HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստ եւ սպանություն

Ռուզան Մինասյան
Սոնա Տրուզյան

27- ամյա Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանի համար 4-րդ դատվածությունը դարձավ ճակատագրական. ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում՝ հերթական պատիժը կրելու ժամանակ, նա դաժանաբար սպանվեց։ Ավելի ճիշտ՝ ստացավ մահացու վնասվածքներ։ Սա քրեակատարողական հիմնարկում արձանագրված առաջին սպանության դեպքն էր՝ կալանավայրերը ներքին գործերի նախարարությունից արդարադատության նախարարության ենթակայության տակ տեղափոխվելուց հետո։ 

Մկրտիչ Գրիգորյանը 4-րդ դատվածությունը ստացել էր 2002 թվականի դեկտեմբերի 2-ին՝ գողություն եւ գողության փորձ անելու համար՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվելով 2 տարվա ազատազրկման։ Կալանքի ժամկետը լրանում էր 2004 թվականի օգոստոսի 5-ին եւ 13 ամիս հետո, եթե, իհարկե չօգտվեր վաղաժամկետ ազատման իրավունքից, կարող էր կալանավայրը ընդմիշտ լքել, ընդ որում՝ առանց կողմնակի օգնության, բայց 2003 թվականի հունիսի 9-ը դարձավ նրա կյանքի վերջին օրը, իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկն էլ վերջին օթեւանը։ Ի դեպ, նախնական կալանքը նա կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղից «էրեբունի» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել էր 2003 թվականի մարտի 14-ին՝ կարգապահական խախտում թույլ տալու պատճառով։

Խիստ պաշտոնական 

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը 2003 թվականի հունիսի 9-ին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ստացավ արտակարգ իրավիճակ ազդարարող հատուկ հաղորդագրություն. «Սույն թվականի հունիսի 9-ին ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Էրեբունի» Քկ հիմնարկի բնակելի գոտում առաջին մասնաշենքի 7-րդ ջոկատում դատապարատյալներ Ռոբերտ Ժորայի Միրզոյանը՝ ծնված 1973 թ. եւ Հայկ Ժորայի Միրզոյանը՝ ծնված 1971թ. վիճաբանության ժամանակ կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել դատապարտյալ Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանին՝ ծնված 1977թ.-ին։ 

Ժամը 04։00-ի սահմաններում դատապարտյալ Հայկ Միրզոյանը գնացել է երրորդ մասնաշենք՝ ճաշարան, իր համագյուղացի Ոսկան Ծատուրյանի մոտ՝ ծնված 1969թ.-ին եւ վիճաբանության ժամանակ նրան կտրող ծակող գործիքով հասցրել էր մարմնական վնասվածքներ։ 

ատապատյալներ Մկրտիչ Գրիգորյանն ու Ոսկան Ծատուրյանը անմիջապես տեղափոխվել են Երեւանի Էրեբունի կլինիկական հիվանդանոց։ Փաստի վերաբերյալ կատարվում է քննություն»։ Ավելի ուշ, ժամը 04։30-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Մ.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ Ո. Ծատուրյանի կյանքը, բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել։

Ինչ էր տեղի ունեցել հունիսի 9-ին 

«Էրեբունի» քրեակատարողական համակարգը համարվում է ուժեղացված ռեժիմի գաղութ, որը, որպես կանոն, «հյուրընկալում է» մի քանի դատվածություն ունեցող անձանց, ասել է թե՝ ռեցեդեւիստներին։ Չնայած դրան այն հանրակացարանային տիպի է, հետեւապես կալանավորներն ունեն շփվելու, հաղորդակցվելու անսահմանափակ հնարավորություն, ինչը մասնավորապես 2003 թվականի հունիսի 9-ին վերաճեց հարաբերությունների ճշգրտման եւ ի վերջո ընդհարման։

Իսկ ամեն ինչ սկսվել էր պարզ, սովորական հեռուստադիտումից։ Նկատենք, որ հեռուստադիտումը կալանավորները կազմակերպել էին գիշերային ուշ ժամի, չնայած «քուն» հրահանգին։ Նախաձեռնության հեղինակը՝ ավազակային հարձակում եւ սպանության փորձ անելու համար Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002 թվականի սեպտեմբերի 12-ի դատավճռով 10 տարվա ազատազրկման դատապարտված Ռոբերտ Միրզոյանն էր, որը 2003 թվականի հունիսի 9-ին, ժամը 01-ի սահմաններում որոշել էր բռնցքամարտ նայել՝ դատապարտյալ Սեյրան Գեւորգյանի քնելատեղում։

