HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահական մարդիկ

1.5 տարեկան Մարիամը ծնվել է սրտի արատով: Նա վագոն-տնակում ապրող 9 երեխաների մայր Լենա Շեստակովայի ամենակրտսերն է: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել երեխային, սակայն հյուծված օրգանիզմը կազդուրելուց հետո միայն: Միջոցներ չունենալու պատճառով ծնողներն ի վիճակի չեն Մարիամին բժշկական ստուգման տանել: Հայրը` Ստյոպա Խաչատրյանը, ասում է, որ բժիշկները 20.000 դրամ են պահանջել երեխային հիվանդանոցում բուժելու համար: Մինչդեռ այս կարգի ընտանիքները օգտվում են անվճար բժշկական սպասարկումից ու ծառայություններից: 

 «Նրանց ընտանիքի կարիքավորության միավորը 38-ից բարձր է, իսկ դա նշանակում է, որ ընտանիքի բոլոր անդամներն իրավունք ունեն օգտվել անվճար բժշկական սպասարկումից՝ ընդհուպ մինչեւ վիրահատություն»,-ասում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Վալերի Ջաղինյանը: 

Ընտանիքն այս հնարավորություններից չի կարողանում օգտվել: Բավարարվում են միայն օրական վեց անգամ ներերակային սրսկմամբ, որից երկուսը երեկոյան ժամերին կատարում են մոմի լույսի տակ: Սրսկումը անվճար կատարում է հարեւան բուժքույրը, իսկ դեղերը առնում են Ստյոպա Խաչատրյանի աշխատած փողերով:

Ընտանիքն ապրում է մթի մեջ, մեկ տարուց ավելի է նրանց էլեկտրական հաշվիչը հանվել է 8.000 դրամ պարտքի պատճառով: Հիվանդ երեխային վերջերս առնետն էր կծել: Բարեբախտաբար, երեխայի առողջությանը մեծ վնաս չէր հասցվել: 

«Օգնության համար գնացել ենք քաղաքապետի մոտ, ասել է՝ ձեզ չէին ասում էդքան երեխա ունենաք, որ հիմա էլ օգնություն խնդրեք»,-բողոքում է ինը երեխաների մայր Լենա Շեստակովան: Մարզպետարանում էլ պատասխանել են` եթե ամեն եկողի ֆինանսավորենք, ու՞ր կհասնի:

Լենա Շեստակովան ամուսնու ու երեխաների հետ ապրում է Վանաձորի Լենինգրադյան թաղամասի տնակային ավանում: Ինը քառակուսի մետրանոց, երկու սենյականոց տնակում հազիվ են տեղավորվում: 

«Ինչ գործ պատահի անում եմ: Մի 1000 դրամ եմ աշխատում, էն էլ սննդին է հազիվ հերիքում»,-պատմում է ընտանիքի հայրը` Ստյոպա Խաչատրյանը: Արդեն տասը տարի նրա խնամքի տակ են նաեւ կնոջ առաջին ամուսնությունից ծնված վեց երեխաները: Լենա Շեստակովան նրա երկրորդ կինն է: Նրանք ամուսնացել են 1994 թ-ին, երբ Լենայի փոքր տղան երեք տարեկան էր: Լենան առաջին ամուսնուց ունի վեց, երկրորդից՝ երեք երեխա: 

Երկու աղջիկները` Աննան եւ Նինան, արդեն 7 տարի ապրում են Վանաձորի մանկատանը: Մայրը երբեմն այցելում է աղջիկներին:

«Եթե մանկատանն ապրող երեխաներն էլ մեզ հետ լինեին, անգրագետ էին մեծանալու: Փա~ռք Աստծո, սովորում են, լավից վատից ապրում են մանկատանը»,-ասում է Ստյոպա Խաչատրյանը: 

15-ամյա Կամոյին մանկատանը պահել հնարավոր չի եղել: Նա Վանաձորի գիշերօթիկ դպրոցում նույնպես չի մնացել: Փողոցներում փող մուրալուն զուգահեռ Կամոն բանվորություն է արել ու կերակրել ընտանիքի անդամներին: Հիմա ժամանակավոր ապրում է հորաքրոջ տանը եւ շարունակում է օգնել հարազատներին:

Կամոյի փոքր եղբայրը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: 14-ամյա տղան հիվանդության պատճառով երբեք դպրոց չի գնացել: Մեծ եղբայրն ու քույրն արդեն չափահաս մարդիկ են ու մուրացկանությամբ այլեւս չեն զբաղվում: Եղբայրը Ռուսաստանում է, իսկ քույրն արդեն իր ընտանիքն ունի: 

Ստյոպա խաչատրյանը պատմեց, որ իրենց ամսեկան բյուջեն կազմում է 22.500 դրամ ընտանեկան նպաստը, իր 3100 դրամ հաշմանդամության թոշակը, ավելացրած՝ բանվորությունից ստացած մի քանի հազար դրամը: Այս գումարը ստանալիս միանգամից թողնում են խանութում, որտեղից ամսվա ընքթացքում պարտքով հաց, շաքարավազ եւ այլ սննդամթերք են գնում: 

«Այդ տնակները հակասանիտարական վիճակում են: Անհնար է այդտեղ առողջ սերունդ մեծացնել»,-համոզված է քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի մասնագետ Լեռնուհի Գեւորգյանը:

Բնակարանային հերթացուցակում ընտանիքը ընդգրկելու համար Վանաձորի քաղաքապետարանից անցյալ տարի եկել-նայել են տնակը, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեն տվել: Ս. Խաչատրյանը որոշել է մեկ անգամ եւս դիմել քաղաքապետին, որպեսզի կամ նոր տարածք տրամադրեն կամ տնակը մեծացնելու թույլտվություն տան: 

Ինչպես քարտուղարության, տեղեկատվության եւ սոցիալական բաժնի պետի տեղակալ Հրահատ Նազարյանն է փաստում, Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային հերթացուցակում պատահական մարդիկ չեն ընդգրկվում: Պետությունը բնակարան է հատկացնում երկրաշարժից տուն կորցրած ընտանիքներին: Խաչատրյանների ընտանիքն այս կարգին չի պատկանում: Նրանք մինչեւ 1994թ-ը վարձով են բնակվել, հետո էլ՝ տնակ տեղափոխվել: 

«Նման ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի: Բայց ինքը ոչ մի անգամ այդ հարցով չի դիմել քաղաքապետարան: Այլապես անարձագանք չէր մնա, ինչ-որ լուծում կտրվեր: Ուղղակի ինքը պետք է իր հարցերով զբաղվեր»,-ասում է Հրահատ Նազարյանը: 

Ամուսիններն ու նրանց 5 եւ 6 տարեկան տղաներն օգտվում են Վանաձորում գործող բարեգործական ճաշարանից: Չորս հոգու համար նախատեսված սնունդը տուն են բերում: Երեխաները հագնում են հարեւանների, հարազատների հին հագուստները: Ամիսը մեկ անգամ իր երեխաներին է այցելում Լենայի նախկին ամուսինը, որն իր հետ սնունդ ու հագուստ է բերում: 

Առաջին դասարանցի Մուշեղին գրենական պիտույքները հատկացրել է Լոռու մարզպետարանը: 

Ներկայումս ընտանիքն ունի 15.000 դրամի պարտք, եւ այն վերադարձնելու միակ հնարավորությունը Ստյոպա Խաչատրյանը տեսնում է երեխաներին մուրացկանության ուղարկելու մեջ: 

«Մնում է, որ երեխաներին ուղարկեմ մուրացկանության: Ասել եմ` ավելի լավ է մուրացկան լինեն, քան՝ գող»,-իր տեսակետն է պնդում ընտանիքի հայրը:

«Բոմժային մտածողություն ունեն: Իրենց թվում է, որ իրենք պետք է երեխաներ ունենան ու պետությունը պահի: Բերում են երեխաներին ու մտածում, որ երեխաները պարտավոր են իրենց պահել: Աղքատությունն այստեղ մեղավոր չէ: Մեղավորը գիտակցական ցածր մակարդակն է: Այլապես ի՞նչ կարծիք ունենաս մարդու մասին, որն ունենում է շատ երեխաներ ու փողոց գցում»,-ասում է Լեռնուհի Գեւորգյանը: 

Ստյոպա Խաչատրյանն ու Լենա Շեստակովան երեխա ունենալու ու փողոց գցելու մտադրություն չունեն: 

«Ինչքան շատվոր ես լինում, այնքան լավ է հաց ուտվում»,-ասում է Լենա Շեստակովան: Եթե պետությունը պահի, բնակարան հատկացնի, պատրաստ են նորից երեխա ունենալ: 

«Տեղական իշխանությունները գիտեն իմ պայմանները: Այնքան շենքեր կան դատարկ, կարող են, չէ՞, մեզ նմաններին տուն տալ: Բայց ես հույսս կորցրել եմ այստեղից, տեղի բյուջեից, մնում է Ռուսաստան գնամ, էն էլ փող չունեմ»,-բողոքում է բազմանդամ ընտանիքի հայր Ստյոպա Խաչատրյանը:

 Լուս.`` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter