HY RU EN

Սառա Պետրոսյան

Մարզպետների գործունեությունը կգնահատի վարչապետը՝ չափելի արդյունքների հիման վրա

Վարչապետ Կարեն Կարապետյանն անցյալ տարեվերջին մարզպետների հաշվետվություններն էր ընդունում: Նրանցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայել տպավորիչ թվերով ներկայացնել իր մարզի «առաջընթացը»: Հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծված եւ ստեղծվելիք հազարավոր աշխատատեղեր, արտադրական եւ արտահանման ծավալների աճ, համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ եւ այլն:

Մարզպետների ներկայացրած հաշվետվությունները զարմացրին հատկապես այդ մարզերի բնակիչներին: Թե վարչապետը որքանով հավաստի համարեց հաշվետվությունները, ստուգվեցին թվերն ու փաստերը, գնահատվեցին դրանք, թե` ոչ, հայտնի չէ:  

Հաշվետվությունների մեջ խոսվե՞ց, արդյոք, համայնքներում առկա աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքերի, հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների, համայնքների ռազմավարական ծրագրերով պլանավորված գործողությունները չկատարելու եւ այլ թերացումների մասին: Մանրամասնեցի՞ն, արդյոք, թե որ ընկերություններն են ներդրում կատարել մարզերում, որ ընկերություններում են ստեղծվել հազարավոր աշխատատեղերը, հիմնակա՞ն աշխատատեղեր են դրանք, թե՞ սեզոնային եւ այլն:

Այդ բոլորը, եթե իրականություն է, ուրեմն, ինչո՞ւ աղքատության պատկերը հանրապետությունում չի փոխվում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է 0,4%-ով, իսկ ՀՆԱ-ն, 2015 թ.-ի համեմատ, աճել է ընդամենը 0,2%-ով:

Կառավարության 2009 թ.-ի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ սահմանվել են մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները եւ աշխատանքների գնահատման մեթոդաբանությունը: Հատկանշական է, որ մարզպետներից ոչ մեկի գործունեությունը, այդ թվականից ի վեր, ըստ սահմանված չափորոշիչների, դեռեւս անբավարար չի գնահատվել:

Մարզպետարաններն ընդունել են մարզի 2017-2025 թթ.-ի զարգացման ռազմավարություն, որով պարտավորվել են ապահովել ՀՆԱ-ի ցուցանիշի աճ հանրապետական միջինի նկատմամբ, գործազրկության թվի նվազեցում, ներդրումներ՝ գյուղատնտեսության ոլորտում, զբաղվածության ավելացում եւ այլն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է գնահատման նոր չափորոշիչներ՝ մարզպետների աշխատանքը զարգացման ռազմավարության իրականացման տարեկան հաշվետվությունների հիման վրա գնահատելու նպատակով:

Նախարարությունը Կառավարության հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ գործող որոշմամբ նախատեսված գնահատման չափորոշիչներում բացակայում են չափելի արդյունքները, որոնք «մասամբ լրացվել են մեթոդաբանություններով»: Նաեւ՝ գործող չափորոշիչները չեն բնութագրում 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման ուղղությամբ արված աշխատանքների որակը:

2016-2025 թթ.-ի տարածքային զարգացման ռազմավարությամբ նախատեսվել են հետեւյալ չափորոշիչները՝

  • 2025 թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի հանրապետական ցուցանիշի 60%-ը եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։

  • 2025 թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների եւ ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10%-ով` համեմատած 2014 թ.-ի հետ:

Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնց չափելի ցուցանիշների կիրառմամբ կգնահատվի հաշվետու ժամանակաշրջանում 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության կատարման գործընթացում մարզպետների կատարած աշխատանքի արդյունավետությունը:

Մարզպետների գործունեությունը գնահատելու է հանրապետության վարչապետը եւ գնահատականը հրապարակվելու է կառավարության պաշտոնական կայքում` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 20-ը:

Գնահատման արդյունքներով` մինչեւ 25 միավորը գնահատվում է անբավարար, 25-ից մինչեւ 37,5 միավորը` բավարար, 37,5 միավորից բարձրը` լավ:

Գնահատմանը մասնակցելու են հետեւյալ նախարարությունները` տարածքային կառավարման եւ զարգացման, տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության:

Հիշյալ նախարարությունները գնահատելու են մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, մարզում աշխատատեղերի թիվը, համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը, համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը եւ այլ ցուցանիշներ:

Ներկայացված կարգի համաձայն՝ մարզպետների կատարած աշխատանքները գնահատվելու են նախորդող տարվա փաստացի արդյունքների համեմատությամբ: Մեթոդական ուղեցույցով սահմանվելու են մարզպետների կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացակարգը, ինչպես նաեւ հատկացված առավելագույն միավորի շրջանակներում յուրաքանչյուր չափորոշիչին տրամադրվող միավորը եւ գնահատման առանձնահատկությունները:

Հաշվետու տարվա ավարտից հետո, մինչեւ տվյալ տարվա փետրվարի 15-ը, մարզպետները հաշվետվություններ են ներկայացնում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, իսկ վերջինս դրանք տրամադրում է վերը թվարկված նախարարություններին: Աշխատանքային 7 օրվա ընթացքում նախարարությունները կազմում են եզրակացություն՝ նշելով գնահատման արդյունքում կազմված կողմնորոշիչ միավորները: Եզրակացությունը ներկայացվելու է մարզպետներին՝ ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում առարկություն ներկայացնելու համար:

Ներկայացված եզրակացությունները եւ հաշվետվությունները, իսկ առարկությունների դեպքում՝ նաեւ դրանց վերաբերյալ ամփոփաթերթը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում քննարկվելուց հետո ներկայացվելու է հանրապետության վարչապետի գնահատմանը: