HY RU EN

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը ուսումնասիրում է Միսաք Մանուշյանի անվան դպրոցի մասին «Հետք»-ի հրապարակումը

Գլխավոր դատախազությունը «Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակումը ուղարկել է ոստիկանություն՝ ուսումնասիրելու համար:

Ինչպես հայտնեցին գլխավոր դատախազությունից, հունվարի 23-ին հրապարակումն ուղարկվել է Արաբկիր_Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, վերջինս էլ այն ուսումնասիրելու համար փոխանցել է ոստիկանություն Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ինչպես հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից, հրապարակման նյութերը ստացել են դատախազությունից և այս պահին կատարվում է հետաքննություն:

Հիշեցնեք, որ հունվարի 22-ին գրել էինք, որ Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, հունվարի 15-ին բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել  է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չէր ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել են դա: Բացի այս դեպքը, աշակերտներից Հայկ Վարդանյանի մայրը՝ Սոնա Հովհաննիսյանը, հայտնել էր, որ ուսուցիչը պարբերաբար հարվածել է տղային:

Ծնողներից Տաթևիկ Ամիրյանը պնդում էր, որ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի քույրը դասղեկ է մի դասարանի, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված, բացի այդ, իրենցից հաճախ նաև պատճենահանման գումարներ են պահանջում՝ թեմատիկ աշխատանքները պատրաստելու համար: