HY RU EN

Սեդա Ղուկասյան

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ հասարակական տրանսպորտի վճարման ձևերի և նոր ցանցի մասին

Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չի հստակեցնում, թե միասնական երթուղային տրանսպորտի ներդրումն ինչպես է ազդելու սակագնի ձևավորման վրա։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝

-Արդյոք Երևանի միասնական երթուղում հնարավո՞ր է ներդրվի այնպիսի համակարգ, որ ուղևորը վճարի ոչ թե ֆիքսված գումար, այլ իր անցած ճանապարհին համապատասխան, և կա՞, արդյոք, նախնական հաշվարկ, թե տոմսի արժեքն ինչ սահմանում կարող  է տատանվել։

-Միասնական երթուղու սակագինը որոշելիս հաշվի առնվո՞ւմ  է այն հանգամանքը, որ դիզելային վառելիքի սակագինը բարձրացել է: Այն կարո՞ղ է ազդել սակագնի ձևավորման վրա։

-Նոր երթուղային ցանցը հաշմանդամության խնդիր ունեցող անձանց հարմարեցվա՞ծ է լինելու: Եթե ոչ, կա՞ն, արդյոք, նախնական հաշվարկներ, թե քանի՞ տոկոսը հարմարեցված կլինի։

Հասարակական տրանսպորտի մասնագիտական խմբի վերջին հանդիպման ժամանակ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն իր խոսքում նշել էր, որ տրանսպորտի ձևավորման յուրաքանչյուր չափորոշիչ իր գինն ունի, ուստի ձգտելու են «անել հնարավորը, որպեսզի չափորոշիչները չազդեն սակագնի բարձրացման վրա»։ Նիկոյանն այդպես էր պատասխանել «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանի հարցին, որը հետաքրքրվել էր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժի ապահովմամբ:

Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշված գործընթացը բաղկացած է փուլերից, և ներկա պահին հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբին է ներկայացվել  խորհրդատու WYG ընկերության մշակած հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը համարվում է գործընթացի առաջին և կարևորագույն փուլը։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։ Այնուհետև, ապահովելով գործընթացի հրապարակայությունն ու թափանցիկությունը, հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը դրվելու է հանրային քննարկման, և իրականացվելու են հանրային լսումներ։

Այսինքն, այս պահին որպես բարեփոխումների կարևորագույն մեկնակետ մասնագետների, նաև հանրության ուշադրության կենտրոնում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որի ամբողջականացման և վերջնական հաստատման պարագայում է միայն հնարավոր անցնել հաջորդ փուլերին, որոնք վերաբերելու են նոր ինտեգրված հանրային տրանսպորտի ցանցում միջազգային չափորոշիչներին համապատասխանող տրանսպորտային միջոցների ներդրման խնդիրներին, ծախսերի հաշվարկմանը, տարբերակված սակագների կիրառմանը, միասնական տոմսային համակարգի ձևավորմանը, անկանխիկ վճարումների ձևերին, էլեկտրոնային տոմսերի վաճառքի անցման հնարավորություններին, տոմսերի առք ու վաճառքի (անհատականացված կամ ոչ անհատականացված հպումային, անհպումային կամ չիպային սմարթ քարտեր) և ուղեվարձի ավտոմատ գանձման համակարգին (AFC) և, ընդհանրապես, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային համակարգի արդյունավետ էլեկտրոնային կառավարման ու վերահսկման մեխանիզմներին»:

Հունվարի 18-ին կայացած հասարակական տրանսպորտի մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ հստակեցվել է, որ գործող երթուղային 115 գծերի փոխարեն գործելու է 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։ Նոր ցանցը բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

Ավելի վաղ արված մեր գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ 2018 թվականի ավարտին ակնկալվում է մայրաքաղաքում ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ։ Հասարակական տրանսպորտի բարեփոխման մասին նշվում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ դեռեւս 2013 թվականի նախընտրական ծրագրում։