Հեռուստադիտումն ավարտվել է փոխադարձ հայհոյանքներով՝ վերաճելով ծեծկռտուքի, քանզի Ս. Գեւորգյանը, բռնցաքամարտի ավարտից հետո, առաջարկել էր Ռ. Միրզոյանին ազատել իր քնելատեղը։

Այստեղ, կարծում ենք, տեղին է արձանագրել, որ Ռ. Միրզոյանը սթափ չի եղել եւ, թերեւս, խմիչքից աքլորացած վեճի է բռնվել թիվ 4 ջոկատի հանրակացարանի «բնակիչների» հետ, ու նրան հսկիչների փոխարեն փորձել են կարգի բերել հենց կալանավորները, մասնավորապես Լ.Հակոբյանը, Ա. Մարտիրոսյանը, Ջ. Միրիբյանն ու Մ. Գրիգորյանը, բայց արդեն իրենց՝ բանտային օրենքներով՝ ծեծի ենթարկելով Ռ. Միրզոյանին։ 

Լուրը հասնում է ավագ եղբորը՝ նույն դատավճռով 9 տարվա ազատազրկման դատապարտված Հ. Միրզոյանին, որի միջամտությունն ավարտվում է նույնպիսի ծեծով։ Բայց անգամ դրանից հետո հսկիչները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակը իրենց վերահսկողության տակ վերադարձնելու ուղղությամբ։

Եվ այս անգամ էլ այդ առաքելությունն իր վրա է վերցնում բանտային հեղինակություններից մեկը՝ Կ. Մովսիսյանը՝ գնալով դեպքի վայր, այն է՝ 4-րդ հանրակացարան եւ առաջարկելով բախտակիցներին քնել եւ առաջացած տարաձայնությունները պարզաբանել առավոտյան։ 

Կրքերը հանդարտվում են, բայց չեն մարում եւ Միրզոյանները մահճակալներին պառկած շարունակում են բարձրաձայն քննարկել կատարվածը։ Սա դուր չի գալիս Մ. Գրիգորյանին, որը պահանջելով եղբայրներից լռել։ Եվ սցենարը կրկնվում է նորից .... հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Սակայն այս անգամ գործի է դրվում նաեւ սառը զենքը. Մ. Գրիգորյանն զայրացած հայհոյանքներից ուղղվում է դեպի Ռ. Միրզոյանը, որն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածում է Մ. Գրիգորյանին։ 

Վիրավոր դատապարտյալին օգնության են հասնում դատապարտյալներ Հրաչ Ադամյանն ու Նվեր Ահարոնյանը՝ նրան դուրս հանելով հանրակացարանից, իսկ Լ. Հակոբյանը շտապում է կատարվածի մասին տեղեկացնել հերթապահներին։ Ըստ պաշտոնական աղբյուրների, այս ամենը տեղի է ունեցել 03։50-ի սահմաններում։ 

Բայց արյունոտ գիշերն այսքանով չի ավարտվում։ Միրզոյաններից ավագը, դեպքից հետո, անարգել ուղեւորվում է դեպի ճաշարան՝ ծարավը, ինչպես ավելի ուշ պարզվեց արյան ծարավը հագեցնելու։

Խնդիրն այն է, որ ճաշարանում այդ ընթացքում աշխատում էր դատապարտյալ Ոսկան Ծատուրյանը, որի ցուցմունքները էական նշանակություն են ունեցել Միրզոյան եղբայրների հանցանքները բացահայտելու գործում եւ, թերեւս, ոգեւորվելով բախտակիցներին դանակահարելու եղբոր փորձից՝ Հայկ Միրզոյանը որոշում է վրեժխնդիր լինել Ծատուրյանից եւ, ի պատասխան վերջինիս մեկնած ջրին, դանակահարում է նրան։

Այս անգամ նույնպես ավելի զգոն են գտնվում դատապարտյալները եւ Ո. Ծատուրյանին օգնության է հասնում դատապարտյալ Համլետ Դարբինյանը՝ ըստ էության փրկելով նրա կյանքը։ Քանզի, նրա ճաշարան մտնելու պահին դեռ Հ. Միրզոյանը շարունակել է դանակով հարվածներ հասցնել Ծատուրյանին, եւ նրան վնասազերծել է հենց Հ. Դարբինյանը՝ իր մոտ եղած հատակը մաքրելու փայտով։

Նկատենք, որ երկրորդ դանակահարությունը տեղի է ունեցել Մ.Գրիգորյանին հանրակացարանում Ռ. Միրզոյանի դանակահարելուց 20 րոպե անց։ Իսկ որտե՞ղ էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի հերթապահ տեսուչները, ինչո՞ւ չէր հայտարարվել արտակարգ իրավիճակ, առավել եւս, երբ այդ նույն հիմնարկում օրեր առաջ, ավելի ստույգ մայիսի 24-ին արձանագրվել էր փախուստի դեպք։

Փախուստի հետքերով 

Հնարավոր էր արդյո՞ք խուսափել կալանավորների ընդհարումից, դանակահարություններից եւ ի վերջո մահվան ելքից։ Առանց երկմտելու կարող ենք պնդել, որ, այո՛, հնարավոր էր, եթե «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմը իրականացներ իր անմիջական գործառույթները կամ գոնե հետեւություններ աներ ընդամենը մի քանի օր առաջ նույն հիմնարկում արձանագրված մեկ այլ արտակարգ իրավիճակից՝ փախուստի դեպքից։

Ավելի մանրամասնելով նշենք, որ 2003 թվականի մայիսի 24-ին այդ նույն կալանավայրից փախուստի էր դիմել դատապարտյալ Արսեն Անանյանը՝ առանց առանձնապես մեծ ջանքեր գործադրելու։ Նա ուղղակի ժամը 04-ի սահմաններում, ըմբոշխնելով իր իսկ պատրաստած ինքնաշեն խմիչքը՝ «բրագան», հիշել է ընկերուհուն եւ որոշել գնալ նրան տեսնելու։

Ճաշարանի հարակից տարածքից անցել է փշալարը, մտել արգելագոտի, բարձրացել քողարկիչ, ապա՝ հիմնական արգելապատի վրա եւ մտել հարեւանությամբ գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածք ու շատ հանգիստ դուրս եկել ընդհանրապես ռեժիմային տարածքից՝ շարժվելով դեպի Նուբարաշենի խճուղի։

Նշենք, որ նրա փախուստը հաջող ավարտ չի ունեցել միայն բնակիչների, ավելի ճիշտ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի տերերի զգոնության արդյունքում։ Քանզի փախստական դատապարտյալը որոշել էր տարածքը լքել հենց այդ մեքենայի օգնությամբ, ինչի շարժիչի ձայնը լսելով իրական տերերն անմիջապես ձեռնարկել էին անհրաժեշտ քայլերը՝ բռնելով Ա. Անանյանին եւ զանգելով Էրեբունի տարածքի ոստիկանություն։ 

Ի դեպ, նշենք, որ թե նշված փախուստը եւ թե դանակահարության դեպքերը արձանագրվել են նույն հսկիչների՝ ավագ տեսուչ, ավագ ենթասպա Մ. Ս. Գրիգորյանի, տեսուչ, ավագ ենթասպա՝ Հ. Իսահակյանի, մայոր Ս.Եթումյանի հերթապահության ժամանակ։ Ընդ որում, երկու դեպքում էլ արտոնյալ պայմաններում են գտնվել կալանավորների մոտավորապես նույն խումբը՝ Մ. Գրիգորյանի, Լ. Պեպելյանի, Ս.Գեւորգյանի մասնակցությամբ, որոնք, ըստ քաջատեղյակ աղբյուրների, համեմատաբար ավելի ջերմ հարաբերություններ են ունեցել «հեղինակությունների» հետ եւ գաղութում գտնվել են առավել արտոնյալ պայմաններում, օրինակ՝ անարգել օգտագործել են խմիչք, օրվա ռեժիմը կազմակերպել ըստ իրենց հայեցողության։

Եվ եթե առաջին դեպքում տեղի էր ունեցել «ընդամենը» փախուստի դեպք, ապա երկրորդի պարագայում արդեն դանակահարություն՝ մահվան ելքով, որի կատարողները, ճիշտ է, եղել են Միրզոյան եղբայրները, սակայն սադրողը, դրդողը՝ գաղութում տիրող իրավիճակը, որոշ կալանավորների արտոնյալ վարքագիծը։

Եզրահանգումներ 

Այդուամենայնիվ, հարց է ծագում, ինչո՞ւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը փախուստից հետո չէր հայտարարել արտակարգ իրավիճակ, ինչը ենթադրում է ծառայության ուժեղացում։ Ինչո՞ւ հսկիչները չեն միջամտել կալանավորների վիճաբանությանը, հետամուտ չեն եղել «քուն» հրահանգին, ինչո՞ւ առաջին դանակահարությունից հետո չեն մեկուսացրել Միրզոյան եղբայրներին եւ թույլ են տվել, որպեսզի նրանց կատարմամբ մոտ 20 րոպե հետո տեղի ունենա երկրորդ դանակահարությունը։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ այս հիմնարկը փոքր-ինչ այլ կերպ է ընկալել կալանավայրերի ապառազմականացման գործընթացը՝ մոտավորապես այն նույնացնելով անարխիայի հետ կամ էլ հսկիչներն ու կալանավորները այնքան են սերտաճել միմյանց հետ, որ հսկիչները մոռացել են իրենց իրական առաքելությունն ու գործառույթները, եթե չասենք, որ ուղղակի վախենում են որոշ կալանավորներից՝ ենթարկվելով վերջիններիս խաղի կանոններին։ Կարծում ենք, տվյալ պարագայում գործ ունենք երկու երեւույթների հետ միաժամանակ։ Այլ գնահատական դժվար է տալ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տեսուչների դրսեւորած վարքագծին։

Հետեւություններ չանելու հետեւանքը 

Կարող ենք նաեւ փաստել, որ հսկիչների ոչ կոմպետենտությունը այսօր արդեն ընդունում է նաեւ քրեակատարողական վարչությունը։ Մասնավորապես, ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Աշոտ Սարգսյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դանակահարությունը, փաստորեն, փախուստից հետո չկատարած եզրահանգումների հետեւանքն էր։

Աշխատակիցները, թերացել էին, փախուստից հետո համապատասխան հետեւություններ չէին արել, ուստիեւ կադրերի «ջարդ» արվեց, - նշեց Ա. Սարգսյանը, ընդգծելով, որ ծառայողական քննության արդյունքում մի շարք աշխատակիցներ ուղղակի հեռացվել են զբաղեցրած աշխատանքից, մի քանիս էլ «արժանացել» խիստ նկատողության։ 

Նկատենք սակայն, որ աշխատանքից հեռացվել են միայն ներքին օղակի ներկայացուցիչները. «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի սոցիալական եւ հոգեբանական աշխատանքների բաժնի առաջատար մասնագտ, արդարադատության կապիտան Գագիկ Մալխասյանը, իսկ անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Երջանիկ Մկրտչյանը եւ անվտանգության ապահովման բաժնի պատասխանատու հերթապահ, արդարադատության մայոր Սերգեյ Եթումյանը աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն։

Ինչ վերաբերում է խոշոր տրամաչափի չինովնիկներին, ապա նրանք՝ ի դեմս «Էրեբունի» հիմնարկի պետի Գերասիմ Գեւորգյանի եւ տեղակալ, Գագիկ Հովհաննիսյանի «արժանացան» ընդամենը խիստ նկատողության։ 

Որպես վերջաբան արձանագրենք միայն, որ այդ միջադեպից համապատասխան հետեւություններ քրեակատարողական վարչությունը եւ հատկապես մյուս քրեակատարողական հիմնարկները չեն արել առ այսօր եւ վերահսկողությունը կալանավայրերում շարունակում է մնալ անբավարար, ինչի ապացույցը ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին «Սեւան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված դեպքն է, երբ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Քեջեջյանը հաշվառման ժամանակ ինքնաշեն դանակով փորձել է սպանել հիմնարկի աշխատակցին, որի առնչությամբ ծառայողական քննությունը դեռ չավարտված նույն քրեակատարողական հիմնարկում արձանագրվեց 3 դատապարտյալների փախուստի փորձը։ Կրկնվեց գրեթե նույն սցենարը....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter