
Տնտեսական ակտիվությունը 2017 թվականին աճել է 7.7%-ով. ԱՎԾ
2017 թվականին (հունվար-դեկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) այսօր հրապարակած տվյալներից։
ՏԱՑ-ի 7.7% աճը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսական աճը՝ ՀՆԱ-ի աճը, տարեկան մակարդակով ևս կլինի 7%-ի շրջանակներում, քանի որ ՀՆԱ-ի և ՏԱՑ-ի ցուցանիշները, որպես կանոն, շատ չեն տարբերվում։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականին կազմել է 1.66 տրլն դրամ՝ 2016-ի համեմատ աճելով 12.6%-ով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել ենք արդյունաբերության կառուցվածքին։
Տարեկան տվյալներով՝ շինարարությունը, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը ևս նպաստել են տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին։ Բացասական ազդեցություն է թողել գյուղատնտեսությունը։
2017 թվականին երկրում ներքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2.6 տրլն դրամ, աճը՝ 14%:
Իսկ ծառայությունների ծավալը 1.453 տրլն դրամ է, որն աճել է 14.4%-ով։
Շինարարության ծավալն այս ընթացքում կազմել է մոտ 416 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 2.2%-ով։
Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 907 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով։
Մեկնաբանել