HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

«Մենք կառուցում ենք Ձեր երազանքը»

«Մենք կառուցում ենք Ձեր երազանքը» հավատացնում է «Էլիտ Պրոջեկտ Շին» ընկերությունն իր գովազդային բուկլետներում եւ հեռուստատեսային ազդագրերում: Իրականում որտե՞ղ է վերջանում սովորական կառույցի եւ սկսվում էլիտարի սահմանագիծը: Կա՞ն էլիտար շենքերի չափորոշիչներ, որոնք առանձնացնում են դրանք մյուսներից եւ հաստատում վերջիններիս «էլիտար» լինելու փաստը: 

Ըստ «Էլիտ Պրոջեկտ Շին» ընկերության ճարտարապետ Գագիկ Հովհաննիսյանի. «Դրանք էլիտար են կոչվում եվրոստադարտ տեխնոլոգիաների առումով. կոմունիկացիոն համակարգեր, նյութերի որակ»: Ճարտարապետի հավաստմամբ` իրենք նյութերի ընտրության հարցում ազատ են, միայն թե դրանք համապատասխանեն հայտնի ստանդարտներին:

Օրինակ` ջրագծերը արտասահմանյան էլիտար թաղամասերում պատրաստվում են թանկարժեք պղնձից, իսկ Հյուսիսային պողոտայի շենքերում` մետաղապլաստ կոչվող նյութից, որը նույնպես եվրոստանդարտ է: Խիստ ուշադրություն է դարձվում ներկերի, նյութերի` առողջության համար անվտանգ լինելու խնդրին: 

Ճարտարապետներից մեկի կարծիքով, «էլիտար» անվանումը փոխառվել է մոսկովյան նույնանուն թաղամասերից, հավանաբար` չափորոշիչները նույնպես: Համենայնդեպս, «Նախագծային փաստաթղթերի համակարգ շինարարության համար: Շենքեր-տերմիններ եւ սահմանումներ» Հայպետստանդարտի պաշտոնական հրատարակության մեջ բացակայում է «էլիտարի» բացատրություն-սահմանումը: 

Նորակառույցների նախագծային լուծումների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին դեռեւս խորհրդային տարիներից որոշվում է արտագերատեսչական փորձաքննություն իրականացնող մարմինների ուսումնասիրությամբ, ինչն, ի դեպ, թանկ հաճույք է. կազմում է նախագծային արժեքի մոտ 10 տոկոսը:

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանն ասում է, որ պատվիրատուները սովորաբար թաքցնում են նախագծերի իրական արժեքը, հաճախ պնդում, որ դրանք անվճար արել են իրենց ծանոթ-բարեկամները: 

ՀՀ կառավարության 2002թ.-ի փետրվարի 2-ի թիվ 96 որոշմամբ սահմանված է նորմատիվային փաստաթղթերի փաթեթը, որում ընդգրկված են կառուցապատողին ներկայացվող պարտադիր պահանջները` սկսած շենքի հիմքից մինչեւ ջերմաֆիզիկական պայմանները: Այդ պահանջներից նրանք, որոնք մարդկանց կյանքի, առողջության տեսանկյունից վտանգ են ներկայացնում, տրված են նույնիսկ քանակական չափանիշներով` թույլատրելի շեմերով:

5 հարկը գերազանցող կառույցների դեպքում փորձաքննությունն անցկացվում է երկու եղանակով` պարզ եւ համալիր, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից:

Մեզանում, սովորաբար, փորձաքննությունը պատվիրատուն «վստահում է» այն սուբյեկտին, որի հետ «լեզու է գտնում» ոչ միայն ուսումնասիրության արժեքի, այլեւ որոշ անհամապատասխանությունների առջեւ աչք փակելու շուրջ համաձայնության գալու առումով:

Զարգացած երկրներում պարտադիր է ոչ միայն պատշաճ փորձաքննության անցկացումը, այլեւ շենքը շահագործման հանձնելուց առաջ աուդիտորական կազմակերպության կողմից մանրազնին ստուգումը: Եթե աուդիտորական կազմակերպությունը ստուգման ընթացքում պարզում է, որ շենքի կոնստրուկտիվ, ջերմաֆիզիկական կամ որեւէ այլ նախագծային հատկանիշ չի համապատասխանում տվյալ երկրում գործող պետական ստանդարտներին, նորմերին, ապա նորակառույցը համարվում է ոչ շահագործելի:

 Ցանկացած գնով` միայն Կենտրոնում 

Հյուսիսային պողոտայի ճարտարապետների հետ զրույցից պարզ դարձավ, որ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի թամանյանական ճարտարապետության հանճարեղ լուծման անմիջական հարեւանությամբ կառուցվելու են (արդեն իսկ վեր են խոյանում) երկու 8 հարկանի եւ մեկ 17 հարկանի շենքեր: Ի դեպ, մայրաքաղաքի փոքր Կենտրոնում կառուցված, կառուցվող եւ եռանդով գովազդվող մյուս «էլիտարները», որոնք նույնպես ճարտարապետներ Հովհաննես Մութաֆյանի եւ Գագիկ Հովհաննիսյանի նախագծային լուծումներն են, կրկին բազմահարկ են: 

Մինչեւ անկախացումը փոքր Կենտրոնում բազմահարկ շենքեր գրեթե չէին կառուցվում: Ժամանակ առ ժամանակ դրանց հայտնվելը եւ՛ բնակչության, եւ՛ մասնագետների շրջանում հուզումների, կրքոտ բանավեճերի առիթ էր դառնում: 

Ճարտարապետ Գագիկ Հովհաննիսյանն ասում է, որ Երեւանն այսօր չունի «Մանրամասն հատակագծման նախագիծ» / PDP/, այլ կերպ` Գլխավոր հատակագիծ: 

Հայտնի է, որ անցած 1-2 տարում անընդհատ փորձեր են արվել Թամանյանի ստեղծած, այժմ հնացած համարվող Գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ: Ըստ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի` մամուլում բազմիցս հրապարակված կարծիքի, ժամանակները, իրավիճակը փոխվել են, ուստի փոխվել են նաեւ քաղաքաշինական խնդիրները, ինչից հետեւում է, որ պետք է փոխվի նաեւ Գլխավոր հատակագիծը:

Այս կարծիքին է նաեւ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանը, որը, սակայն, գտնում է, որ անհրաժեշտ է քաղաքաշինական հայեցակարգի ստեղծումը, որով կկանոնակարգվեն Երեւանի Կենտրոնի ճարտարապետական խնդիրները: 

Այսօր Կենտրոնում կառուցվող շենքերի հարկայնությունը որոշում է Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության եւ հողօգտագործման վարչությունը, որը հաճախ անտեսում է մի կարեւոր հանգամանք. այն, որ Թամանյանի Գլխավոր հատակագծով կառուցված Երեւանի Կենտրոնում, մինչեւ 90-ականների կեսերը, ձեւավորվել էր ամբողջական միջավայր:

Ահա այդ միջավայրի ներդաշնակության խախտման գնով են իրականացվել եւ իրականացվում «քաղաքաշինական խնդիրների» լուծումները: Ճարտարապետներից ոմանք նույնիսկ համոզված պնդում են, որ Երեւանը հենց միայն Կենտրոնն է` «Կենտրոնից դուրս ի՞նչ քաղաք»: Մասնագետների մեկ այլ խմբի կարծիքով, ընդամենը 350-400 հազար բնակչի համար նախատեսված քաղաքում Թամանյանը նախագծել էր միջազգայինին մոտ նորմատիվներով կանաչ գոտիներ, որոնք այսօր անխնա ոչնչացվում են արհեստականորեն ստեղծված «քաղաքաշինական խնդիրների» լուծման համար:

Արդյունքում աղճատվում է «հին քաղաքի» ազգային-ճարտարապետական կոլորիտը, աչքի առջեւ հառնում են «էլիտար թաղամասեր»` եվրոստանդարտ չափանիշներով: Չորս-հինգ հարկանի շենքերի արտաքին պատերի համար նախատեսված «միդիս» կոչվող ավանդական շարը` 80 սմ հաստությամբ, էլիտար բազմահարկերում փոխվում է մետաղյա կոնստրուկցիաներով, որոնք, ըստ մասնագետների, սեյսմադիմացկուն են եւ ավելի հուսալի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter