HY RU EN

Արիֆ Յունուսովը` Բաքվում 1990թ․ հայկական ջարդերի եւ Սեւ հունվարի մասին

Ադրբեջանցի իրավապաշտպան եւ պատմաբան Արիֆ Յունուսովը, որը ներկայումս քաղաքական էմիգրանտ է եւ բնակվում է Հոլանդիայում, օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական ինտերնետային  «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը։ Այստեղ նա պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու Սեւ հունվարը (խոսքը 1990թ․ հունվարի 19-ից լույս 20-ի գիշերվա իրադարձությունների մասին է, երբ ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը ցրելու նպատակով Բաքու մտան խորհրդային զորքերը, բախումների արդյունքում սպանվեցին 100-ից ավելի քաղաքացիներ), կազմակերպվել են Հեյդար Ալիեւի հրահանգով եւ հետագայում նրա իշխանության գալու նպատակով։   

«Հունվարի 20-ի իրադարձությունների մասին շատ միֆեր կան, ընդ որում` այդ իրադարձություններն ընկալում են որպես հերոսական պայքարի ու ազգային-ժողովրդավարական շարժման մի փառավոր էջ, որի արդյունքում Ադրբեջանն անկախացավ։ Բայց իրականում 1990 թ․ հունվարյան իրադարձությունները կապված են Հեյդար Ալիեւի դերակատարման հետ»,- ասում է Ա․ Յունուսովը։ Եվ բացատրում է, որ 1988թ․ իշխանության գալուց հետո Կոմկուսի առաջին քարտուղար Աբդուրախման Վեզիրովը Մ․ Գորբաչովի համաձայնությամբ Հեյդար Ալիեւի դեմ քննություն նախաձեռնեց։ Հետաքննվում էր նրա ղեկավարման ողջ ժամանակահատվածը՝ 1962-1982 թթ․, նաեւ՝ ավելի վաղ շրջանների հանգամանքները։ Թե ինչպես է Հեյդար Ալիեւը կեղծել իր փաստաթղթերը, փոխել ծննդյան տարեթիվը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռազմաճակատում չհայտնելու համար, բացահայտում են ԿԳԲ-ի մի աշխատակցուհու հետ կապված սկանդալի մանրամասները։ Հարցազրույցում Ա․ Յունուսովը հայտարարում է, որ անգամ անձամբ է կարդացել այդ նյութերի մի մասը։

«1989 թ․ դեկտեմբերին,- ասում է Ա․ Յունուսովը,- հայտնի դարձավ, որ ողջ ԽՍՀՄ-ից Բաքու են ժամանել երկրի լավագույն քննիչները։ Նրանք բնակվում էին «Ապշերոն» հյուրանոցում եւ Ադրբեջան էին ժամանել Հեյդար Ալիեւի գործի քննությունն անցկացնելու նպատակով։ Իսկ 1990թ․ հունվարի 15-ին ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունը Բաքվում պետք է ի մի բերեր հետաքննության արդյունքները, եւ այդ նիստի ժամանակ պետք է որոշվեր Հեյդար Ալիեւի հետագա ճակատագիրը։ Որոշումն, իհարկե, բացասական պետք է լիներ Ալիեւի համար։ Իսկ 1990թ․ հունվարի վերջին պետք է տեղի ունենար Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը, որի ժամանակ Հեյդար Ալիեւն ու նրա թիմը պետք է վտարվեին կուսակցությունից եւ հեռանային երկրի քաղաքական հարթակից։ Իհարկե, Ալիեւը գիտեր սպասվող բոլոր այս քայլերի մասին եւ դրանք կանխելու համար Կոմկուսում ու ԱԺՃ-ում իր մարդկանց միջոցով բուռն գործունեություն ծավալեց։ ԱԺՃ-ում նրա մարդիկ էին Էլչբեյն ու Նեմաթ Փանահլին։ Վերջիններիս օգնում էին Ալիեւների կլանի ակտիվ անդամները՝ էթիբար Մամեդովը, Ֆազաիլ Աղամալին, Բեջան Ֆարզաիլովը։

Փանահլին 1989թ․ ցուցարարների շրջանում մեծ համբավ ուներ։ Իր մարդկանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիեւն ասել է․ «Մեզ մեծ արյուն է պետք, շատ արյուն»։ Ժամանակին Ն․Փանահլին հիմարաբար, միամտորեն այս մասին ասել է «Մոնիտոր» ամսագրին տված մի հարցազրույցում։ Հենց նա՝ Նեմաթ Փանահլին, 1989թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպեց Նախիջեւանի պետսահմանի քանդումը, չնայած այդ ժամանակ Մոսկվան արդեն թույլ էր տվել սահմանի բացումը, համաձայնագիր էր ստորագրել, եւ պայմանավորվածություն կար, որ ԿԳԲ-ի սահմանապահները կրակ չեն բացելու։ Բայց այդ մասին Բաքվում գիտեր միայն Նեմաթ Փանահլին, ով ազգի հերոս երեւալու համար ի կատար ածեց սահմանի թատերականացված քանդումը։ 1990թ․ հունվարի սկզբին Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը»։     

Հարցազրույցում Արիֆ Յունուսովն ասում է, որ ինքը 1992թ․ հատուկ զբաղվում էր 1990թ․ հայկական ջարդերի հետաքննությամբ, եւ այդ կապակցությամբ իր մոտ, Ադրբեջանի նախագահի վարչատուն (1992-1993թթ․ Արիֆ Յունուսովը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետն էր – խմբ․) էր հրավիրել ԿԳԲ գնդապետ Օլեգ Ալիեւին։ Եվ վերջինս նրան հաղորդել է, որ Փանահլիի նստավայրը մայրաքաղաքում լեյտենանտ Շմիդտի անվան գործարանի տարածքում է տեղակայված եղել։ Այն արյունոտ հունվարյան օրերին այնտեղ էին տանում հայերի բնակարաններից հափշտակված արժեքավոր իրերն ու թանկարժեք զարդերը։ Հարցազրույցում Արիֆ Յունուսովը չի պնդում, որ Փանահլին անձամբ մասնակցել է հայերի սպանություններին, բայց որ նա է հենց հայկական ջարդերի կազմակերպիչը, բացարձակ ճշմարտություն է։  

Այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, եւ իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար։ «Օլեգ Ալիեւը ինձ բացահայտ ասաց, որ ԿԳԲ-ն լավ գիտեր, թե որտեղ է թաքնվում Փանահլին։ Բայց ո´չ Մոսկվան, ո´չ Ադրբեջանի ԿԳԲ-ի ղեկավարությունը թույլ չէին տալիս նրան ձեռք տալու։ Էլչիբեյն ամեն ինչ անում էր Հեյդար Ալիեւի դեմ քննությունը դադարեցնելու եւ նրան իշխանության բերելու համար։ Եվ ի վերջո ամեն ինչ այդպես էլ եղավ․ հունվարին պլանավորված ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նիստը, Ադրբեջանի Կոմկուսի պլենումը տեղի չունեցան, Հեյդար Ալիեւի դեմ հետաքննությունը փակվեց, քննիչները մեկնեցին երկրից։ Իսկ ավելի ուշ Ալիեւը եկավ իշխանության»,- ասում է Ա․ Յունուսովը։

«Օբյեկտիվ» հեռուստատեսության լրագրողի այն հարցին, թե ինչ դերակատարություն ուներ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, Արիֆ Յունուսովը պատասխանում է, որ այդ կազմակերպությունը պառակտվեց 1990թ․ հունվարի 6-ի կոնֆերանսի ժամանակ, առաջ եկան «ռադիկալների» (Նեմաթ Փանահլի եւ ուրիշներ), «ցենտրիստների» (Իսա Գամբար, Հիքմաթ Հաջիզադե եւ ուրիշներ) եւ «լիբերալների» (Լեյլա Յունուս, Զարդուշտ Ալիզադե) խմբերը։

Իսկ թե ով է եղել ԿԳԲ-ի գործակալ, եւ ինչու 1992թ․ չեն բացվել արխիվները, Արիֆ Յունուսովը պատասխանում է, որ Նեմաթ Փանահլին գործակալ չի եղել, այլ՝ Հեյդար Ալիեւի կամակատարը, իսկ ԿԳԲ ախիվները չեն բացվել Էլչիբեյի եւ խորհրդարանի այն ժամանակվա ղեկավար Իսա Գամբարի դիրքորոշման պատճառով։ Նրանք դրան դեմ էին։

Գլխավոր լուսանկարում` Լեյլա Յունուսը և Արիֆ Յունուսովը / civicsolidarity.org

Լուսանկարները՝ http://karabakhrecords.info/photo_baku.html կայքի