավելով։ Պետության միջոցներն եք ծախսում` հիմա էլ հանրային պաշտպաններ ներգրավելով եւ այդ ռեսուրսն էլ օգտագործելով։ Այսպե՞ս եք արդարադատություն իրակացնում, սա՞ է ձեր արդարադատությունը։ Դուք հաստատեցիք այն, որ տղաները ճիշտ էին իրենց գործողություններում»,- խոսքը եզրափակեց Ա. Պապիկյանը եւ լքեց նիստերի դահլիճը։

Փաստաբանների համար անընդունելի էր նաեւ, թե ինչպես կարող է երեք հանրային պաշտպան իրականացնել 11 հոգու՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի պաշտպանությունը: Փաստաբանները պնդեցին, որ դատավորի գործողությունները ձեւական բնույթ են կրում։

Մուշեղ Շուշանյանը եւս մեկ անգամ միջնորդեց դահլիճ բերել մեղադրյալներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը։

«Զուտ ձեւական հանրային պաշտպանների ներկայությունն ապահովելով՝ դուք ցանկանու՞մ եք դատավարություն իրականացնել, իրականացրե՛ք, առանց մեր ներկայության»,- հայտարարեց Մուշեղ Շուշանյանը եւ նույնպես լքեց նիստերի դահլիճը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ գործ ունեն ոչ թե ՄԻԵԿ-ի սահմանած մարդու իրավունքների հարգման, Քրեական դատավարության օրենսգրքով ներկայացված դատավարության կարգի հետ, այլ առաջ գնալու ցանկության հետ. «Ձեր ամեն գնով առաջ գնալու ցանկությունը պրոցեսը մի քանի քայլ հետ է շպրտում»։

Դատարանը հորդորեց փաստաբան Երվանդ Վարոսյանին չհեռանալ նիստերի դահլիճից, քանի դեռ իրենց պաշտպանյալի սանկցիայի ժամկետը չի լրացել։ Դրան ի պատասխան փաստաբանը նշեց, որ պաշտպանյալը հորդորել է ներկա չգտնվել նիստերի դահլիճում՝ առանց իրենց ներկայության։

«Եթե երեք հանրային պաշտպան եք ներգրավում, ինչու՞ եք մեզ հորդորում չլքել նիստերի դահլիճը։ Դուք էլ եք հասկանում, որ այս մարդիկ այդ մարդկանց պաշտպանները չեն»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը։

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ առաջացած խախտումների պատճառով դիմում են ՄԻԵԴ եւ պետության վրա ֆինանսական բեռ են դնում։

«Անհասկանալի է՝ ինչ դիրքորոշում եք կայացրել, մեր պաշտպանյալները հրաժարվել են մեզնից, դուք չեք դադարեցրել մեր լիազորությունները, չեմ հասկանում մենք այստեղ ինչ ենք անում։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ եք անում, երեք հանրային պաշտպաններ նստած են դատարանի դահլիճում, սակայն ձեւական բնույթ է կրում նրանց ներկայությունը։ Հորդորում ենք, մեր պետության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չդնեք»։

Դատարանն, այնուամենայնիվ, նորից մերժեց ներկայացրած միջնորդությունը, եւ ապացույցների հետազոտման փուլն անցավ միայն մեղադրողների եւ երեք հանրային պաշտպանների ներկայությամբ, քանի որ մնացած փաստաբանները լքել էին նիստերի դահլիճը։

Երեքժամյա սանկցիայի ավարտից հետո դատարանի դահլիճ բերվեց Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը: Նա պնդեց, որ չի ցանկանում մնալ նիստերի դահլիճում, քանի որ իր պաշտպանները ներկա չեն։

«Սա դատարան չէ, արդարադատություն չկա, դատավոր չկա, ինչի՞ համար եք ինձ բերել, դուք ստախոս մարդ եք, ինչ ուզում եք՝ արե՛ք, ինձ համար միեւնույն է»,- հայտարարեց Դեդը։

Դատավորը նշեց, որ Մարտիրոս Հակոբյանի պաշտպանները հեռացել են նիստից, ուստի՝ որոշել է հանրային պաշտպաններ ներգրավել: Հորդորեց նաեւ նստել, որին ի պատասխան՝ Մարտիրոս Հակոբյանն ասաց. «Ինձ հարցրե՞լ եք, որ ներգրավում եք, ես էստեղ դատարան չեմ տեսնում, ինչի՞ համար նստեմ»։

Դատարանը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ սանկցիա կիրառեց եւ հինգ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։

Ապացույցների հետազոտումը շարունակվեց առանց մեղադրյալների։