«Բի Էս Սի» բիզնես խորհրդատվական կենտրոնը զորացրվածների համար վերաորակավորման անվճար ծրագիր կիրականացնի
Շուրջ մեկ շաբաթ է, «Բի Էս Սի» բիզնես խորհրդատվական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը Վանաձորում է: Նրա հետ զրուցեցինք Վանաձորում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առաջիկա նախագծերի մասին: Կազմակերպությունը փետրվարից կսկսի զորացրվածների համար նախատեսված վերաորակավորման ծրագիրը:
- Ի՞նչ ծրագիր եք նախատեսում զորացրվածների համար, ինչպե՞ս առաջացավ այդ ծրագիրն իրականացնելու գաղափարը:
- Ծրագրի գաղափարը վաղուց կար: Ուզում էինք զորացրված երիտասարդներին ինչ-որ ձևով աջակցել: Երկրորդ, երրորդ կուրսից զորակոչվելով բանակ, երկու տարի ծառայելով բանակում ու կտրվելով քաղաքացիական կյանքից, վերադառնալուց հետո նրանք սովորաբար նոր գիտելիքների, նոր փորձառության, նոր հմտությունների կարիք են ունենում, որպեսզի կարողանան մտնել աշխատաշուկա:
Մեր ընկերությունն իրականացնում է Quick Start ծրագիրը, որի շրջանակներում վերապատրաստում ու վերաորակավորում ենք երիտասարդերին՝ նրանց տալով աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություներ. թվային մարքեթինգի, PR և HR մասնագետ, Event Manager, ֆինանսական վերլուծաբան, SMM մասնագետ, SS նախագծերի կառավարիչ: Բուհերում դա չեն սովորեցնում, բայց գործատուն այս մասնագիտությունների կարիքն ունի: Այսինքն, շատ հաճախ բուհերն ավարտում են մասնագիտություններով, որոնց կարիքն աշխատաշուկայում ուղղակի չկա:
Quick Start-ի շրջանակներում այս տարի կուսուցանենք զորացրված երիտասարդներին:
-Ո՞ր թվականին զորացրվածների համար է ծրագիրը, ո՞վքեր կարող են դիմել:
-Փետրվարի սկզբին կհայտարարվի ծրագրի կառուցվածքն ու կսկսենք աշխատել 2016թ.-ին զորացրվածների հետ:Ինչո՞ւ հենց նրանց հետ:Որովհետև 2016-ին զորացրվածներն այժմ բուհն ավարտում են կամ արդեն ավարտել են ու իրենց համար ակտուալ է գործ գտնելը: Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մենք այդ կերպ ենք փորձում մեր ներդրումն ունենալ ու աջակցել զինվորներին, ովքեր երկու տարի պաշտպանել են մեր սահմանները: Աշխատելու ենք բուհեր ավարտածների հետ:Մենք արհեստագործական մասնագիտություններ չենք սովորեցնում, սովորեցնում ենք այն, ինչը կարողանում ենք՝ մեր մասնագիտություններից ու ուղղվածությունից ելնելով:
-Որքա՞ն է կազմելու ծրագրի տևողությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու վերաորակավորված երիտասարդներին աշխատանքի տեղավորելու համար:
-Տևողությունը կախված է ծրագրից. կտևի միջինը մինչև 2 ամիս: Ծրագրի սկզբնական ու ավարտական փուլերում երիտասարդները թեստավորում կանցնեն, որից հետո կկազմակերպենք այցեր գործատուների մոտ:Գործատուների կյանքն էլ ենք հեշտացնում դրանով: Նրանք այլևս ստիպված չեն լինում հարյուրավոր մարդկանց հետ հարցազրույցներ անել: Մենք յուրաքանչյուր ծրագրից կընտրենք 3-4լավագույն մասնակցի ու կառաջարկենք գործատուին...
Բավականին մեծ թվով հաջողված օրինակներ ունենք Quick Start ծրագրով, որի արդյունքում շատերը ոչ միայն ընդունվում են աշխատանքի,այլ նաև սկսում են իրենց սեփական բիզնեսները:Ծրագրի իրականացման մեկ տարվա արդյունքում մենք գործատուների ու համագործակից կազմակերպությունների մեծ ցանց ունենք:
-Ո՞ր տարածաշրջաններում է իրականացվելու ծրագիրը:
-Սկսելու ենք Երևանից, շարունակելու ենք Գյումրի ու Վանաձոր քաղաքներում:Ավելի ուշ ծրագիրը կիրականացվի նաև Գորիսում ու էլի մի շարք քաղաքներում:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր կողմից Լոռիում անցկացվող դասընթացների մասին:
- Տեղական ՓՄՁ-ների ու աշխատուժի համար դասընթացներ ենք իրականացնում ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Դասընթացները մարքեթինգ և վաճառք, հյուրընկալության ոլորտի կառավարում և սպասարկում, կարիերայի զարգացում թեմաներով է: Մենք փորձում ենք լոռեցիներին ոչ միայն գիտելիքներ տալ, այլ նաև մոտիվացնել, գործողության մղել որովհետև նկատում ենք՝ պոտենցիալը կա, բայց մի քիչ իներտ, հանդարտ, սպասողական վիճակում են:
-Լոռու մարզում զարգացման ի՞նչ պոտենցիալ ու հեռանկարներ եք տեսնում:
-Լոռիում բավականաչափ պոտենցիալ ունի հյուրընկալության բիզնեսը, տուրիզմը, որովհետև մի տարածաշրջանում կենտրոնացված է հիանալի բնություն, հյուրընկալություն, որակյալ սնունդը, տարբեր ժամանցի վայրեր ու ամենակարևորը՝ հիանալի մարդիկ: Մարդու վրա է հիմնված տուրիզմը:Ամեն քայլափոխի հրաշալի նյութական հնարավորություններ կան, բայց այդ հնարավորություններն օգտագործողները մարդիկ են:
-Ո՞րն է Ձեր ամենակարևոր խորհուրդը նրանց, ովքեր մտածում են սեփական գործ սկսելու մասին:
-Այդ հարցին ես կպատասխանեմ իմ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի օրինակով: Գլուխ 22-րդում, որը գրվել է վերջաբանի փոխարեն, ես ասում եմ՝ ինքնակազմակերպվելու ժամանակն է, առաջնորդ դառնալու ժամանակն է, գործելու ժամանակն է, ստեղծագործ լինելու ու Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է: Պետք է գործել, պետք է նպատակներ դնել ու շարժվել առաջ: Եթե մարդը ցանկանում է գործել՝ կգործի, եթե ոչ՝ կարող է գտնել 1000 ու մի պատճառ:
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել