
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները պայմանավորվել են համագործակցել գյուղատնտեսության ոլորտում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ, փոխանցում է կառավարության պաշտոնական կայքը:
Կարեն Կարապետյանը Նիդերլանդների իր պաշտոնակցին տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:
Մարկ Ռուտեն նշել է, որ Նիդերլանդները գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
Մեկնաբանել