
Ովքեր են Ծաղկաձորում ոչնչացնում անտառը
Ինչպես արդեն գրել ենք, օգոստոսի 28-ին լրատվամիջոցները բողոքի ակցիա կազմակերպեցին Ծաղկաձորում, որտեղ 4 օր առաջ բռնության էին ենթարկվել իրենց գործընկերները: (Տես` Պատգամավորների հովանավորությամբ ծեծում են լրագրողներին)
Lուսանկարում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի տան պարիսպներն են: Հիշեցնենք, որ նրա թիկնապահ Գագիկ Ստեփանյանն էր հարձակվել լրագրողների վրա: Նա այժմ կալանավորված է:
Բնական է, որ տասնյակ թիկնապահներով շրջող պատգամավորը նման պարիսպներ պետք է կառուցի, իսկ թե ումից է նա վախենում, միայն իրեն է հայտնի:
Այս դղյակը պատկանում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանին:
Անտառի միջով անցնող ճանապարհը լայնացվել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա բուրան քշել: «Կարող է մի 20 հատ էլ ծառ այնտեղ է կտրվել»,- ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը:
Երբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծաղկաձորի քաղաքապետին կտրված ծառերի փաստեր ներկայացվեցին, նա երկու անգամ հետեւյալ արտահայտությունն արեց. «Էդ հատվածում կարող է ընդամենը մի 10-15 ծառ է կտրվել»։
Ծաղկաձորցիներն արդեն չեն կարողանում անտառ մտնել: Անտառը զավթողները հենց այս առանձնատների տերերն են, այսինքն` պատգամավորները, պաշտոնյաները, օլիգարխները:
Ծաղկաձորցիները եւ հարակից բնակավայրերի բնակիչները չեն կարողանում անգամ հատապտուղ հավաքել մոտակա անտառներից:
Օգոստոսին 7-ին հաղարջ հավաքելիս հրազենի կրակոցից վիրավորվել էր Հրազդանի բնակիչ Սամվել Բաղդասարյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթը, գրելով այս միջադեպի մասին, նշել է մի վարկած, ըստ որի կրակողը եղել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի թիկնապահը: Այս փաստի առթիվ Հրազդանի դատախազությունում հարուցված է քրեական գործ, սակայն կասկածյալներ կամ կալանավորվածներ առայժմ չկան:
Մեկնաբանել