HY RU EN

Արաքս Մամուլյան

Կրակոցներից տուժածը հրաժարվել է ցուցմունք տալուց ու հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվում է մի գործ, որով անցնող ամբաստանյալը մեղադրվում է տուժողի կարգավիճակում ցուցմունք տալուց հրաժարվելու մեջ:

Ամբաստանյալի աթոռին հայտնված կինը՝ Լ.Ս.-ն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Չհասկանալով՝ բողոքել եմ, հիմա հետ եմ վերցրել: Հարազատ ախպեր ա, ներել եմ, հետ եմ վերցրել բողոքը»,- դատարանում հայտնեց ամբաստանյալը:

Բանն այն է, որ 2016 թվականի գարնանն այն տան ուղղությամբ, որտեղ ընտանիքի հետ ապրում է Լ. Ս.-ն, կրակոցներ են եղել, որոնց հետևանքով տան պատուհաններից մեկի ապակին կոտրվել ու վնասել է Լ. Ս.-ի աչքը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ըստ նախքննության տվյալների` կրակողը եղել է  Լ. Ս.-ի հորաքրոջ որդին, իսկ Լ. Ս.-ն ճանաչվել է տուժող:

Դեպքից հետո Լ. Ս.-ից բացատրություն է վերցվել, և վերջինս ասել է, որ կրակողը հորաքրոջ որդին է: Հետագայում Լ. Ս.-ն զղջացել է հորաքրոջ որդու անունը տալու համար, և արդեն  հարուցված քրեական գործի շրջանակներում կտրականապես հրաժարվել ցուցմունքներ տալ:

Նշենք, որ տուժողը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պարտավոր է ցուցմունք տալ, իսկ դրանից հրաժարվելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ուստի Լ. Ս.-ին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այս գործով դատարանը հետազոտել է ապացույցները, ավարտել ամբաստանյալի հարցաքննությունը և հասել դատական վիճաբանությունների փուլին:

Գործում առկա փաստաթղթերի հետազոտությունից պարզ դարձավ, որ մեղադրյալ Լ. Ս.-ի նկատմամբ նախաքննության ընթացքում դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և ըստ փորձագետների եզրակացության` ամբաստանյալը որոշակի մտավոր խնդիրներ ունի, սակայն մեղսունակ է, հաշիվ տալիս է արարքների համար»: Պարզվեց նաև, որ ամբաստանյալը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի և դեռ մանկուց կենսաթոշակ է ստանում:

Փաստաթղթերի հետազոտման փուլում դատարանը հարկ է համարել հրապարակել նաև Լ. Ս.-ի կողմից տրված բացատրությունը ոստիկանությունում, որի տակ դժվարընթեռնելի տառերով գրված է նրա ազգանունն ու առկա է ստորագրություն:

Բացատրությունը, ըստ Լ. Ս.-ի դատարանում տված ցուցմունքի, ինքը բանավոր պատմել է քննիչին, վերջինս համակարգչով արձանագրել է, ապա բարձրաձայն ընթերցել, ու թեև իրեն որոշ հանգամանքներ հասկանալի չեն  եղել, արձանագրության տակ ստորագրել է:

Դատավորը փորձեց պարզել, թե ինչու է Լ. Ս.-ն ստորագրել, եթե ինչ-որ բան հասկանալի չի եղել:

«Ասել են, ստորագրել եմ, հնազանդ ինչ ասել են, արել եմ»,- ի պատասխան՝ նշեց ամբաստանյալը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նրան հարցրեց՝ դպրոց գնացե՞լ է, և վերջինս պատասխանեց, որ 8 տարի է գնացել, գրել-կարդալ սովորել է, բայց տեսողության խնդիր ունի, լավ չի տեսնում, երբեմն էլ որոշ տառեր մոռանում է: Թե որ թվականներին է դպրոցում սովորել, ամբաստանյալը չհիշեց: Չհիշեց նաև, թե բացատրություն տալիս քննիչի մոտ ով է եղել կամ առհասարակ այլ անձինք եղել են, թե ոչ:

Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունվարի 25-ին, մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող դատախազը: