
Բաղրամյան համայնքի խողովակները վաճառելու փաստով քրեական գործ է հարուցվել
Գլխավոր դատախազությունը «Բաղրամյան համայնքի ղեկավարը աչքաչափով գնահատում եւ վաճառում է համայնքի գույքը» «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:
Նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունը:
Հոդվածում ներկայացրել էինք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանի նախաձեռությամբ, 2017 թ. դեկտեմբերի 12-26-ին, ներհամայնքային ճանապարհները քանդել են, հողի տակից հանել կոյուղու ազբեստյա խողովակները ու մեքենաներով տեղափոխել:
Արա Սահարյանը 2017 թ. դեկտեմբերի 8-ին ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել խողովակները վաճառելու հարցը հաստատելու համար: Ավագանին որոշում էր ընդունել «Բաղրամյան համայնքի վարչական տարածքում գտնվող անօգտագործելի ազբեստյա խողովակների վաճառքի գինը սահմանելու եւ վաճառելու մասին»:
Խողովակների վաճառքի արժեքը սահմանել էր ոչ թե արտոնագրված կազմակերպությունը, ինչպես պահանջում է «Անշարժ գույքի գնահատման մասին» ՀՀ օրենքը, այլ համայնքի ղեկավարը` հետեւյալ արժեքներով`
1000 մմ խողովակը` 40 000 դրամ
500 մմ խողովակը` 20 000 դրամ
325 մմ խողովակը` 12 000 դրամ:
Նույն կերպ` առանց գնահատման ներկայացնելու, Բաղրամյան համայնքի ղեկավարն անցյալ տարի վաճառել էր նախկին զինկոմիսարիատի երկհարկանի շենքը (508.16 քմ, պարիսպը` 3308 քմ, 1887 քմ հողատարածք):
Մեկնաբանել