HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մարի Իզմիրլյանի» մանկատնից յուրացում կատարելու մեջ մեղադրվող անձանցից 2-ին պետությունն ապահովել է հանրային պաշտպանով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը, սակայն դատական նիստը չի կայացել:

Գործը գտնվում է դատավոր Արսեն Նիկողոսյանի վարույթում: Դատարանի աշխատակազմից «Հետք»-ը տեղեկացավ, որ դատարանն անհապաղ քննության ենթակա գործեր է ունեցել, բացի այդ՝ այսօրվա դատական նիստին չէին կարող ներկայանալ նաև ամբաստանյալների պաշտպաններից ոմանք:

Խոսքը, հիշեցնենք,  Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանի վերաբերյալ 2016-ին հարուցված քրեական գործի մասին է:

Ըստ նյութերի՝ մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում 31 քաղաքացու անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝  մանկատնից յուրացվել է 46 մլն դրամից ավելի գումար:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մանկատան տնօրենին՝ Հասմիկ Մկրտչյանին, հաշվապահին՝ Լիդա Սարգսյանին, կադրերի տեսուչին՝ Մարի Խայանին և գլխավոր հաշվապահ Քրիստինե Պողոսյանին: Ամբաստանյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ շահադիտական և մեկ միասնական դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Թեև, ըստ որոշ տեղեկությունների՝ այս անձինք որոշակի փոխհարաբերություններ են ունեցել սոցապնախարարության այս կամ այն պաշտոնատար անձանց հետ՝ բոլոր 31 քաղաքացիները գործով անցնում են որպես վկա. նրանցից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չկա: Մանկատունը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում և ֆինանսավորվում պետական միջոցներով, ուստի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն այս գործով տուժողի կարգավիճակ ունի:

Նշենք, որ բացի մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանից մյուս երեք անձինք գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նախաքննության ավարտին, և նրանցից երկուսին տրամադրվել են հանրային պաշտպաններ՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալների շահերի միջև հակասություն է եղել, որի դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեղադրյալներ Քրիստինե Պողոսյանին և Մարի Խայանին հանրային պաշտպանի գրասենյակը պաշտպաններ է տրամադրել քննիչի որոշման հիման վրա: Հանրային պաշտպաններն, ովքեր ներգրավվել են գործի նախաքննության ավարտին Կարինե Խաչատրյանն ու Թամարա Բաղդասարյանն են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter