
«Նարկոզը» լրջորեն ազդել է նորատուսցի Ալիկի և մյուսների գործով վկայի ցուցմունքի վրա
«Լիա» գեղեցկության սրահի նկուղում 2016-ին տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց նկուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած վկա Արամ Պետրոսյանը: Վերջինս ներկայացավ որպես գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի, իր խոսքով` Գեղամի ընկեր, հայտնեց, որ իրենք ընտանիքներով մտերիմ են, իսկ այն նկուղը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ներկայացրեց որպես իրենց տուն` նկատի ունենալով, որ իրենք ընկերներով հաճախ են այնտեղ հավաքվել:
Արամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում երեք ցուցմունք է տվել, որոնցից առաջինը դեպքի հաջորդ օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին, սակայն այս ցուցմունքում հայտնած բազմաթիվ հանգամանքներ հետագա ցուցմունքներում հերքել է և դեպքի հանգամանքները պատմել այնպես, ինչպես այսօր դատարանում ներկայացրեց:
Առաջին և դրան հաջորդող ցուցմունքներում եղած հակասությունների պատճառն, ինչպես պարզվեց, «նարկոզն է». Պետրոսյանը նկուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց ու վիրահատվել: Դատարանին հայտնեց, որ առաջին անգամ դեպքի վերաբերյալ ցուցմունք է տվել «նարկոզից» դուրս գալուց հետո, երբ ամեն ինչ հստակ չէր հիշում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինիս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս, ըստ գործի նյութերի, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի շրջապատից է եղել: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:
Վկա Արամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում տված իր առաջին ցուցմունքում ասել է, որ դեպքի օրը Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի դիմաց անծանոթ մարդկանց է տեսել, որից հետո գնացել է դրա նկուղային հարկ, որտեղ 15-20 անձի է տեսել, որոնց մեջ ճանաչել է, վկայի խոսքով` Աբոյին, Գևորիկին ու Գեղամին, ով զրուցելիս է եղել ինչ-որ անծանոթի հետ (խոսքը դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին է): Վկան հայտնել է նաև, որ Մուշեղ Մուշեղանը վազել է դեպի նկուղի դուռը, սակայն Գևորգ Ավետիսյանը գնացել է նրա ետևից, ապա Ավետիսյանն, ինչպես նաև իրեն անծանոթ այլ անձինք Մուշեղ Մուշեղյանին հարվածներ են հասցրել, որից հետո ինքը` Պետրոսյանը, որովայնի հատվածում սուր ցավ է զգացել, ուշագնաց եղել և այլևս ոչինչ չի հիշում:
Արամ Պետրոսյանի` նախաքննության ընթացքում տված մյուս ցուցմունքում նկուղում եղած անձանց թիվը կտրուկ նվազում է` 15-ից 20 անձը դառնում է 7-ից 8, իսկ ահա նախաքննական երրորդ ցուցմունքում, առաջին ցուցմունքի համեմատ, նկուղում գտնվող անձանց թիվը նվազում է հինգ անգամ. 15-ից 20 անձը դառնում են 3-ից 4: Փոխվում են նաև դեպքի հանգամանքները:
Մասնավորապես` նախաքննության ընթացքում տված իր երկրորդ ցուցմունքում Արամ Պետրոսյանը գրել է, որ ինքը նկուղային հարկում է եղել, երբ Մուշեղ Մուշեղյանը եկել է այնտեղ: Իսկ Պետրոս Իսրայելյանն այդ պահին նկուղում չի եղել:
«Շքամուտքի մոտից մտավ Մուշեղը` ուժեղ դուռը բացելով: Գևորգն ասաց` ի՞նչ ես անում արա, Մուշեղն էլ ասաց` դո՞ւ պիտի ասես՝ ինչ անեմ, որից հետո հնչեցին հայհոյանքներ»,- գրել է Արամ Պետրոսյանն ու նշել, որ դրանից հետո Մուշեղ Մուշեղյանը հանել է զենքը և կրակել Գևորգ Ավետիսյանին: Դրանից հետո, ըստ վկայի ցուցմունքի, Գևորգը դանակով հարվածել է Մուշեղ Մուշեղյանին: Ինքը` Արամ Պետրոսյանն էլ, ըստ ցուցմունքի, ձեռքին եղած ծխախոտի տուփը շպրտել է Մուշեղյանի ուղղությամբ, որից հետո ստացել հրազենային վիրավորումը:
Այսօր դատարանում տված ցուցմունքում էլ Արամ Պետրոսյանը պատմեց, թե ինչ հանգամանքներում էր հայտնվել «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում:
Միջադեպի առիթը Արա Վարդանյանի (Ճվճվ Արոյի) գումարն է
Արամ Պետրոսյանը պատմեց, որ դեպքից օրեր առաջ զրուցել է Պետրոս Իսրայելյանի հետ և վերջինս ասել է, որ Արա Վարդանյանը խնդրել է Վարդենիսում ապրող Վահագն Մանուկյանից (Վարդենիսցի Վահագն) վերցնել իր գումարը՝ 2000 ԱՄՆ դոլարը, որը Վահագն Մանուկյանը պարտք է եղել Արա Վարդանյանին: Վերջինս այդ ժամանակ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալիս է եղել և ունեցել է այդ գումարի կարիքը:
Պետրոս Իսրայելյանն, ըստ վկա Արամ Պետրոսյանի ասել է նաև, որ ի սկզբանե Վահագն Մանուկյանը Արա Վարդանյանից 20 000 դոլար է վերցրել՝ բիզնեսի համար, որից հետո 18 000 դոլարը վերադարձրել է, բայց ինչ-որ մեկը (խոսքը սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին է. հեղ) 20 հազար է հետ ուզում:
Այս զրույցի հաջորդ օրը Արամ Պետրոսյանն, ըստ իր ցուցմունքի, զանգել է Մուշեղ Մուշեղյանին, որպեսզի այս հարցի շուրջ զրուցի վերջինիս հետ:
«Զանգեցի Մուշեղին, ասացի՝ տվողն էլ գիտի, թե ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` արի իրար տենանք, խոսանք, ես գտնում եմ, որ 2 չպիտի տա, 20 պիտի տա»,- պատմեց Արամ Պետրոսյանը` նշելով, թե Մուշեղյանն ագրեսիվ է խոսել իր հետ:
Նոյեմբերի 13-ին` դեպքի օրը, վկան, ըստ իր ցուցմունքի, զանգել է Մուշեղ Մուշեղյանին, որպեսզի հանդիպի հետը, Պետրոս Իսրայելյանն էլ առաջարկել է միասին գնալ` նկատի ունենալով, որ Մուշեղ Մուշեղյանն ագրեսիվ է խոսել:
«Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնո՞ւմ ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել՝ երկու ավտոյով: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` (նկատի ունի գեղեցկության սրահի նկուղային հարկը. հեղ), նստենք, մեր տան մեջ, տեսնենք՝ ինչ ենք անում»,- պատմեց Արամ Պետրոսյանը:
Այս ամենից հետո է, որ ըստ վկայի, Մուշեղ Մուշեղյանը հայտնվել է նկուղային հարկում ու վիճաբանել Գևորգ Ավետիսյանի հետ, հայհոյել նրան:
«Մուշեղը պատրաստված եկել էր, որ մարդկանց հետ վատ վարվի, ձեռը գցեց հետևը, զենքը հանեց ու Գևորի ուղղությամբ կրակեց: Գևորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ»,- ասաց Պետրոսյանն, ով, ըստ իր պատմածի, այս ամենի ականատեսը լինելուց հետո վիրավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց:
Վկան դատարանին հայտնեց, որ երբ հիվանդանոցում աչքերը բացել է, տեսել է Մուշեղ Մուշեղյանին, որի շուրջը եղած մարդիկ լաց էին լինում:
Երբ վկան ցուցմունքն ավարտեց և հրապարակվեցին նաև նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, դատարանն, ինչպես նաև մեղադրող դատախազները փորձում էին հարցերի միջոցով պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված նրա նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունները: Իսկ այս ամենի պատճառները մի քանիսն էին. «Նարկոզ» ստանալը, վախը, նախաքննությանն օգնելու հանգամանքը. ահա այն պատասխանները, որոնք հակասությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան տվեց Արամ Պետրոսյանը:
Վկան բացատրեց, որ սկզբնական ցուցմունքում որոշ հանգամանքներ սխալ է ներկայացրել` մտավախություն ունենալով, որ կարող են իրեն ևս մեղադրել այս քրեական գործով:
Դատավորի հարցին` ինչի՞ց էր վկան վախենում, եթե որևէ կապ չուներ տեղի ունեցած հանցագործության հետ, Պետրոսյանը պատասխանեց, թե իրեն ասել են` «ինֆորմացիա ունենք, որ դու էլ ես մասնակից եղել»:
«Ինֆորմացիա», «մասնակից» տենց բառերից եմ վախեցել»,- ասաց Արամ Պետրոսյանը:
Այսօրվա դատական նիստին ընթերցվեցին նաև դեպքի հետևանքով մահացած Մուշեղ Մուշեղյանի կնոջ` գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանի ցուցմունքները, որոնք, սակայն որևէ էական նշանակություն չունեն գործի համար. Մուշեղյանի կինն ամբաստանյալներից կամ գործով վկաներից որևէ մեկին չի ճանաչում և չգիտե` ամուսնու և վերջիններիս հարաբերություններն ինչպիսին են եղել:
Նշենք նաև, որ դատարանն արդեն տևական ժամանակ չի կարողանում ապահովել այս գործով վկայի կարգավիճակ ունեցող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի ներկայությունը դատարանում: Վերջինիս բերման ենթարկելու որոշում է կայացվել, սակայն առ այսօր հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը:
Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը փետրվարի 7-ին է:
Մեկնաբանել