Այսօր Արցախի հերոս Վահագն Վարդևանյանը կդառնար 45 տարեկան
Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վահագն Վարդևանյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին այցելել է նրա ընտանիք:
Պաշտպանության փոխնախարարը Արցախի հերոսի ընտանիքի անդամների հետ զրուցել է Վահագն Վարդևանյանի անցած մարտական ուղուց: Հանդիպմանը ներկա են եղել նաև հերոսի երկու որդիները՝ Վահրամը և Արսենը, ովքեր ծառայություն են անցնում ազգային բանակում: Դավիթ Տոնոյանը նրանց մաղթել է բարի ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները բարձր կպահեն իրենց հոր անունը:
Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966թ. դեկտեմբերի 27-ին Երևանում: 1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1989-94թթ. մասնակցել է Արարատի, Գորիսի, Իջևանի, Ասկերանի, Կուբաթլուի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1994թ. ապրիլի 21-ի գիշերը նրա գրոհային ջոկատի 38 ազատամարտիկ դիրքավորվել է Մարտակերտի Կարմիրավան գյուղի մատույցներում: Զգալով շրջապատման վտանգը՝ նա և 13 ազատամարտիկ կրակը վերցրել են իրենց վրա՝ ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու թշնամու առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը: Թշնամու մոտենալու պահին նա պայթեցրել է նռնակը, սպանել թշնամու 4 զինվորի և զոհվել:
Վահագն Վարդևանյանը ՀՀ բանակի ավագ լեյտենանտ է (1993թ.): Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Երևանի թիվ 173 դպրոցը կոչվել է նրա անունով, դպրոցում տեղադրվել է կիսանդրին, բացվել է փառքի սենյակ: Թաղված է Եռաբլուրում: 2006թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման: Հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել