HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքի ղեկավարը հրաժարվում է Ալավերդու քաղաքապետարանի 2017թ. գնումների փաթեթը տրամադրելուց

Ալավերդի խոշորացված համայնքի 2018թ.-ի գնումների պլանի համաձայն պետբյուջեից հատկացված 185 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից 21,4 մլն դրամ է նախատեսվել կենցաղային և հանրային սննդի նյութեր ձեռք բերելու համար: Դրանից համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոշորացված համայնքի (Ալավերդի և Հաղպատ) բնակավայրերի հղիների սննդամթերքի ձեռքբերման համար  նախատեսել է  ծախսել մլն 770 հազար դրամ, Ալավերդու նորածինների համար հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար՝ 4 մլն դրամ, համայնքի 8  «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների կարիքների համար լրացուցիչ սննդամթերք ձեռք բերելու համար՝ 11 մլն 722 հազար դրամի գնումներ: Բյուջեից 2018թ.-ին մոտ 25մլն դրամ էլ  նախատեսվել է համայնքի 8 (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների սննդի գնումների համար: Համայնքապետարանի շուրջ 46 մլն դրամի կենցաղային և հանրային սննդի նյութերի այս գնումների մատակարարումն, ավանդույթի համաձայն, 2018թ.-ին իրականացվելու է  «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ի միջոցով:

«Կատա  առևտրի տուն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերը 2004թ.-ի նոյեմբերի 1-ից  «Լալվարի» քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանն է, 25 տոկոս բաժնետերը` Արթուր  Նալբանդյանը և  25 տոկոս բաժնետերը՝ Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը: Արթուր Նալբանդյանը 2008թ.-ի հունիսի 6-ին պետռեգիստրում իր 25 տոկոս բաժնետոմսը վերագրանցել է մոր՝ Ալվարդ Նալբանդյանի անունով: Աշոտ Շաքարյանը բաժնետոմսերի իր 25 տոկոս մասնաբաժինը 2011թ.-ի մարտի 14-ին վերագրանցել է դստեր՝ Էմմա Շաքարյանի անունով: Ալավերդու առևտրի ոլորտի գործարարներն անիմաստ են համարում  մասնակցել քաղաքապետարանի գնումների մրցույթներին։

«Մարզպետ Արթուր Նալբանդյանի մարդիկ են աշխատում համայնքապետարանում, նրանք չեն կարող պահել մասնակիցների ներկայացրած հայտերի գաղտնիությունը»,- ասում է խանութերից մեկի սեփականատերը: Մթերային խանութների տերերը նաև բացատրում են, թե քաղաքապետարանի գնումներին մասնակցելով՝ չեն ուզում խնդիրներ ունենալ մարզպետ Ա. Նալբանդյանի և Թումանյանի էլեկտրական ցանցի տնօրեն Ա. Շաքարյանի հետ:

Քաղաքապետարանի գնումների մենաշնորհը 13 տարի գտնվում է «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ի ձեռքում: Հաշվի առնելով, որ ՏԻՄ-երի գնումները մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով գործընթացներ են` հունվարի 8-ին  համայնքապետարանի 2017թ.-ի գնումների փաթեթի բնօրինակներն ուսումնասիրելու և 2018թ.-ի գնումների պլանը մեզ տրամադրելու պահանջով բանավոր դիմեցի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին: Վերջինս պահանջեց այդ մասին գրել գրավոր: «Եթե ինձ հարցնեն, ինչու ես թույլ տվել ծանոթանալ գնումների փաթեթին, ասեմ, որ գրավոր դիմում է  ներկայացվել, չէի կարող թույլ չտալ»,- բացատրեց Ս. Խեչումյանը:

Թե դա ովքեր պետք է իրեն հարցնեին, Ս. Խեչումյանը չասաց: Այսուհանդերձ, հունվարի 8-ին գրավոր պահանջիս Ս. Խեչումյանը հունվարի 11-ին պատասխանել էր, թե քաղաքապետարանի 2017թ.-ի գնումներին վերաբերող բնօրինակ փաստաթղթերը մեզ տրամադրել չի կարող, քանի որ  գնումների փաթեթը կազմում է 1821 էջ,  այն կարող են մեզ տրամադրել կրկնօրինակների ձևով՝ մեկ էջի համար 15 դրամ հաշվարկով: Վերադառնալով  2018թ.-ի համայնքապետարանի նախատեսած գնումների պլանին, Ս. Խեչումյանը պարզաբանել էր,  թե դրանք դեռևս նախնական փուլում են, և ներկա պահին իրականացված  և ավարտված գնման որևէ ընթացակարգ չունեն: ՍԽեչումյանին առաջարկեցի նախ ծանոթանալ 2017թ.-ի  գնումների փաթեթին, ապա պատրաստակամություն հայտնեցի վճարել ինձ անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակների համար: Համայնքի ղեկավարը մերժեց նաև իմ այդ առաջարկը և խորհուրդ  տվեց  քաղաքապետարանի գնումների 2017թ.-ի  փաթեթին ծանոթանալ ֆինանսների նախարարության old.gnumner.am և www.procurement.am կայքերում:

Կայքերում տեղադրված քաղաքապետարանի գնումների փաթեթն ամբողջական չէ: Տեղադրված` գնահատող հանձնաժողովի 2017թ.-ի  փետրվարի 2-ի 5.3 որոշմամբ հաստատված քաղաքապետարանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» 6  ՀՈԱԿ-ների ՇՀ ընթացակարգով պայմանագիր կնքելու որոշման մասին  հայտարարություններից տեղեկացանք, որ գնահատող հանձնաժողովի 2017թ.-ի հունվարի 25-ի թիվ 3.1 որոշումով հաստատված ընթացակարգի բոլոր մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրավերի գնման առարկան հանդիսանում է Ալավերդի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և  թիվ 6  նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ների կարիքների համար նախատեսված սննդամթերքը: ՇՀ ընթացակարգով կնքված պայմանագրով հայտնվում էր, որ (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-երի գնումների մասնակցի իր հայտով գներ է ներկայացրել միայն ԱՁ Արման Միրզոյանը, ում առկա միջոցները առանց ավելացված արժեքի հարկի կազմել են 580 000 դրամ: Հունվարի 15-ին կրկին գրությամբ Ս. Խեչումյանից պահանջեցինք մեզ տրամադրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների» մրցութային կարգով գնումներ կատարելու համայնքի բյուջեից նախատեսված գումարները, հայտարարված գնման մրցույթին հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների անուններն ու հասցեները և  2017 և 2018թ.թ.-ի գնումների պլանները:

Հունվարի 18-ի իր  գրությամբ Ս. Խեչումյանը հայտնել էր, որ  Ալավերդու համայնքապետարանի «Թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի կողմից  2017թ.-ին մրցութային կարգով գնումներ իրականացնելու համար նախատեսված է եղել հատկացնել 2,72մլն դրամ,  «Թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 6,80 մլն դրամ, «Թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 1,27 մլն դրամ, «Թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 5,44 մլն դրամ, «Թիվ 5 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 0,95 մլն դրամ, «Թիվ 6 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին՝ 6,35 մլն դրամ: Բյուջեից (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների գնումների համար 2017թ.-ին հատկացված գումարը  կազմում էր  23, 53 մլն դրամ:  Գնումների 2017թ.-ի պլանով նախատեսվել են նաև (ՆՈՒՀ) ՀՈԱԿ-ների կարիքների համար 5 մլն 927 հազար դրամի լրացուցիչ սննդի գնումներ: ՆՈՒՀ -երի հաշվապահներից  մեկը բացատրեց, որ  լրացուցիչ սննդի համար նախատեսված 5մլն 927 հազար դրամը  չի բաշխվել ՆՈՒՀ-երի միջև, դրանք առանձին ծախսվել են քաղաքապետարանի կողմից: Թե ինչպես է տնօրինվել լրացուցիչ սննդի 5 մլն 927 հազար դրամը, Ս. Խեչումյանը շրջանցել էր:  ՇՀ ընթացակարգով պայմանագիր կնքելու որոշման մասին  բոլոր(ՆՈՒՀ)  ՀՈԱԿ-ների հայտարարություններում նշված էր, որ ընտրված մասնակցին որոշելիս նախապատվությունը տրվել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին:

Հունվարի 18-ի գրությամբ  Ս. Խեչումյանը հայտնել էր, թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան հայտարարված գնման մրցույթներին, սահմանված կարգով մասնակցության հայտ են ներկայացրել «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն և Արման Միրզոյան ԱՁ-ն: Համայնքապետարանի «Թիվ 2 ՆՈՒՀ» և մյուս ՀՈԱԿ-ների ՇՀ ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարությունների մեջ «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն մրցույթի մասնակցի հայտով գնային առաջարկ չի ներկայացրել, սակայն 2017թ.-ին 5 մլն դրամի հաց է մատակարարել համայնքապետարանի 6 (ՆՈՒՀ)  ՀՈԱԿ-ներին:

«Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ն պատկանում է  մարզպետ Արթուր Նալբանդյանի ընտանիքին: ԱՁ Արման Միրզոյանն աշխատում է Թումանյանի էլեկտրական ցանցում՝ Աշոտ Շաքարյանի ղեկավարությամբ: Ա. Միրզոյանը ոչ մասնագիտական պատրաստությամբ, ոչ էլ ֆինանսապես ի վիճակի չէ սպասարկել քաղաքապետարանի 2017թ.-ի սննդի գնումների շուրջ 30 մլն դրամի սննդամթերքի մատակարարումը: Հունվարի 22-ին մեր հարցին, թե որտեղ է գտնվում  քաղաքապետարանի 2017թ.-ի գնումների ապրանքները մատակարարող իր խանութը, ԱՁ Արման Միրզոյանը պատասխանեց. «Կատա»-ում, էն որ առաջ սարահարթցի  Գոհարը կաշխատեր, էն խանութն է»: Սարահարթցի Գոհարի աշխատած խանութը նույնպես պատկանում է «Կատա» -ին:

Մինչ «Կատա» առևտրի տուն» ՍՊԸ-ն  Լոռու մարզպետի հովանու ներքո  տնօրինում է Ալավերդու համայնքապետարանի միլիոնավոր գնումները, Ալավերդու մյուս խանութների տերերն աղքատ ալավերդցիների հաստափոր պարտքացուցակներով մի կերպ ապահովում են իրենց ապրանքաշրջանառությունը:  

 

Մեկնաբանություններ (3)

բնակիչ
խեղճ ժողովուրդ, ամեն հարցում տուժվումա մի անկուշտի պատճառով: մինչև երբ է շարունակվելու, 7 և անպատիժ մնալու, ամբողջ ապօրինի հարստացած չինովնիկներ ինչքան էք տանջելու խեղճ ժողովրդին: երբ էք վերջապես կշտանալու, երբ???? ծակ տեղ ունեք չի լցվում: չեք ամաչում? ամբողջ քաղաքի միլիոնանոց բյուջեն քիչա, ձեր ստվերում գործող բիզնեսները քիչա, մինչև երբ էք այդքան շարունակելու : տեր տիրական էս անտեր երկրում չկա?/ աշխարհի շալակն էք Էլել հերիքաաաաաաա, հերիքաաաաա , մեկա ձեր պեսներին կշտում չկաաաաաաաաաաաա:
Լարիսա Փարեմուզյան
Եթե կարելի է գրեք հա, ոնց եք սնունդը օրենքի սահմաններում գնում, հատկապես , որ օրենքի սահմաններում եք օրինական գնում և ոնց եք հասկանում, որ երեխաները ապահովված են թարմ ու որակյալ սննդով: Մեկ էլ, եթե կարելի է գրեք խնդրում եմ, ինչու եք այդպիսի կարևոր խնդրի մասին հայտարարություն անելիս , թաքցնում Ձեր անուն ազգանունը:
ՆՈՒՀ-երի աշխատակիցներ
Տիկին Փարեմուզյան ինչը վերաբերվում է ՆՈՒՀ-երի սննդին, ասեմ որ գնումը կատարվում է ամբողջությամբ օրենքի սահմաններում և երեխանները լիարժեք ապահովված են թարմ և որակյալ սննդամթերքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter